İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Հայ մեծ պոետը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Պարսկաստանի Մակու քաղաքում։ 1883թ. նրա հայրը՝ Աբգար աղան, տեղափոխվում է Կարս, որի ռեալական դպրոցում պատանի Չարենցը սովորում է 1908-12թթ.: 1912թ. Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: 1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:

1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Չարենցը 1915թ. ստեղծված հայկական կամավորական առաջին ջոկատներում մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը, ով գրական երեկոներից մեկի ժամանակ հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը: 1925թ. հուլիսին Չարենցը Երևանում աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում): 1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:

1930-ական թթ. համատարած էին հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը, ում 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները՝ նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանություն։

Գրադարաններից և գրախանութներից հավաքում են Չարենցի գրքերը: Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին: Մեծ բանաստեղծի գերեզմանն անհայտ է:

Ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Առաքողը Եղիշե Չարենցի դերը հայ գրականության ներկայում ու ապագայում գնահատել է հետևյալ խոսքերով. «Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը»:

https://armradio.am/hy/8382

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın