İçeriğe geçmek için "Enter"a basın

Անահիտ Տեր-Մինասյանի հիշատակին. Մարաթուկ լեռից ուղևորություն դեպի Դավթի տուն

Բեսսե Քաբաք 

Անահիտ Տեր-Մինասյանը որդիների Վահեի ու Արամի հետ միասին 2014 թ. այցելել է Սասուն։ Այդ շրջագայությանը մասնակցած Բեսսե Քաբաքն այդ տարի «Ակօս»-ում հոդված էր հրապարակել այդ ուղևորությունից իր ստացած տպավորությունների մասին։ Ստորև մի հատված ենք  ներկայացնում այդ հոդվածից։

Այն անձը, որի հետ հեռախոսով խոսում էի, Անահիտ Տեր-Մինասյանն էր, ով ասում էր, թե  ցանկանում է Սասուն այցելել։ Գիտեի, որ շատ մարդկանց համար Սասունի պայմանները գրեթե մղձավանջի են վերածվում, ու Տեր-Մինասյանի ցանկությանն անմիջապես չանսացի, այլ ներկայացրեցի այն խնդիրները, որոնց նրանք կարող են հանդիպել ու փորձեցի նրանց հետ պահել Սասուն այցելելու մտքից։ Այնուամենայնիվ, չնայած  Եվրոպայում ծնված-մեծացած լինելուն ու պատկառելի տարիքին՝ իմ պատմածները նրան չստիպեցին հրաժարվել այդ գաղափարից. ընդհակառակը, կարծես ավելի քաջալերեցին։ «Ես ամեն ինչ հաշվի առնելով` որոշում եմ գալ։ Եթե երեխաներս կարողանան թույլտվություն վերցնել, նրանք էլ են ցանկանում միանալ…»։

Բաթմանի օդանավակայանում մեզ դիմավորեց մեր ընկերը` Բեհչեթ Չիֆթչին։ Շնորհակալ եմ նրան, քանի որ «Գյուլիզարի թոռ Անահիտ Տեր-Մինասյանը ցանկանում է Սասուն այցելել»  խոսքերս նրա համար բավական եղան։ Տոն օրով նա ոչ միայն միացավ մեր խմբին, այլև մեզնից երկու օր առաջ Բաթման եկած Անահիտ Տեր-Մինասյանին ու որդիներին Հասանքեյֆ էր տարել ու մեր հյուրերին ամենալավ ձևով հյուրընկալել։

Անահիտ Տեր-Մինասյանը ճանապարհին մեզ ասաց. «Եթե ինձ տիկինով կամ Դուք-ով չդիմեք, ուրախ կլինեմ»: Մենք էլ որոշեցինք ամբողջ ուղևորության ընթացքում նրան Անահիտ մայրիկ ասել։

Միշտ սրբազան Մարաթուկը  

Մեր միկրոավտոբուսը Մարաթուկ լեռան փեշերից դեպի ներքև կտրուկ շրջադարձերով ճանապարհ ընկնելուց հետո վերջապես կեսօրին յայլա հասավ։  Այստեղի քարե պատերը, մոմլաթով ու խոտերով պատրաստված տաղավարները մարդու մոտ ակամա այնպիսի զգացողություն են առաջացնում, կարծես ժամանակը կանգ է առել։ Անահիտ մայրիկը դեմքի գոհ արտահայտությամբ երկար նայելով քարափի կողքին ընկած յայլայում միայն ուտելու ու քնելու պահանջները բավարարող իրերով այս պարզ ապրելակերպին` ասաց. «Ճիշտ և ճիշտ մայրիկիս պատմածի պես է»։

Տաղավարները պատրաստելուց հետո խմբի անդամների հետ որոշեցինք Մարաթուկի՝ ներկայում Շայհբազիթ անվանվող փոքրիկ գագաթն ուսումնասիրել։ Անահիտ մայրիկը դժվարանցանելի ճանապարհներով քայլելու ժամանակ դժվարանալիս, առանց բողոքելու, նախընտրում էր մնալ ու համբերատարությամբ սպասել խմբի անդամների վերադարձին։

Ճաշից հետո պատրաստվում ենք «ուխտ» անել։ Մարդկանց կողմից Ստամբուլից ուղարկված բլղուրն ու մոմերը հանում եմ իմ պայուսակից։ Մոմերը մեկը մյուսի հետ խառնելուց հետո մարդկանց ցանկությունների համար դրանք առանձնացնում ենք՝ կեսը եկեղեցում վառելու, մյուս կեսն էլ յայլայի բնակիչներին  բաժանելու համար։

Ուղևորություն գիշերվա կեսին 

Արևածագի գեղեցկությունը տեսնելու համար որոշել էինք վաղ ժամերին սկսել մագլցել լեռը. գիշերվա երեքին Բեհչեթն ասաց` «Ժամանակը եկավ, վե՛ր կացեք» ու բոլորին արթնացրեց։ Ներքևում մնացածները տաղավարում նախաճաշ էին պատրաստում, երբ խմբի անդամները վերադարձան։ Չնայած սարսափելի ցրտին՝ նկատում եմ, որ բոլորը «ուխտ»-ից շատ էին ազդվել։

(…) Նախաճաշից հետո սկսեցինք զրուցել։ Շրջանի ամբողջ պատմությանը քաջատեղյակ Անահիտ Տեր-Մինասյանն ավելի վաղ ասել էր` «Ես գիտեմ Սասունի` մինչև 19-րդ դարի պատմությունը», և ես նրան պատմեցի մեր ապրելակերպի ու մեր մեծերից լսած հին տոների մասին։ Իմ պատմածներից ազդված Անահիտ մայրիկն ասաց. «Իրականում մենք այսօր նշում ենք վերջին անգամ 1914 թ. խաղաղության, եղբայրության ու սիրո մեջ մեծ համայնքով նշված Մարաթուկի «ուխտի» հարյուրամյակը»։

Գիտեի, որ առավոտյան գյուղից եկած Հիքմեթ եղբայրը հայերեն երգեր գիտի, ու մեր հյուրերի համար ցանկացա անակնկալ անել։ Սակայն ինձ համար էլ անակնկալ եղավ այն, որ նա գիտեր նաև Անահիտի տատ Գյուլիզարի երգը։  երբ Հիքմեթն իր հորից սովորած Գյուլիզարի պատմությունը ներկայացնող դամբանականն էր երգում, չնայած որ դրանից 125 տարի էր անցել, Գյուլիզարի ենթարկված ստորացումները մեր` կանանց աչքերը արցունքով լցրեցին։ «Ես մի օտար հայ աղջիկ եմ, իմ կրոնի գերին եմ, սպանես էլ` կրոնիցս չեմ հրաժարվի…»: Մարդիկ բռնության ենթարկվելիս նրա երգած երգով դիմանալու ուժ են գտել իրենց մեջ, նրանք տարիներ շարունակ թե իրենց, թե Գյուլիզարի համար արտասվել են։ Այդ պատճառով էլ Գյուլիզարը ոչ միայն Անահիտ Տեր-Մինասյանի, այլ ստորացված բոլոր մարդկանց տատն է համարվում։ (…)

Երջանիկ հիշողություններ հոգու մի գաղտնի անկյունում  

Շրջագայության վերջին կանգառում Պետրոս Առաքյալի վանք այցելած մեր ընկերների վերադարձին սպասելիս Անահիտ մայրիկի հետ միասին նստում ենք գյուղապետի տան պարտեզում գտնվող ծառերի ստվերի տակ։ Որպես այդ օրվա հիշողություն՝ ցանկացա պարտեզից մի քանի ընկույզ քաղել։ Այդ ժամանակ նա ասաց. «Մեր պատճառով մարդկանց անհանգստություն մի՛ պատճառիր», սակայն ճյուղից պոկված կանաչ ընկույզները տեսնելիս ուրախացավ ու սկսեց թվել այն մարդկանց անունները, որոնց ուղարկելու է դրանք. «Մեկը` Ամերիկայում բնակվող Կարո Սասունիի երեխաներին, մեկը` Ֆրանսիայում գտնվող…»։

Խոսակցության ընթացքում գյուղապետն ասաց, որ մյուս տարի գուցե մինչև վանք կարողանա ճանապարհը շարունակել, իսկ մայրիկն էլ հավելեց. « Այդ դեպքում մյուս տարի անպայման կրկին կգամ՝ վանքը տեսնելու»։

Վերջին գիշերը Արամն ու Վահեն  ցանկացան քնել աստղազարդ երկնքի տակ, որի համար տանիքին ներքնակ փռեցին։ Առավոտյան գյուղում ճանաչողական նպատակով արված կարճատև զբոսանքի ժամանակ մեզ իրենց տուն հրավիրած հարևանների հետ հանդիպեցինք։ Այդտեղ անցկացրած մի քանի օրվա ընթացքում  մեր պապերից մնացած եկեղեցիների, տների ավերակները տեսնում-տխրում էինք, սակայն ամեն անգամ էլ ավերակների թախիծը մեղմացնող հյուրընկալ մտերիմ մարդկանց էինք հանդիպում։ Երբ նրանց Բաթման տանող միկրոավտոբուսի հետևից ջուր էի լցնում, ուրախացա, երբ մտածեցի, որ սրանից հետո իր երեխաներին ու թոռներին նա ոչ միայն դառը տարիներից մնացած հուշերը կպատմի, այլև` այստեղի մարդկանց հետ ապրած գեղեցիկ օրերից։

http://www.agos.com.tr/tr/yazi/22050/anahide-ter-minassian-in-ardindan-maratug-dagindan-tavitin-evine-yolculuk

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net


http://akunq.net/am/?p=64833

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: