İçeriğe geçmek için "Enter"a basın

Աննա Հակոբյանն ու Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիին:

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա են գտնվել նաև Լոս Անջելեսի փոխքաղաքապետ Նինա Հաչիկյանն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը: Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին տիկին Հակոբյանը գրառում է կատարել քաղաքապետարանի հուշամատյանում:

Նույն օրը, վարչապետի տիկինը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետերանում իր պատվին կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են գտնվել բազմաթիվ ամերիկահայեր: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ու ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Հանդիպմանը ելույթով հանդես է եկել Աննա Հակոբյանը: Նա շեշտել է, որ Լոս Անջելեսի հայ համայնքը և ընդհանրապես ԱՄՆ հայ համայնքը հանդիսացել են յուրահատուկ կամուրջ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև:

«Ես ոգևորությամբ եմ ասում, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ ամերիկահայերի մոտ վերադարձել է էնտուզիազմը ավելի շատ ներգրավված լինել իրենց երկրի կայուն և ժողովրդավարական զարգացման գործում»,- ասել է Աննա Հակոբյանը:

Ստորև ներկայացվում է Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ:

Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյան,

Հարգելի´ ներկաներ

Տիկնա´յք և պարոնա´յք,

Ես շատ երջանիկ եմ գեղեցիկ, արևային ու կենսական Լոս Անջելես քաղաքի այս  դահլիճում ներկա գտնվելու համար: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանին և ձեզ բոլորիդ այս ջերմ ընդունելության համար: Ես իսկապես շոյված եմ: Շնորհակալություն եմ հայտնում նաև քաղաքապետ Գարսետիին այսօր ավելի վաղ տեղի ունեցած ընկերական և արդյունավետ հանդիպման համար: Լոս Անջելեսն առաջնային է մի քանի առումներով: Այն գրավում է մարդկանց որպես աշխարհի ստեղծագործ մայրաքաղաք, այն գրավում է մարդկանց բարգավաճող տնտեսությամբ, հարուստ մշակութային կյանքով, խոշոր մշակութային խաղերի անցկացմամբ և այլն: Սակայն կա մեկ հստակ հանգամանք, որը Լոս Անջելեսը դարձնում է շատ յուրահատուկ ինձ համար: Այս քաղաքը տունն է ամենամեծ ամերիկահայ համայնքի, որը խոշորագույնն է աշխարհում: Ես հպարտ եմ, որ ամերիկահայերը հարստացնում են այս քաղաքի էթնիկ բազմազանությունը: Հպարտ եմ, որ նրանք ակտիվորեն ընդգրկված են կյանքի բազմաթիվ ոլորտներում: Հպարտ եմ, որ նրանք նպաստում են այս քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը՝ սկսած այն պահից, երբ ոտք են դրել այս հողի վրա: Փոլ Գրիգորյանի և Նինա Հաչիկյանի ներկայությունն այստեղ ասվածի լավագույն ապացույցն է:

Լոս Անջելեսի հայ համայնքը և ընդհանրապես ԱՄՆ հայ համայնքը հանդիսացել է յուրահատուկ կամուրջ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև: Սկսած 1991 թվականին ձեռք բերված անկախությունից ամերիկահայերը շարունակաբար և վիթխարի կերպով նպաստում են իրեն հայրենիքի զարգացմանը: Ես ոգևորությամբ եմ ասում, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ ամերիկահայերի մոտ վերադարձել է էնտուզիազմը ավելի շատ ներգրավված լինել իրենց երկրի կայուն և ժողովրդավարական զարգացման գործում: Ես դա անձնապես զգացել եմ այս այցի ընթացում: Այս առումով մենք վճռականորեն աջակցում ենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի և ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերին՝ զարգացնել հարաբերությունները երկու քույր քաղաքների՝ Երևանի և Լոս Անջելեսի միջև: Շատ կարևոր է ամրապնդել համագործակցությունը երկու քաղաքների միջև կայուն գործնական հարաբերություններով: Ես վստահ եմ, որ մենք շատ բան կարող ենք ստանալ սերտ համագործակցությունից և ես ձեզ ամենալավն եմ ցանկանում ձեր բոլոր ձեռնարկներում: Ես հատկապես ցանկանում եմ Լոս Անջելեսին հաջողություն մաղթել 2028 թվականին երրորդ անգամ իր հարկի տակ Օլիմպիական և պարալիմպիկ խաղերն ընդունելու և կազմակերպելու գործում:

Աստված պահապան բոլորիս»:

https://news.am/arm/news/506224.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın