İçeriğe geçmek için "Enter"a basın

Գարեգին Բ կաթողիկոսը Կրետեում է՝ հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցու 350-ամյակի միջոցառումները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 4-ին հովվապետական այցով ժամանել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս առիթով հավատացելոց օրհնության եւ երկրպագության համար Կրետե բերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող` Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը:

Ինչպես տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից,  Վեհափառ Հայրապետին Հերակլիոնի օդանավակայանում դիմավորեցին Կրետեի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային կառույցների պատասխանատուներ, ինչպես նաեւ այս առիթով Կրետե ժամանած հայ եկեղեցականներ:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնավորապես ողջունելու էին եկել Հույն Ուղղափառ Եկեղեցու Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսը, Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը, Կրետեի նահանգապետ Ստավրոս Առնաուտակիսը: Նորին Սրբությանն օդանավի մոտ դիմավորեցին նաեւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչողլյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը, Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ուչքունյանը, Հունահայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Մերուժան Հարթենյանը, Կրետեի հովվության ծխական խորհրդի ատենապետ Անտոնիս Բենարդին եւ գանձապահ Սանտի Ավետիսյանը:

Բարիգալստյան խոսքերից եւ Հայոց Հովվապետի ու Իրենեոս Արքեպիսկոպոսի եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակությունը մեկնեց Հերակլիոն:

Նույն օրը երեկոյան Հերակլիոնի «Աստորիա» թատրոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված համերգին, որին Կրետեի հայ համայնքի ուրախությանը բաժնեկից էին նաեւ բազում հույներ, տոնախմբության առիթով Աթենքից, Պոլսից եւ Մոսկվայից ժամանած ուխտավորներ:

Հանդիսությունը բացվեց Կրետեի հովվության ծխական խորհրդի ատենապետ Անտոնիս Բենարդիի խոսքով: Այնուհետեւ պաշտոնական խոսքով հանդես եկան Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսը եւ Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը` պատմական նկատելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Կրետե: ԱԳ փոխնախարարը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Հունաստանի վարչապետի եւ Արտաքին գործերի նախարարի ողջույնները, ինչպես նաեւ Աթենք այցելելու` Հունաստանի վարչապետի պաշտոնական հրավերը: Իր խոսքում նա անդրադարձ կատարեց նաեւ հայ ժողովրդի համար ապրիլ 24-ի խորհրդին:

Հայոց Հայրապետի այցի առիթով ուրախություն արտահայտեցին նաեւ Կրետեի նահանգապետարանի եւ Հերակլիոնի քաղաքապետարանի ներկայացուցիչները` իրենց զորակցությունը հայտնելով Կրետեի հայությանն իր բոլոր համայնքային նախաձեռնություններում:

Երեկույթի մշակութային հայտագրին իրենց մասնակցությունը բերեցին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի Մոսկվայի հայորդյաց տան «Հայասա» պարախումբը եւ Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցու երգչախումբը, ինչպես նաեւ Կրետեի պարային համույթներ:

Համերգն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

Ողջունելով հանդիսության մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց Սուրբ Հովհաննու Կարապետի եկեղեցու 350-ամյակի առիթով Կրետե կատարելիք առաջին հովվապետական այցի առնչությամբ` նշելով, որ հայրենիքից եւ աշխարհի տարբեր երկրներից հայորդիներ եկել են հավելելու Կրետեի հայության ուրախությունը այս պատմական իրադարձության կապակցությամբ:

Վեհափառ Հայրապետը գնահատանքով արձանագրեց, որ Կրետեի հայ համայնքը, հակառակ փոքրաթիվ լինելուն, շարունակում է արթուն եւ աշխույժ պահել իր հավատքը` հավատարմությունը պահպանելով իրենց հայրերի սրբազան ավանդների ու ժառանգության նկատմամբ:

Գոհունակությամբ անդրադառնալով Կրետեի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների կողմից ցուցաբերված ջերմ հյուրաընկալությանը` Նորին Սրբությունը ընդգծեց, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ավելին` երկու հավատակից ժողովուրդները դարեր շարունակ կողք կողքի են ապրել, արարել ու հաղթահարել պատմության ընթացքում իրենց բաժին ընկած փորձություններն ու տառապանքները, վերապրել նաեւ ցեղասպանությունը` հանուն հավատքի հեղելով իրենց արյունը, նահատակվելով հանուն Քրիստոսի: Հայոց Հովվապետի խոսքով, հեղված այդ արյունը առավել եւս զորացրել է մեր ժողովուրդների բարեկամությունը: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ երկու ազգերի եւ պետությունների միջեւ այդ բարեկամությունը այսօր էլ շարունակում է զորանալ եւ բարի արդյունք պարգեւել` մաղթելով, որ այս նվիրական հողի վրա հայ ժողովրդի զավակները շարունակեն իրենց օրհնյալ կյանքը եւ մշտապես զորեղացնեն ժողովուրդների եղբայրությունն ու բարեկամությունը:

Տոնական օրեր եւ գեղեցիկ հոգեւոր ապրումներ պարգեւելու համար Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց այցի կազմակերպիչ Եզնիկ արքեպիսկոպոսին, Խորեն վարդապետին եւ եկեղեցական վարչության անդամներին:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց Հունաստանի կառավարությանը եւ Կրետեի նահանգային ու քաղաքային իշխանություններին հայ համայնքի նկատմամբ իրենց ազնիվ հոգատարության, ինչպես նաեւ հոբելյանական այս տոնախմբությանը բերած նշանակալի նպաստի համար:

Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքը բարձրացրեց Կրետեի եւ նրա հավատավոր ժողովրդի համար` հայցելով Երկնավորի Սուրբ Աջի հովանին նրա խաղաղ, բարօր ու առաջընթաց կյանքի համար: Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստված պայծառ ու արգասավոր պահի երկու ժողովուրդների հավատքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

https://armtimes.com/hy/article/160670

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın