İçeriğe geçmek için "Enter"a basın

«Հայ ժողովուրդը երախտապարտ է». ՀՀ դեսպանը ԱԻՆ պատվոգրով պարգեւատրել է Բուլղարիայի խորհրդարանի անդամին

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արմեն Սարգսյանն ապրիլի 2-ին հյուրընկալել է Բուլղարիայի խորհրդարանի մշակույթի եւ առողջապահության հանձնաժողովի նախագահ Վեժդի Ռաշիդովին (Vezhdi Rashidov)՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ, աղետի հետեւանքների վերացման եւ Հայաստանին ցուցաբերած հումանիտար եւ ֆինանսական օգնության համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրով նրան պարգեւատրելու առիթով:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Բուլղարիայում ՀՀ դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում Վեժդի Ռաշիդովի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած հարգանքն ու սերը, հիշում է երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված վերջինիս կողմից իրականացված մարդասիրական գործունեությունը եւ կարեւորում է հումանիտար եւ մշակութային ոլորտներում հայ-բուլղարական համագործակցության խթանմանն ուղղված նրա շարունակական ջանքերը:

Նշենք, որ Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի մասին Վեժդի Ռաշիդովը տեղեկացել էր օդանավակայանում՝ արտասահմանյան մի շարք երկրներ ուղեւորվելու ժամանակ, ուր կազմակերպվել էին իր՝ որպես հայտնի քանդակագործ եւ իր գործընկերոջ՝ տաղանդավոր բուլղար գեղանկարիչ Գեորգի Տրիֆոնովի գործերի ցուցահանդեսները:

Լսելով այդ ծանր գույժը՝ ընկերները որոշում են ցուցահանդեսներից գոյացած ողջ հասույթը՝ շուրջ 60 հազար ԱՄՆ դոլարը, փոխանցել Հայաստան՝ երկրաշարժից տուժածների կարիքները հոգալու համար: Որոշ ժամանակ անց մարդասիական նոր առաքելությամբ Ռաշիդովն այցելում է աղետի գոտի:

Իր խոսքում դեսպան Արմեն Սարգսյանը շեշտեց, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Բուլղարիայի ժողովրդին եւ կառավարությանը, ինչպես նաեւ՝ բուլղարահայ համայնքին, բազմաթիվ անհատներին, ում միջոցներով Հայաստան էին առաքվել առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք, բազմաթիվ այլ ապրանքներ:

ՀՀ դեսպանն անդրադարձավ Վեժդի Ռաշիդովի՝ որպես ԲՀ մշակույթի նախկին նախարարի գործունեությանը, Հայաստան կատարած այցերին: Նշեց, որ մշակույթի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած իր մեծ ավանդի համար Վեժդի Ռաշիդովը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Վեժդի Ռաշիդովն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ կառավարությանը եւ հայ ժողովրդին՝ պատմական հիշողությունը վառ պահելու եւ իր ներդրումը գնահատելու համար: Նա որոշ դրվագներ ներկայացրեց աղետի գոտի կատարած իր անմոռանալի այցելություններից՝ նշելով, որ չնայած տեղի ունեցած մեծ արհավիրքին եւ Ադրբեջանի շրջափակման հետեւանքով ստեղծված բարդ տնտեսական իրավիճակին, հայ ժողովուրդը կարողացավ դրսեւորել կամք եւ տոկունություն, ինչը, ըստ Վեժդի Ռաշիդովի, անհնար է նկարագրել բառերով:

https://news.am/arm/news/504925.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: