İçeriğe geçmek için "Enter"a basın

Մահացել է Հայ դատի պաշտպան, իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանը

81 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո մարտի 31-ին կյանքից հեռացել է իսպանացի ճանաչված լրագրող, մտավորական, Հայ դատի պաշտպան ու հայ ժողովրդի բարեկամ Խոսե Անտոնիո Գուռիարանը, հաղորդում է «Հայերն այսօր»-ը:

1980 թվականին հայտնի իսպանացի լրագրող, մտավորական, հումանիստ Խոսե Անտոնիո Գուռիարանը գնացել էր Մադրիդի Գրան Վիա պողոտայի վրա գտնվող «Պոմպեյա» կինոթատրոնում Վուդի Ալենի նոր ֆիլմը դիտելու: Մինչ սպասում էր տիկնոջը, իր գտնման վայրից ոչ հեռու ռումբ պայթեց:   Գուռիարանն` այն ժամանակ «Պուեբլո» թերթի փոխտնօրենը, անմիջապես խմբագրություն է զանգահարում, որպեսզի այնտեղից թղթակից ուղարկեն պատահարը լուսաբանելու: Բայց հենց նույն պահին, երբ նա խոսում էր տակավին, մեկ այլ ռումբ էլ հեռախոսի այն խցիկում պայթեց, որտեղից նա կապնվել էր իր գործընկերների հետ:

Շատ մեծ դժվարությունների գնով բժիշկներին հաջողվում է փրկել մարդու կյանքը, բայց դրանից հետո նա ցմահ հաշմանդամ դարձավ: Առաջին հարցը, որ հուզում էր հրաշքով փրկվածին, այն էր, բնականաբար, թե ովքե՞ր էին այդ գործողության հեղինակները եւ ի՞նչ հստակ պահանջներ ունեին նրանից: «Մի խումբ երիտասարդներ` ԱՍԱԼԱ-ից»,- պատասխանում են ապաքինվողին:

Ի՞նչ է ԱՍԱԼԱ-ն, ի՞նչ է Հայաստանը` գաղափար իսկ չուներ: Գիտեր միայն, որ նույն անվանունով մի հանրապետություն կա Խորհրդային Միության կազմում: Սկսեց ակտիվորեն հետաքրքրվել դեպքով, հայերի կոտորածների հարցով, Հայաստանի պատմության էջերով եւ խնդրեց հանդիպում ոչ թե կատարողների, այլ ԱՍԱԼԱ-ի պատասխանատուների հետ:

Որոնումների այդ ընթացքում կապ է հաստատում ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեդջյանի հետ, որն հիշյալ օրերին նաեւ լայն ճանաչում վայելող իրավաբան էր, եւ շնորհիվ վերջինիս միջնորդության՝ հանդիպում է կազմակերպվում Բեյրութում` Մոնթե Մելքոնյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ:

Մի առ ժամանակ անց լույս է տեսնում Գուռիարանի «La bomba» («Ռումբը») գիրքը: Թուրքերը, որոնք սպասում էին նորաթուխ հայատյացի դիրքերից հանդես եկող հրապարակախոսի, հիասթափված էին` գրքի էջերում հեղինակն առաջին անգամ իսպանական իրականության մեջ բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության փաստը՝ բացահայտորեն հանդես գալով հայասերի դիրքերից եւ իր ընթերցողին համառոտ կերպով ծանոթացնելով հայ ժողովրդի անցած պատմական ուղուն:

Իր հետ պատահածի ու Հայոց ցեղասպանության մասին Գուռիարանը 2 գիրք է գրել՝ « La bomba» (Ռումբը) եւ «Հայերը. մոռացված ցեղասպանություն»: Վերջին գրքի հիման վրա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով 2015 թվականին նկարահանել է «Մի խենթի պատմություն» ֆիլմը, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Դրանում ռեժիսորն անդրադարձել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) գործունեությանը:

Այս ֆիլմով է մեկնարկել նաեւ «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնը:

https://news.am/arm/news/504715.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın