İçeriğe geçmek için "Enter"a basın

Նոր լարվածություն ու խմորումներ՝ Պոլսո հայ պատրիարքի աթոռի շուրջ

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Պոլսո հայ պատրիարքի ընտրության օրը դեռ հստակ չէ, սակայն, ըստ կարգի, այն պետք է նշանակվի Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի մահվան քառասունքից հետո: Քառասունքի հոգեհանգստյան պաշտոնն արդեն մատուցվել է։ Առաջիկայում պետք է նշանակվի ընտրության օրը, սակայն ընտրության անցկացման ու կազմակերպման հարցում լուրջ տարաձայնություններ են առաջացել պատրիարքի 3 հիմնական թեկնածուներից 2-ի՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի միջեւ: 

Թուրքահայ համայնքում Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվանից հետո զգայական ցնցումը մասամբ հաղթահարվել է՝  Պոլսում տպագրվող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանն է «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում: Անցյալ չորեքշաբթի արդեն հոգեհանգստյան պաշտոն է մատուցվել նրա քառասունքի առիթով: Զատկից հետո՝ արդեն մյուս կիրակի, նաեւ մասնավոր հոգեհանգստյան պաշտոն կկատարվի, ու կսկսվի նոր պատրիարքի ընտրության գործը: 

« Ամենայն հավանականությամբ ապրիլի 29-ին կգումարվի կրոնական ժողով, եթե վերջին պահին անակնկալ փոփոխություններ չլինեն: Կգծվի ժամանակային քարտեզ, ու ժողովի արդյունքում մենք կունենանք առկա բազում հարցադրումների պատասխաններ, որովհետեւ կրոնական ժողովն է պատրիարքական աթոռի միակ օրինական մարմինը, որը պետք է գործընթացն առաջ տանի ու մնացած աշխատանքներն իրականացնի»: 

Այս ընթացքում, սակայն, արդեն ի հայտ են եկել որոշ տարակարծություններ նոր պատրիարքի ընտրության կազմակերպման շուրջ: Պատրիարքի երեք թեկնածուներից երկուսը, ի դեպ, ամենահավանական թեկնածուները՝ Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը տարբեր մոտեցումներ ու տարաձայնություններ ունեն ընտրությունների մեկնարկի, կազմակերպման ու անցկացման  մասով: Արա Գոչունյան: 

« Էստեղ հանրապետական շրջանում մենք ունեցել ենք պատրիարքական ընտրություններ կազմակերպելու զանազան ձեւեր: Մի մոտեցման համաձայն՝ պետք է տեղապահ ընտրվի, մեկ այլ մոտեցման համաձայն՝ ընտրության կարելի է գնալ փոխանորդով: Այս բոլորի օրինակներն էլ եղել են, որոնք չենք կարող ասել հակաիրավական կամ հակականոնադրական են: Դրանք բոլորն էլ իրենց հիմնավորումն ու տրամաբանությունն ունեն»:

Վիճահարույց հարցերի պատասխաններն ակնկալվում է ստանալ առաջիկա կրոնական ժողովի ընթացքում, ինչպես արդեն նշվեց՝ հավանաբար ապրիլի 29-ին: Իսկ Պոլսո պատրիարքի թեկնածուներն այժմ երեքն են՝ Չուլջյան, Աթեշյան եւ Մաշալյան սրբազանները: Բեկչյան սրբազանը հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ թեկնածուներից մեկի, սակայն թե որի՝ չի պարզաբանել: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն ամենահավանական թեկնածու է համարում Աթեշյանին, թեեւ իր ամենամեծ հույսերը նրա հետ չէ, որ կապված են:

«Շատ էլ հավանական է, որ Աթեշյանն ընտրվի: Չկարծեք, թե նա կողմնակիցներ չունի: Եթե կողմնակիցներ չունենար, այս դիրքին չէր հասնի, չէր կարողանա անել այն, ինչ այս ընթացքում արեց: Ամենաթույլ թեկնածուն, իմ կարծիքով, Չուլջյանն է: Նախ՝ համայնքի կողմից նա չի ճանաչվում, քանի որ դրսից է: Բացի այդ՝ պետությունն էլ դեմ կլինի, որովհետեւ դրսից եկած մարդիկ ավելի անկառավարելի են լինում կամ անցյալում ավելի կոշտ դիրքորոշում են ունենում»: 

Աթեշյանն այսքան տարի միայն իր դիրքն ապահովելու համար պետության ասելիքի հետ շատ հարցերում համաձայնվեց, ու այդպիսով տեղի հայ համայնքը շատ բան կորցրեց, պառակտվեց, ներքին խմորումներ եղան, որոնք անգամ հայհոյանքների ու վեճերի բերեցին. թուրքագետ Լոքմագյոզյանի դիտարկումն է: Աթեշյանի ընտրվելով այս վիճակը նույնն է մնալու՝ կանխատեսում է նա: 

«Կունենանք բացասական դիրք»,- ասում է: Եթե ընտրվի մեկ այլ թեկնածու, որը, նրա ձեւակերպմամբ, «պետության գրպանում չէ», կունենանք ավելի դրական միտումներ: Բայց միեւնույն է՝ պատրիարքն ով էլ լինի, շատ հարցերում պետք է հաշվի նստի այդ երկրի պետական մոտեցումների հետ: Հայ համայնքին էլ պատրիարքի կողմից շատ սուր մոտեցումները ձեռնտու չեն՝ ասում է, ապա ընդգծում ընտրությունից հիմնական ակնկալիքը: 

« Առաջին հերթին մենք վերջապես կունենանք պաշտոնական պատրիարք, ոչ թե ինչ-որ մեկը, որն իր փոխարեն ինչ-որ բաներ անի: Միշտ էլ փոխարինողը մեկ աստիճանով ցածր է: Սրա պատճառով մենք վերջին տարիներին շատ դժվարություններ ունեցանք: Դա նաեւ առաջ բերեց պառակտում թուրքահայ համայնքում»: 

Բոլոր այս հարցերով հանդերձ՝ այս ընթացքում Պոլսո հայ համայնքում եկեղեցական արարողություններն ու տոները նշվել ու նշվում են ըստ պատշաճի, դրանց թվում նաեւ՝ Սուրբ Զատկի տոնակատարությունները: Իսկ հայ համայնքում հույս ունեն, որ տեղում գործող երկու սրբազանները համախոհ կգտնվեն վիճահարույց հարցերում, ու վերջիններիս պատճառով հայերի հոգեւոր կյանքը չի տուժի ու չի վտանգվի պատրիարքական ընտրությունների նորմալ ընթացքը՝ անցանկալի հապաղումներ առաջ բերելով:

https://armradio.am/hy/11250

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın