İçeriğe geçmek için "Enter"a basın

Հոգեհանգստյան կարգ՝ բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-օրեքի կապակցությամբ

Այսօր՝ մարտի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցեց Ս. Պատարագի արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Թադեոս վարդապետ Զիրեկյանցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստյան պաշտոն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազգային մեծ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երկարամյա նախագահ բարեհիշատակ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-օրեքի առիթով:

Հոգեհանգստյան արարողությունից առաջ Կաթողիկոսը ներկաներին ուղղել է իր հայրական խոսքը․

«Սիրելիներ, Աղոթական ոգով, տխրությունը մեր սրտերում համախմբվել ենք Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան քառասնօրյա արարողության առիթով:

Այսօրվա կիրակին անվանակոչված է Դատավորի կիրակի, որ բերում է հորդորը անձանձրույթ աղոթքով, աստվածահաճո վարքով ու գործերով քրիստոնեական հավատքը վկայելու: Հավատավոր այսպիսի ընթացքով է զարդարված հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնի երկրային կյանքը:

Նրա մահը մեծ կորուստ է մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար: Քառասնօրյա այս շրջանում ապրեցինք և՛ կորստի ցավը, և՛ նրա պայծառ հիշատակի, թողած վաստակի մխիթարությունը: Եվ թեպետ ժամանակն ու հեռավորությունն են բյուրեղացնում անհատականությունների իրական արժեքը, սակայն Լուիզ Մանուկյան Սիմոնի գործունեության բարի արգասիքները վկայում են նրա ինքնության մեծությունը: Մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմության վերջին քառասուն տարիներին, թե՛ դժվարին և թե՛ ուրախ պահերին, հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնը բազում անգամներ իր բարերար գործունեությամբ շենություն է հավելել ազգային-եկեղեցական մեր կյանքին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:

Լուիզ Մանուկյան Սիմոնը եղավ իր ծնողների՝ Ալեք և Մարի Մանուկյան նվիրյալ ամոլի ավանդների շարունակողը: Նրա նախագահությամբ նորովի արգասավորվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության առաքելությունը ի սփյուռս աշխարհի, բարի արդյունքներով զարդարվեցին նրա ձեռնարկումները կրթական, մշակութային, առողջապահական, եկեղեցաշինության ոլորտներում:

Իր կյանքի ու գործունեության համապատկերի մեջ պայծառությամբ վեր է հառնում Լուիզ Մանուկյան Սիմոնի վառ կերպարը՝ զարդարված բարեհոգությամբ, հայրենասիրությամբ, ազգանվիրումով ու եկեղեցանվիրումով: Լուիզ Մանուկյան Սիմոնի անձն առինքնող էր` իր հոգու և ոգու ուժականությամբ, որում զուգորդվում էին սթափ ու հաստատուն միտքը և նուրբ ու բարի սիրտը: Միայն անսասան նվիրումի ու կամքի տեր անձը, ինչպիսին էր Լուիզ Մանուկյան Սիմոնը, կարող էր միաձուլել այս երկու հատկությունները:

Ազգասեր ծնողներից ժառանգած հայրենասիրությամբ` նա անհոգնաբեկ էր ազգային կյանքն ու հայրենիքը ավելի լավը դարձնելու իր ձգտումներում ու ջանքերի մեջ՝ լինելով անչափ բարի ու կարեկից շրջապատի ու մարդկանց հանդեպ: Նա մեր ժողովրդի կողքին էր դժվարությունների ու պայքարների մեջ, ուրախությունների ու հաղթանակների ժամանակ և հենց այս կարողությամբ Լուիզ Մանուկյան Սիմոնը նույնանում է այն քչերին, ովքեր հազարավորներից առանձնանում են իրենց կատարած բարի գործերով, կրած արժեքներով և արթնացրած հույսերով: Արդարև, իր կյանքով ու գործով նա հավերժի ճամփորդ է և իր անձով ու կերպարով ոգեշնչելու է սերունդներին և լուսավորելու նրանց կյանքի ընթացքը:

Մեր սրտերը պիտի շարունակեն կրել մեր ժողովրդի արժանավոր դստեր բարի հիշատակը: Այսպիսի պահերին բառերը բավարար չեն փարատելու այն տխրությունը, որ պատճառել է մահը: Մխիթարված ենք, որ Աստված մեր ազգին պարգևեց Լուիզ Մանուկյան Սիմոնի պես արժանավոր դուստր, ով ապրեց ու արարեց և կարողացավ իր մեծ գործերի հարուստ վաստակով անմահ հիշատակ թողնել և իրենով լույս ավելացնել հայ կյանքի անդաստանում: Նրա հիշատակի առջև պիտի խոնարհվեն ազգիս զավակները սերնդեսերունդ՝ որպես երախտիք նրա անանձնական սիրո ու ամենաանկեղծ նվիրումի առ ազգը, հայրենիքն ու Եկեղեցին:

Ի խորոց սրտի հայցում ենք, որ Ողորմածն Աստված երկնային բարձունքներում հավիտենական երանության մեջ հանգչեցնի հոգին երախտարժան Իր աղախնու՝ Լուիզ Մանուկյան Սիմոնի, և Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի զավակներին, թոռներին, եղբորը, հարազատներին, բոլոր վշտացյալներին և մեզ ամենքիս: «Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. զի “ոգիք արդարոց ի ձեռին Աստուծոյ են… և յոյս նոցա լի է անմահութեամբ” (Իմաստ. Գ 1,4)»:

Խունկ, աղոթք և օրհնություն Լուիզ Մանուկյան Սիմոնի լույս հիշատակին. ամեն»:

Արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ անդամներ:

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın