İçeriğe geçmek için "Enter"a basın

Կաշառքի գործով ԱԱԾ բերման ենթարկված մյուս անձը գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն է

Գայանե Սարիբեկյան

Ազգային անվտանգության ծառայությունը Առողջապահության նախարարության կոռուպցիոն սկանդալի մասին մանրամասներ է հայտնում:

Դեռևս մարտի 30-ին լուրեր տարածվեցին, որ կաշառք ստանալու կասկածանքով Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է առողջապահության փոխնախարարը: Ավելի ուշ ոլորտի գլխավոր պատասխանատու Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որ Ազգային անվտանգության ծառայություն բերման ենթարկվածը իր տեղակալ Արսեն Դավթյանն է: Նախարարը մանրամասներ չէր հայտնել:

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր, առանց անուններ նշելու, հայտնում է, որ տվյալներ են ստացվել Առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ բժշկական հաստատություններից մեկի տնօրենն անձամբ Առողջապահության փոխնախարարի աշխատասենյակում նրան առանձնապես խոշոր չափի կաշառք է տվել իր բուժհաստատության պետպատվերի գումարն ավելացնելու դիմաց:

Շաբաթ օրն արդեն լուրեր էին տարածվել, որ ԱԱԾ բերման ենթարկված մյուս անձը Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամայանն է: Վերջինս նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրենն է, որը հանրությանը հայտնի է որպես Հանրապետական ծննդատուն:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել հենց Ռազմիկ Աբրահամյանից: Վերջինս, թեև աշխատավայրում էր, սակայն չցանկացավ թեմայի մասին խոսել՝ պատճառաբանելով, թե առողջական վիճակը վատ է: Նրա դուստրը՝ Գոհար Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ իր հայրը շաբաթ օրը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն: Հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ տեղյակ չի եղել այդ գործարքից․ – «Վերահաստատում եմ, որ ցանկացած իրավախախտման դեպքի մասին իմանալու դեպքում հենց առաջինը իրավապահ մարմիններին կհայտնեմ դրա մասին ու հակառակը կհամարեմ պարտակել: Դա լինի իմ աշխատակիցը, կամ իմ ենթակա հիմնարկի ղեկավարը, կամ որևէ այլ աշխատակից՝ դա ոչինչ չի փոխում: Էս գործում մենք ընկերներ, բարեկամներ, հարազատներ չունենք: Նման ցանկացած վարքագիծ դրսևորող մարդ մեր թշնամին է: Կոռուպցիայի դեմ պայքարը երկու կոմպոնենտ ունի՝ կանխարգելիչ կոմպոնենտը, երբ որ համակարգեր ես ներդրում, էնպիսի համակարգեր պետական կառավարման ապարատում, որ մարդու որոշում կայացնելու գործոնը մաքսիմալ հանում են համակարգերի մեջից: Օրինակ, ֆինանսների բաշխման կամ թույլտվությունների տրամադրման համակարգից: Եվ պատժիչ գործոն: Կանխարգելիչ գործոնով մենք զբաղվում ենք միշտ և միշտ կատարելագործելու ենք․․․ և երկրորդը՝ պատժիչ կոմպոնենտը, որի դրսևորումը մենք ականատես եղանք՝ եթե, իհարկե, մեղքը ապացուցվի: Նույնը մնացած բոլոր դեպքերում, այսինքն նախկին նախարարների կամ փոխնախարարների դեպքում․ եթե կա պատժի անխուսափելիություն, նաև դրանով ենք կանխարգելում ենք կոռուպցիան: Իսկ ինչ պետք է անեմ, որպեսզի նման դեպքեր չլինի, ասեցի․ նախ, իմանալու դեպքում միջոցներ ձեռնարկեմ մեղավորներին պատժելու համար: Եվ երկրորդը, պարբերաբար վստահանամ, հավաստիանամ, որ նման բաներ տեղի չեն ունենում»:

Առողջապահության ոլորտի գլխավոր պատասխանատուի կարծիքով, կոռուպցիոն սկանդալը բացասաբար է ազդել ամբողջ համակարգի հեղինակության վրա, բայց ինքը նախարարի պաշտոնից հրաժարական չի տա: 

Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Առողջապահության փոխնախարարը ձերբակալված է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու համար կասկածվող անձի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցը՝ հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը:

Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Դավթյանը համակարգում էր բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները:

https://www.azatutyun.am/a/29854774.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın