İçeriğe geçmek için "Enter"a basın

«Հայոց ցեղասպանությունը պետք է դարձնել Թուրքիայի խորհրդարանի հարցը»

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրանսիայի նախագահի հրամանագրին, Twitter-ում գրառում է կատարել:

Նշել է, որ Հայոց ցեղասպանության թեման պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի խորհրդարաններից:

«Հայոց ցեղասպանությունը պետք է դարձնել այն երկրի թեման, որտեղ այդ հանցագործությունը տեղի է ունեցել: Այսինքն այն պետք է դարձնենք Թուրքիայի խորհրդարանի հարցը»,- գրել է Փայլանը: Հայ պատգամավորի դիտարկմամբ` հայ ժողովրդի վերքը կարող է ապաքինվել միայն այն դեպքում, երբ Թուրքիայում արդարություն կգտնվի: Արևմտյան Հայաստանի հայերը արդեն 104 տարի է` արդարության են սպասում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։ Իսկ Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել էր բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև են ներկայացրել նաև ԱՄՆ կոնգրեսականները: Նրանք առաջարկում են ԱՄՆ քաղաքականության մեջ ամրագրել Հայոց ցեղասպանության ժխտման մերժումը, ԱՄՆ կողմից այս հանցագործության պաշտոնական ճանաչումը և հիշատակումը, ժամանակակից աշխարհում նման վայրագությունները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության կարևորությունը:

https://armradio.am/hy/10594

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın