İçeriğe geçmek için "Enter"a basın

Եթե ինձ մեկն ասեր, որ պիտի մասնակցեմ կառնավալին, չէի հավատա. պոլսահայ երգչուհու խոստովանությունը

Նելլի Խաչատրյան

Պոլսահայ երգչուհի Սիբիլը, որն օրեր առաջ մասնակցել է 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին, հարցազրույց է տվել SHANTNEWS.am-ին և պատմել իր տպավորությունների մասին.

«5 ամիս առաջ երբ գտնվում էի Բրազիլիայում, միջոցառման նախաձեռնող Սամբայի ավանդական և կարևորագույն դպրոցներից մեկը` Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» (Rosas de Ouro) խումբը գնահատեց  երգերս, և խմբի տնօրենը պաշտոնապես ինձ հրավեր ուղարկեց մասնակցել և ներկայացնել Հայաստանը կառնավալին: Շատ զգացված էի, երազային և հեքիաթային էր ամեն բան: Եթե ինձ մեկն ասեր, որ ես պիտի մասնակցեմ կառնավալին, այն էլ նստեի այն մեքենայի մեջ, որն իմ սիրելի  Շառլ Ազնավուրին և Արամ Խաչատրյանին էր նվիրված, չէի հավատա»:

Երգչուհին նշեց, որ շքերթը կրում էր «Կեցցե Հայաստանը» խորագիրը: «Viva Hayastan» ներկայացումը հինգ թեմաներից էր բաղկացած՝ «Դրախտ՝ Արարատի դաշտավայրում», «Քրիստոնեություն», «Հայ հերոսներ», «Մշակույթ» և «Մայր Հայաստան»:

«30-40 հազար մարդ երգեց «Viva Hayastan» երգը: Կատարումը տևեց 65 րոպե, Rosas de Ouro խմբի 2300 մասնակիցներից 500-ը հայ էր, ես նայում էի պատուհանից և Հայաստանի բազմաթիվ դրոշներ տեսնում»:

Սիբիլը նշեց, որ սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանը ներկայացված էր բրազիլիական կառնավալում: Երգչուհու խոսքով՝ կառնավալից հետո ժյուրիի անդամները պետք է քվեարկեին և գնահատեին դպրոցների գործունեությունը, իսկ հաղթող դպրոցը մեկ տարի այդ թեման պետք է ներկայացնի: Քվեարկության արդյունքում սամբայի 14 դպրոցներից Rosas de Ouro-ը հայտնվել է 3-րդ հորիզոնականում:

Սիբիլը տեղեկացրեց նաև, որ մարտին 6 համերգ է ունենալու Արգենտինայում, Ուրուգվայում,  Ֆրանսիայում:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք  ցանկություն չունի Հայաստանում համերգներով հանդես գալու, նա պատասխանեց.

«Հայաստանում խմբային համերգների մասնակցել եմ, բայց մենահամերգ չեմ ունեցել: Եթե առաջարկ լինի, սիրով կգամ: Հաճախ ինձ գրում են՝ Սիբիլ, ե՞րբ մենահամերգ պիտի ունենաս. հուսամ կիրականանա»:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում անցկացվել է ամենամյա կառնավալը, որի ժամանակ սամբայի Rosas de Ouro («Ոսկե վարդեր») պարային դպրոցն իր ելույթը նվիրել է Հայաստանին և հայ ժողովրդին:

https://youtu.be/1WDgvQsrRnk

https://www.shantnews.am/news/view/305612.html?fbclid=IwAR0MrFV3M77tqfr1b-Xtw2VKW_tAtw4xCpU57DsyldeH7tZvhoDip0dxIdQ

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın