İçeriğe geçmek için "Enter"a basın

Բացվել է Արեւմտահայերեն Վիքիպեդիան

Երկար սպասումից հետո, սույն թվականի ապրիլի 1-ին Արեւմտահայերեն Վիքիպեդիան վերջապես կարողացավ ստանալ իր առանձին հարթակը Վիքիպեդիաների ցանկում՝ hyw.wikipedia.org հղմամբ։

2014 թվականից ի վեր Արեւմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու գաղափարի շուրջ են համախմբվել հարյուր հիսունից ավել կամավոր խմբագիրներ, որոնք պարբերաբար մասնակցել են վերապատրաստման դասընթացներին։ Այսօր մենք արդեն իսկ ունենք 7500-ից ավել արեւմտահայերեն հոդվածներ, որոնք տեղակայված են Արեւելահայերեն Վիքիպեդիայում եւ շուտով կտեղափոխվեն Արեւմտահայերեն Վիքիպեդիա։ Մեր մարտահրավերը պետք է լինի այդ թիվն օր-օրի ավելացնելը եւ դրանց որակը բարձրացնելը։

Արեւմտահայերեն Վիքիպեդիայի՝ որպես առանձին հանրագիտարան դառնալու ջանքերին են նպաստել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը, որոնք անցնող տարիներին աջակցել են Արեւմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծմանը եւ հովանավորել նախագծի միջոցառումները։

Արեւմտահայերեն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի նպատակը եղել եւ մնում է բազմատեսակ որակյալ հոդվածների ստեղծումը եւ դրանով իսկ արեւմտահայերեն բովանդակության շրջանառության մեջ կարեւոր ներդրում ունենալը։

«Այս ուրախ օրվա առիթով մեծապես շնորհակալություն ենք հայտնում Արեւմտահայերեն Վիքիպեդիայի բոլոր կամավորներին եւ խմբագիրներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սատարեցին եւ շարունակում են սատարել այս աշխատանքի իրականացմանը»,— ասաց Արեւմտահայերեն Վիքիպեդիա նախագծի համակարգող Ազնիվ Ստեփանյանը եւ հավելեց, որ  Արեւմտահայերեն Վիքիպեդիան կարող է կարեւոր խթան հանդիսանալ արեւմտահայերենի գործածության համար։

«Շնորհավորում ենք Արեւմտահայերեն Վիքիպեդիայի համայնքին եւ արեւմտահայերեն խոսող մեր հայրենակիցներին,— ասաց Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը,— Սա արեւմտահայերենին վերածնունդ տալու նշանակալի քայլ է, հզոր հնարավորություն է  արեւմտահայերենը պահպանելու  եւ զարգացնելու որպես գիտելիք ստեղծելու եւ ստանալու լեզու»։

«Վիքիպեդիան կարեւոր հարթակ է, որտեղ արեւմտահայերենը կարելի է գործածել զանազան ձեւերով՝ կարդալով, խնբագրելով, բարելավելով եւ ստեղծելով արեւմտահայերեն հոդվածներ, — ասաց «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտոր Ռազմիկ Փանոսյանը,— Ուրախ ենք, որ մեր աջակցությունը արդյունավետ հիմքերի վրա է։ Հույս ունենք, որ լեզվին տիրապետող բոլոր անհատներն այս առիթը կօգտագործեն համացանցում արեւմտահայերեն բովանդակությունը զարգացնելու համար»։

Նշենք, որ Արեւմտահայերեն Վիքիպեդիան առանձին ISO 639-3 լեզվական կոդը ստացել է 2018 թվականի հունվարի 30-ին SIL International-ի կողմից․ լեզվական կոդի առկայությունը հնարավորություն տվեց ստեղծել Արեւմտահայերեն Վիքիպեդիան, ինչպես նաեւ այն կարող է խթանել համացանցում արեւմտահայերենով տարբեր ծրագրեր (սրբագրիչ, փոխադրիչ, թարգմանիչ) մշակելու աշխատանքները։

Արեւմտահայերեն Վիքիպեդիան բաց է բոլորիս համար։ Վիքիպեդիայի խմբագրման հնարավորություններին ծանոթ բոլոր անձինք կարող են իրենց մասնակցությունը բերել հանրագիտարանի զարգացման գործում։

https://news.am/arm/news/505236.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın