İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ազգի մեծերն են ժողովրդի ապրելու տարածքը դարձնում Հայրենիք, և նրանց մասունքներն են սրբացնում հողը… Սա լիարժեքորեն վերաբերում է Անդրանիկ Զորավարին, ով ֆիդայիների հետ մաքրեց մեր սուրը ժանգից, մեր հոգում դարերով կուտակված վախի ու թերարժեքության բարդույթը ցրեց… Նրա ոգին այսօր հայ զինվորին ճախրանքի թևեր է տալիս… 

Այսօր զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։ Այդ առթիվ «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամներ եւ բազմաթիվ քաղաքացիներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել զորավարի հիշատակին:  

Հոգեհանգստի կարգ` Զորավար Անդրանիկի և հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: «Եռաբլուր» զինվորական պանթեոնի այսօրվա այցելուները վերարժեվորում են՝ մեր ժողովուրդը պարգեւ է ունեցել ի դեմս Անդրանիկ Զորավարի:

«Անդրանիկը հավերժության զավակ է: Անդրանկիկի զինվորներն են Արցախյան ազատամարտի բոլոր հերոսները: Նրա ոգուց են ծնվել, նրա ոգու սերունդներն են»,- ասում է գրող Ռուբեն Սիմոնյանը: Նա նաեւ Անդրանիկին նվիրված գրքերի հեղինակ է:  

Զորավար Անդրանիկ-երեւույթը վիթխարի է, որը մենք երբեք չենք կարող սպառել՝ ասում է գրականագետ Կամո Վարդանյանը, որը ուսումնասիրում է զորավար Անդրանիկի կյանքը: Ասաց, որ ափսոսում է այն ժամանակը, երբ խորհրդային կարգերն արգելում էին Անդրանիկի մասին խոսելը, անգամ, այն բանից հետո, երբ 60-ականներին Ուջանում սասունցիները կարողացան դժվար պայքարով տեղադրել զորավարի կիսանդրին: 

«Ցավոք, հազարավոր պատմություններ՝ մեկը մեկից ուսանելի, կորան. այդ սերունդը տարավ իր հետ»:   

Ռուբեն Սիմոնյանը նկատում է, որ զորավարի հոբելյանները պաշտոնապես չեն նշվել անկախ Հայաստանում: Հույս ունի, որ Անդրանիկի անվան ու նրա գործի նկատմամբ շատ բան կփոխվի: Հիշեցնում է  զորավարին նվիրված Նաիրի Զարյանի զղջումը.

«….Երբ դեռ այգաբացի մշուշն էր իմ հոգում, 

Հիմարաբար, հիմարաբար, հիմարաբար 

Քո սուրն ինքնապաշտպան ես անվանել եմ արնախում»: 

Անդրանիկի կյանքը գերմարդկային պատասխանատվության առաքելություն էր եւ օրվա խորհուրդն էլ հենց պատասխանատվությունն է: Պետք է հետեւել ու արժանի ապրել Անդրանիկին՝ ասում է «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը. 

«Եթե այսօրվա խորհրդի մեջ հիշողությունն այնքան հողմահար լինի, անկողնում զառամյալ վերջին սասունցին մնացած լինի, էլի միայնակ կգա Անդրանիկին այցի հենց այս օրը»:  

Պատմաբան Արմեն Կարապետյանը նկատում է՝ ինչպես Հովհաննես Թումանյանը, այնպես եւ զորավար Անդրանիկը ժողովրդի ճակատագիրը, նրա ողբերգությունն ու հերոսականությունն ընկալեցին ու ընդունեցին որպես անձնական ճակատագիր: 

«Անդրանիկն ու Թումանյանը գտնվում են նույն բարձունքում: Նրանք երկուսն էլ հենց այդպես մնալու են մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ՝ որպես երկու անուն, երկու գագաթ, որոնք իրենց ժողովրդի պատմությունից են ծնվել եւ իրենց ժողովրդի պատմությունից դուրս ուրիշ ոչինչ չունեն»: 

Այսօր էլ Զորավարի տված դասերն անհրաժեշտ ու օգտակար են՝ այսպես ձեւակերպեց գրող, լրագրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը:

«Անդրանիկ զորավարը հայոց սուրը մաքրեց ժանգից, իսկ հայոց հոգիները՝ ամոթից եւ մենք ստացանք աշխարհին արժանապատվորեն նայելու իավունքը: Անդրանիկն ու իր նմանները մեզ արժանավայել ապրելու դասեր են տալիս»: 

https://armradio.am/hy/7262

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın