İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀՀ դեսպանը հանդիպել է Իրաքի մուսուլմանական հոգեւոր առաջնորդների հետ. քննարկել են նաեւ Ցեղասպանության հարցը

Ապրիլի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դեսպանությունում ընդունեց Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրիին (Shaykh Yousif Al-Nasri), Իրաքի կառավարությանը կից Համակեցության եւ համայնքային խաղաղության մշտական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաեւ՝ նրանց ուղեկցող հոգեւորականների պատվիրակությանը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում մուսուլմանական հոգեւոր առաջնորդները ներկայացրեցին Իրաքում ազգային եւ կրոնական միջհամայնքային փոքրամասնությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով իրաքահայ համայնքի եւ Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերն այս գործում՝ հատկապես պատերազմական եւ դրան հաջորդած ժամանակահատվածում։

Հոգեւոր առաջնորդների հետ հանդիպմանը քննարկվեցին նաեւ Հայոց ցեղասպանության հետ առնչվող հարցեր։ Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրին, խստորեն դատապարտելով Օսմանյան կայսրությունում իրականացված անմարդկային ոճրագործությունը, ընդգծեց, որ թուրքական ներկա իշխանությունները, հանուն իրենց սերունդների, պետք է հայցեն հայ-ժողովրդի ներողամտությունը կատարվածի համար։

Հանդիպման վերջում հոգեւոր առաջնորդները փոխանցեցին իրենց ողջույններն ու բարեմաղթանքները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ շեշտելով Իրաքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրաքյան իշխանությունների պետական հոգածությունը՝ կարեւորելով հատկապես Իրաքի բազմազգ եւ բազմակրոն խճանկարում երկու ժողովուրդների միջկրոնական համերաշխությանն ուղղված կապերի զարգացման անհրաժեշտությունը։

https://news.am/arm/news/507426.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın