İçeriğe geçmek için "Enter"a basın

Երիտթուրքերի 1919թ. դատավարությունների հարյուրերորդ տարելիցի առթիվ. «Բաց նամակ ռազմական արտակարգ ատյանի մեծարգո նախագահ Նազըմ փաշային»

Մելինե Անումյան

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու

2019 թ. լրանում է երիտթուրքերի դատավարությունների և հայերի տեղահանության ու կոտորածների մեղադրանքով հարուցված մյուս դատական գործերի մեկնարկի հարյուր տարին: Այդ առթիվ Akunq.net-ն ընթերցողներին է ներկայացնում տվյալ ժամանակաշրջանի գլխավոր օրաթերթերից մեկում` «Ալեմդարում» հրապարակված բաց նամակի ամբողջական տեքստի հայերեն թարգմանությունը, որի հեղինակը «Ալեմդարի» տնօրեն Ահմեդ (Փեհլիվան) Քադրին էր: Բաց նամակն ուղղված էր տվյալ ժամանակաշրջանում այդ դատաքննությունն իրականացնող Ռազմական արտակարգ ատյանի նախագահին`  գեներալլեյտենանտ Մուստաֆա Նազըմ փաշային: Նամակը տպագրվել է «Ալեմդարի» 1919 թ. ապրիլի 25-ի համարում, օսմաներեն լեզվով: Այն թարգմանվել է մեր կողմից, արաբատառ օսմաներեն բնագրից: «Ալեմդարի» տնօրենը բացնամակում պատմում էր հայերի կոտորածների վայրագության մասիննշում մի քանի պաշտոնյաների անուններովքերպաշտոնազրկվել էին կառավարության կողմիցկատարված չարագործությունների վերաբերյալ համապատասխան մարմիններինտեղեկացնելու պատճառովՌազմական ատյանի նախագահին խնդրում ավելի լուրջ վերաբերվել ականատեսներիվկայություններին և պատժել բոլոր հանցագործներին.

«Հարգելի’ նախագահ,

Միաձայն կերպով կարող ենք հաստատել, որ Դուք հանդիսանում եք արդար և անաչառ անձնավորություն, հատկանիշներ, որ ժառանգել եք մեր ժողովրդից:

Այդ պատճառով կցանկանայի կարճ և անկեղծ մի խոսակցություն ունենալ Ձերդ  գերազանցություն հետ: Ես, աքսորված լինելու պատճառով, ականատես եմ եղել Անատոլիայի բազմաթիվ շրջաններում իրականացված տեղահանությանն ու կոտորածներին:

Տեղահանությանն ու կոտորածներին առավել ենթարկված շրջաններն են հանդիսանում Մուշը և Անկարան: Մի շրջան[1] գոյություն ունի, որից տարագրված հայերի թվաքանակը հազարների է հասնում. մի՞թե այդ շրջանում տեղահանությունն ու կոտորածները կազմակերպած և իրականացրած անձանց քանակը սահմանափակվում է մահապատժի ենթարկված Քեմալ և 15 տարվա բանտարկության դատապարտված Թևֆիկ բեյերով: Անձամբ միայն ինձ հայտնի է այդ խնդրին առնչված համարյա 20 հոգու անուն:

Իսկ ո՞րն է դրա անհրաժեշտությունը:

Երբ Քեմալի դատավարության ընթացքում մի շարք անուններ բացահայտվեցին, անհրաժեշտ էր, որ դրանք պատշաճ ուշադրության արժանացվեին, Ձեզ նման արդարադատ անձնավորությունը նրանց անմիջապես ծանուցագիր ուղարկեր, անհրաժեշտության դեպքում մի քանիսին ձերբակալեր և արագ կերպով իրականացներ նրանց դատաքննությունը: Արդյոք ի՞նչ պատճառներից ելնելով է, որ կարևորություն չի տրվում այդ խնդրին:

Այդ ինչպե՞ս է, որ մենք այն տարածքներում, ուր աքսորվել էինք` Մուշում և Սինոպում եղած ժամանակ, պաշտոնական անձ չհանդիսանալով հանդերձ, տեղյակ ենք, թե ի~նչ  սահմռկեցուցիչ կերպով են կատարվել Տրապիզոնի տեղահանությունն ու կոտորածները, որոնց դատաքննությունը ներկայում դեռ շարունակվում է, իսկ Ձեր` նման հնարավորությունների տեր հարգարժան դատարանը չի կարողանում խորանալ մանրամասների մեջ:

Սինոպում մենք հանդիպեցինք առավոտները Տրապիզոնից դեպի Ստամբուլ մաքսանենգ կերպով իրեր և սննդամթերք տեղափոխող լազ նավաստիների և կարողացանք մանրամասներ իմանալ այն մասին, թե ինչպես են մեր խեղճ հայ հայրենակիցները ոչնչացվել և բնաջնջվել նահանգապետ Ջեմալ Ազմիի և իթթիհադական հրոսակախմբին պատկանող իր չարագործ գործակիցների կողմից: Պարզվում է, որ այս խեղճերին` կանանց և երբեմն նույնիսկ երեխաներին էլ ներառյալ, Ռումինիա ուղարկելու պատրվակով լցրել են առագաստանավերն ու մակույկները և շրջահայեցորեն ափից մեկ ժամ հեռացնելուց հետո անմիջապես ծովը նետել, իսկ երբ ծովում խեղդվողները փորձել են կառչել առագաստանավերի եզրերից, կացնով կտրել են նրանց մատները:

Անձամբ ականատես չենք եղել այդ արյունալի և ցավալի տեսարաններին, սակայն մի քանի ընկերներով ուշադրությամբ լսել ենք այդ ամենը սեփական աչքով տեսած 40-50 նավաստիների պատմածը: Բայց մի՞թե այդ պահին Տրապիզոնում գտնված պատվավոր և անկողմնակալ անձանց` այդ կապակցությամբ ունեցած տեղեկությունները ստանալով` կարողացանք բացահայտել ողջ ողբերգությունը:

Այն ժամանակ Տրապիզոնի մաքսային գլխավոր վարչության ծառայող, ներկայում մաքսային տեսուչ Բեսիմ բեյին ճանաչում եմ որպես շատ ողջախոհ մի անձնավորության: Այս մարդը պաշտոնից հեռացվել է Ջեմալ Ազմիի դաժանության մասին անհրաժեշտ մարմիններին տեղեկացնելու պատճառով:

Իսկ երկրորդին` Քենան[2] անունը կրող երիտասարդին, հանդիպել եմ Չորումում` Ռեֆիկ Հալիդ բեյի տանը: Քենան բեյին ազատել էին Տրապիզոնի դատական քննչի պաշտոնից, որից հետո նա վերադարձել էր Ստամբուլ: Այս հերոսական անձնավորությունը հետ էր կանչվել այն ժամանակվա արդարադատության նախարար Հալիլ բեյի կողմից` հայերի հետ կապված ողբերգական դեպքերի կապակցությամբ անմիջապես հետաքննություն կատարելու պահանջով հանդես գալու պատճառով: Քենան բեյը չէր բավարարվել միայն իր պաշտոնական պարտականությունների իրականացմամբ. անձամբ լուսանկարել էր այդ ողբերգական տեսարանները, որոնց ականատեսն էր դարձել: Այդ ազնիվ անձնավորությունը ինձ պատմել է Ամասիայում անձամբ (…)[3] հայեր սպանած և սրտխառնոց առաջացնող մուհաջիրներից Մեհմեդ Քաբաշ անունը կրող մի արնախում մարդու մասին, որի անունը, սակայն, չենք հանդիպում դատական արձանագրություններում:

Աղերսում ենք, որ թե’ լուրջ վերաբերվեք ականատեսների վկայություններին և թե’ այսուհետ տեղի ունենալիք դատավարությունների ընթացքում առավել աչալրջությամբ ծանուցագիր ուղարկեք յուրաքանչյուր վկայակոչված անձնավորության:

Հուսով ենք, որ տրվելիք բացատրությունների միջոցով կհաստատվի, որ մեր անմեղ ազգը ոչ մի կապ չի ունեցել ավազակախմբերի կողմից կատարված հանցագործությունների հետ, իսկ հանցավորները հաստատապես կպատժվեն:

Արտասահմանցիները մեզ մեղադրում են վերոհիշյալ հանցագործներին թաքցնելու մեջ, մինչդեռ ժողովրդի մտքով երբեք չի անցել նրանց թաքցնել, որովհետև կատարված հանցագործությունների պատասխանատուն է ոչ թե ժողովուրդը, այլ իթթիհադական ավազակախումբը: Ժողովուրդն անմեղ է: Իսկ ճշմարտության լրիվ բացահայտումը իրականանալի է բոլոր հանցավորների դատապարտմամբ միայն:

Առիթից օգտվելով` արտահայտում եմ խորին հարգանքներիս հավաստիքը:

Ահմեդ Քադրի» 

25-ը ապրիլի, 1919, «Ալեմդար»

[1] Խոսքը Յոզղատի մասին է:

[2] Դատական քննիչ Քենանը Տրապիզոնի դատաքննության 1919 թ. մայիսի 10-ի նիստում որպես վկա ցուցմունքներ էր տվել դատարանին:

[3] Հոդվածի այս հատվածի տպագրումն արգելվել է գրաքննության կողմից:

Օսմաներենից թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net


http://akunq.net/am/?p=64894

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: