Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Մոտ 133 հազար դոլար՝ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությանը՝ Շախմատի ֆեդերացիային փոխանցելու նպատակով:
Գումարը պետական բյուջեից է հատկացվելու 2019 թվականի Շախմատի Աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման ու մասնակցության համար:
«Սա առաջին անգամ է, որ մարզիկի համար նման մեծ գումար է հատացվու»,-հայտարարել է սպորտի ու երիտասարդության նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը:
Վարչապետն էլ արձագանքել է, որ Լևոն Արոնյանը աննախադեպ վաստակ ունի Հայաստանի համար:
«Մեր հիմնական խնդիրն է, որ ՀՀ քաղաքացին հավատա իր ուժերին: Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով երիտասարդությունը պետք է դաստիարակվի»,-իր հերթին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը, ի դեպ, հետաքրքրվել է, թե ինչու մինչեւ այժմ չի վերանորոգվել Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը:
«Այդ հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից: Երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ զրուցել ենք այդ թեմայի շուրջ ու այսօր կամ վաղը պետք է հանդիպենք և գումարային հարցերի առումով բանակցությունները առաջ տանենք: Սա իրականում առաջնահերթ հարց է մեզ համար»,- ասաց Ղազարյանը:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց արագ կատարել հաշվարկներն ու սկսել շինարարությունը:
«Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու։ Ինձ ասացին, որ դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500 միլիոն դրամ, եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը: Այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առջև»,- ասաց Փաշինյանը:
İlk yorum yapan siz olun