İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր ամբողջ աշխարհի եզդիները նշում են Նոր տարին. հարցազրույց ՀՀ վաստակավոր լրագրող Հասան Թամոյանի հետ (ԲԱՑԱՌԻԿ)

Հայաստանի եզդիական համայնքը՝ ամենամեծ ազգային փոքրամասնությունը, Ամանորը՝ Մալաքե Թաուսը, նշում է ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը:

Տոնի հետ կապված «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է եզդիական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր լրագրող, Հայաստանի Հանրային ռադիոյի հաղորդումների ավագ խմբագիր Հասան Թամոյանի հետ:

-Պարո´ն Թամոյան, կպատմե՞ք Մալաքե Թաուսի մասին: Ինչու՞ հենց այդ օրը: Ի՞նչ խորհուրդ է պարունակում տոնը:

– Ամեն տարի ապրիլի 13-ին հաջորդող չորեքշաբթի օրը մեր Ամանորն է՝ այն օրը, երբ Աստված ավարտեց աշխարհի արարումը: Այս տոնը շարժական է:

Ընդհանրապես, այս ամսին՝ ապրիլին, եզդիները չպետք է ամուսնանան, քանի որ համարվում է, որ ապրիլը 12 ամիսների մեջ «հարսն» է:

Եզդիները հավատում են, որ մի քանի հազար տարի առաջ այս օրը Մալաքե Թաուսը, որը մեր լեզվով հնչում է «Մալակե Տաուս», իջել է երկիր ու Աստծո պատգամները տվել եզդիներին, այդ իսկ պատճառով չորեքշաբթին մեզ մոտ սուրբ է: Չորեքշաբթի օրերն ընդհանրապես, ու հատկապես այս չորեքշաբթի մենք չպետք է աշխատենք, ինչպես մահմեդականները՝ ուրբաթ օրը, հրեաները՝ շաբաթ, քրիստոնյաները՝ կիրակի օրը: Այս օրը մենք պետք է տրվենք հոգևոր կյանքին:

Մալաքե Թաուսին նախորդող երեքշաբթի օրը տանտիրուհին 1 հատ մեծ գաթա է թխում, որը կոչվում է կլոճ, և ևս 7 հատ փոքր գաթա, ինչը համապատասխանում է 7 հրեշտակներին կամ շաբաթվա 7 օրերին: Կլոճի մեջ դրվում է մի սև ուլունք, ում բաժին հասնի, նրան էլ կժպտա հաջողությունը: Կլոճը դնում ենք տան սրբատեղիում (մեր լեզվով կոչվում է ստեռ) և թողնում մինչև առավոտ: Առավոտյան տան ավագը կտրում է այն մի քանի սրբի անունով և բաժանում ընտանիքի այն անդամներին, ովքեր, ըստ մեզ,արդեն հասկանում են չարն ու բարին (մենք կարծում ենք որ 13-14 տարեկան մարդն արդեն տարբերում է չարն ու բարին), իսկ ավելի փոքրերի համար մնացած 7 գաթաներից է բաժին հատկացվում, որպեսզի ճաշակեն: Այնուհետև մենք այցելում ենք գերեզմանոցներ և առաջինը ննջեցյալներին ենք շնորհավորում՝ հավատալով, որ հոգին հավերժ է, այնուհետև շնորհավորում ենք ողջերի տոնը:

Չորեքշաբթի օրն առավոտյան աղջիկները պետք է գնան դաշտ, ծաղիկներ բերեն, զարդարեն դռներն ու պատուհանները ծաղիկներով, ինչը նաև խորհրդանշում է գարնան գալուստը:

Այդ օրը միմյանց հետ գժտված, նեղացած մարդիկ պետք է անպայման հաշտվեն: Այդ օրը նաև այցելում ենք այն մարդկանց, ովքեր վերջին ժամանակներում հարազատ են կորցրել:

Տոնին բացի գերեզմանոց ու հյուր գնալուց, նաև հավաքվում ենք մեր ընտանիքներում, շնորհավորում միմյանց: Այսպես ենք մենք նշում Մալաքե Թաուսը, որը մեզ միավորում է, մեզ ավելի շատ է կապում մեր հոգևոր արժեքներին:

Այսօր ամբողջ աշխարհի եզդիները նշում են Նոր տարին: Ուրախալի է, որ հայաստանաբնակ եզդիները ևս արդեն նշում են այս տոնը: Ի դեպ ասեմ, որ տարիներ առաջ հայաստանաբնակ եզդիները այս տոնը չէին նշում: 15-20 տարի առաջ Զովունի գյուղում գերեզմանոցում մեր միության նախագահ Ազիզ Թամոյանի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ սկսվեց նշվել ու մինչ այժմ շարունակվում է նշվել:

-Ի՞նչ կմաղթեք ձեր համայնքին:

-Ես,  առաջին հերթին որպես հոգևորական, ցանկանում են, որ Մալակե Տաուսի օրհնությունը լինի մեր ամբողջ համայնքի վրա: Մեր ազգային սովորության համաձայն մենք ասում ենք «թող Մալակե Տաուսը օրհնի աշխարհի 72 ազգերին (մենք՝ եզդիներս, կարծում ենք, որ աշխարհն առաջացել է 72 ազգերից, իսկ մենք 73-րդն ենք), մեռյալներին, կարոտյալներին, ճանապարհորդներին, բանտարկյալներին, հիվանդներին և ամենավերջում՝ մեզ»: Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն, նորանոր ձեռքբերումներ, ամուր հավատք մեր հավատացյալ ժողովրդին:  

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին և Երևանի քաղաքապետին, ինչպես նաև ԱԺ-ում մեր համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին Մալաքե Թաուսը շնորհավորելու կապակցությամբ: Տա Աստված, որ մենք իսկապես հավատարիմ մնանք մեր նախնիների անխախտ պատգամներին:

Զրուցեց Ռոզի Միքայելյանը

https://armedia.am/arm/news/70288/aysor-amboxj-ashkharhi-ezdinery-nshum-en-nor-tarin-harcazruyc-hh-vastakavor-lragrox-hasan-tamoyani-het-bacarik.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: