İçeriğe geçmek için "Enter"a basın

Սուրբ Պատարագ Կրետեի Սուրբ Հովհաննու Կարապետ 350-ամյա եկեղեցում

Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երկրորդ օրը` մայիսի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Հերակլիոնի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում:

Հայ համայնքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորել են եկեղեցու առջև ավանդական աղ ու հացով և «Հրաշափառի» երգեցողությամբ: Եկեղեցում կատարվել է աղոթք, որի ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունն է բաշխել ներկա հավատավոր ժողովրդին:

Հաջորդած պատրաստությունից հետո եկեղեցականաց թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդել է դեպի տաճար: Վեհափառ Հայրապետը, ժողովրդին օրհնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով, այն զետեղել է սրբի անունը կրող խորանին` հավատացելոց օրհնության և երկրպագության համար:

Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորել են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Սուրբ Պատարագին ներկա են եղել Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը, Կրետեի Արքեպիսկոպոս Իրենեոսի, Կրետեի նահանգապետարանի և Հերակլիոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, այլ եկեղեցիների սպասավորներ, Կրետեի հայ համայնքի և եկեղեցական վարչության անդամներ, բազում ուխտավորներ Աթենքից, Պոլսից և Մոսկվայից:

Սուրբ Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամն է բերել ներկա բարեպաշտ ժողովրդին:

«Փառք ենք վերառաքում Բարձրյալին մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներիդ հանդիպելու և ձեզ հետ միասին Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցու 350-ամյակը տոնախմբելու շնորհի համար: Գոհունակության զգացումով է համակված Հայրապետիս հոգին, որ հովվապետական անդրանիկ այցով գտնվում ենք Միջերկրական ծովի այս գեղատեսիլ կղզում, որտեղ հայորդիք դարեր շարունակ սերնդեսերունդ համախմբված են Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող այս նվիրական եկեղեցու հովանու ներքո: Եկեղեցու հոբելյանը մեծ իրադարձություն է ամենքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները և համայն հայության նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը», – ասել է Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունը հորդորել է Կրետեի հայ համայնքին հարուցյալ Տիրոջով զորացյալ` ամուր հավատքով և անխոնջ նվիրումով շարունակել իրենց աստվածահաճո ընթացքը, նախանձախնդիր մնալ մեր սրբազան արժեքներին և ազգային ու եկեղեցական կյանքի հանդեպ նույն նվիրումով շենացնել համայնքային իրենց կյանքը: Վեհափառը պատգամել է եկեղեցու հաստատման 350-ամյակի հոբելյանը նոր հանգրվան նկատել` նորոգելու առ Աստված հավատարմության իրենց ուխտը և եկեղեցաշեն ու ազգօգուտ իրագործումներով բարեզարդելու ազգային-եկեղեցական մեր անդաստանը:

Ուրախալի այս առիթով Հայրապետն իր գնահատանքն է բերել Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ում հոգատարության ներքո է գտնվում Կրետեի հովվությունը, ինչպես նաև այցի կազմակերպման գործում իրենց ջանքերը ներդրած Եզնիկ արքեպիսկոպոսին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանին, եկեղեցու վարչության ատենապետ Անտոնիս Բենարդին և անդամներին:

Նորին Սրբությունը իր շնորհավորանքներն է ուղղել Կրետեում բնակվող հայորդիներին այս նշանակալի հոբելյանի առիթով` մաղթելով սեր և երջանկություն ընտանեկան իրենց հարկերից ներս, ուժ և կորով, որպեսզի նվիրումով ու ջերմեռանդությամբ կարևոր մասնակցություն բերեն ինչպես համայնքային կյանքի զորացմանը, այնպես էլ Կրետե կղզու բարգավաճմանը` շարունակելով վայելել տեղական իշխանությունների և ժողովրդի սերն ու հարգանքը:

Գարեգին Բ. Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել նաև Հունաստանի իշխանություններին` ի դեմս արարողությանը ներկա Հունաստանի փոխարտգործնախարար Մարկոս Բոլարիսի, Կրետեի արքեպիսկոպոսարանի, նահանգապետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներինն` ջերմ ընդունելության, մեր ժողովրդի զավակների հանդեպ բարյացակամության ու զորակցության և հոբելյանական միջոցառումներին բերած աջակցության համար:

Սուրբ Պատարագի ողջ ընթացքում բարեպաշտ հայորդիները հնարավորություն են ստացել համբուրելու Սուրբ Հովհաննու Կարապետի մասունքակիր խաչը և սրբի բարեխոսության հայցով արժանանալու սուրբ մասունքներից ճառագող օրհնությանը:

Սրբազան արարողության ավարտին հաջորդել է խաչքարի օրհնության կարգը, որ պանծալի հոբելյանի առիթով եկեղեցուն է ընծայվել Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծել է խաչքարը, որից հետո վերստին իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց Կրետեի հայ համայնքին և ներկա բազում ուխտավորներին:

Նույն օրը «Աքվիլա Ատլանտիս» հյուրանոցում համայնքի կողմից կազմակերպվել էր պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի, որի ավարտին Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու պատգամն է բերեց ներկաներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպումներ է ունեցել Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսի և տոնախմբությունների առիթով Կրետե ժամանած ուխտավորների խմբերի հետ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով Կրետե (Հունաստան) էր մեկնել մայիսի 4-ին` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները:

https://armradio.am/hy/12369

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın