İçeriğe geçmek için "Enter"a basın

«Փոխանցի՛ր հիշողությունդ»

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Տարեցտարի մեզ լքում են մարդիկ, ովքեր ցեղասպանություն են վերապրել: Տարիներ անց նրանք չեն լինի, բայց կլինի նրանից յուրաքանչյուրի պատմությունը: «Փոխանցի՛ր հիշողությունդ». սա ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այն նախաձեռնությունն է, որ մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս փոխանցել մեր ընտանիքի պատմությունը:

Բոլոր նրանցից, ովքեր արդեն փոխանցել են իրենց հիշողությունը կամ անգամ բոլոր նրանցից, ովքեր պատրաստվում են փոխանցել, երևի թե, ամենահայտնի հայը Շառլ Ազնավուրն է ու կլինի:

2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մաեստրոն փոխանցեց իր պատմությունը՝ ի գիտություն աշխարհի՝ հիշողությունը չես ջնջի:

Ազնավուրը պատմում է՝ հայրը Թուրքիայից չի եղել, ու հենց դա է պատճառը, որ չի կարող ասել, թե նա ցեղասպանություն է տեսել: Ցեղասպանության ականատեսները եղել են Ազնավուրի մոր հայրը, մայրը, քույրն ու երկու եղբայները՝ Բաղդասարյանները:

Ստամբուլից մինչև Ֆրանսիա Ազնավուրի հոր ու մոր ճանապարհը դժվարություններով ու հալածանքներով է անցել: Ցեղասպանություն նրանք չեն ապրել, Ազնավուրը կրկնում է մի քանի անգամ, ցեղասպանություն նրանք ապրել են իրենց սրտերում.

«Եթե ծնողներս լինեին Թուրքիայի նույն վայրից, միգուցե ընտանիքում ավելի շատ լացուկոծ կլիներ, բայց ես ունեի մի չափազանց տխուր մայր եւ չափազանց լավատես հայր: Մայրս միշտ արտասվում էր, երբ հիշում էր իր ծնողներին, նա արտասվում էր, իսկ հայրս՝ ծիծաղում»:

Ես շատ կուզեի իմանալ, արդյո՞ք մորս կողմից կա մեկը, որ ողջ է մնացել, բայց քանի որ ինձ ճանաչում են որպես Ազնավուր՝ Ազնավուրյան, Բաղդասարյանները չգիտեն, որ ես նաև Բաղդասարյան եմ»:

Ազնավուրի նման շատերը սկսեցին պատմել իրենց հիշողությունները, որ սերունդներն իմանան ու չմոռանան: Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին՝ սա «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնության կարգախոսն է:

Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին թանգարան-ինստիտուտը տրամադրվում է հարթակ՝ կիսվելու սեփական ընտանիքի՝ ցեղասպանությանը վերաբերող պատմություններով:

Պատմողի տվյալները, վերապրածի տվյալները, ժամանակաշրջանը, բնակավայրն ու լուսանկարները, եթե կան. սա այն ամենն է, ինչ կարող է ցանկացածը փոխանցել թե՛ բանավոր, թե՛ գրավոր, ասում է նախաձեռնության համակարգող, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժնի ղեկավար Արևիկ Ավետիսյանը, յուրաքանչյուրիս պատմությունը կարևոր է: Այդ միկրոպատմությունները գալիս են հավաքելու ընդհանուր պատկերը:

«Կա կարիք նորոգելու հիշողությունը, վերապրածների առաջին սերնդի շարքերն այսօր շատ են նոսրացել, դա փաստ է: Այսպիսի նախաձեռնությունները խթանում են, որ նոր սերունդը փորփրի, գտնի իր արմատները, հասկանա՝ որտեղից է գալիս եւ ուր է գնում»:

Հետ գնալով նույն 2015 թվական՝ իր հիշողությունը փոխանցելուց հետո, Ազնավուրը մեզ բոլորիս հավաստիացրեց՝ թող չկարծեն, թե նոր սերունդը պետք է լռի, եթե նախնիները մահացած են, որովհետև մեր ձայնն այսօր ավելի ուժեղ է, քան երեկ:

«Ցանկացած հիվանդության դեպքում գալիս է ապաքինվելու պահը»,-մեզ բոլորիս վստահեցրեց Ազնավուրը՝ իր երկարամյա ու հարուստ փորձով՝ մենք կապաքինվենք:

https://armradio.am/hy/11529

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın