İçeriğe geçmek için "Enter"a basın

Թումանյանի թիֆլիսյան վերնատունը Երևանում

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Երևանի Մոսկովյան 40 հասցեից կարելի է մտնել Թիբլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տուն։ Այս երկու հասցեների տերն էլ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է: Երևանյան թանգարանի մի հատվածը հենց այն նույնն է, ինչ թիֆլիսյանը: Այս հուշային մասում կարևոր դետալներից մեկը բանաստեղծի աշխատասենյակի առաստաղն է, որին նայել է Թումանյանը:

Բարձրանում եմ Երևանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի 54 աստիճաններով, որը բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է, մուտքից ներս մի քանի քայլ անելուց հետո թեքվում աջ, ապա ճանապարհս շարունակում ուղիղ այնքան, մինչև պատը չհուշի, որ ժամանակն է թեքվելու դեպի ձախ: Այստեղից արդեն հայտնվում եմ Թիֆլիսում:

Իմ առջև թանգարանի պատերից մեկն է, որի վրա նորագույն, վիզուալ տեխնոլոգիաների միջոցով տեսնում եմ Թբիլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տունը: Հենց այս տան երրորդ հարկի բնակարանում մինչև կյանքի վերջն ապրել է Թումանյանը:

Թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանի հետ մոտենում եմ պատին, բայց կարծես մոտենում եմ շենքի մուտքին: Թեքվում ենք ձախ ու մտնում շենք: Ամեն ինչ այնքան բնական է, կարծես բարձանում ենք մուտքով:

Սակայն սա դեռ վերջը չէ, շենք «մտածներին» անակնկալ է սպասվում: Այն հատվածում, որտեղից սկսվում է թանգարանի թիֆլիսյան մասը, պատին ամրացված է հուշատախտակը, որը երկար տարիներ զարդարել է Թումանյանի թիֆլիսյան տան շենքի պատը:

«Եղել է այն բնակարանի մուտքի մոտ, որտեղ, որ տունն է եղել: Հետո, տարիներ անց, հարմար չեն գտել, հանել են ցուցանակը, և որպեսզի չկորի, տեղափոխել ենք Երևան», -ասում է Անի Եղիազարյանը:

Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը վերականգնված է գրեթե ճշգրիտ նմանությամբ: Այստեղ ամեն բան բարձրաճաշակ է, եզակի ու միևնույն ժամանակ շատ ժամանակակից:

Բանաստեղծն ինքն անձամբ է զբաղվել տան հարդարանքով, անձամբ ընտրել տան բոլոր իրերը: Հյուրասենյակը բավական մեծ է՝ Անին ասում է՝ բնական է, Թումանյանն արդեն գիտեր, որ իր տունը հավաքատեղի էր դառնալու:

Բաց գույներով, ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակից մի դուռը տանում է դեպի աշխատասենյակ, որը կարծես թե, մշակույթների խաչմերուկ լինի:

«Թումանյանի հետաքրքրությունների տարբեր շրջանակներ այստեղ արտացոլված են՝ սկսած ռուսական մշակույթից, մինչև եվրոպական ու արևելյան»:

Աշխատասենյակում հնարավոր չէ անտարբեր նայել այն նույն առաստաղին, որին նայել է բանաստեղծը: Երևանում Թումանյանի թիֆլիսյան տան կրկնօրինակն ունենալու համար ամենաբարդ աշխատանքներից մեկը առաստաղի հարցն էր: Ամեն բան արված էր ձեռքով ու կտավի վրա: Այն ժամանակ 16-ամյա ճարտարապետ Ռուբեն Հովակիմյանի ընկերը՝ Պահարեն, դերասան Հայկ Պետրոսյանը, Թումանյանի դստերը՝ Թամարին, խորհուրդ է տալիս գործը վստահել Ռուբենին:

«Թամար Թումանյանն ինձ բացատրեց, որ առաստաղի պաստառը պետք է կտրելով հանել: Ասացի՝ այդպիսի բան երբեք չեմ արել, ինչպես անեմ: Գնաց դանակ բերեց»:

Անին մանրամասնում է՝ խոսքն ինչ դանակի մասին է:

«Դարակից հանում է մի փոքրիկ դանակ, որը պատրաստված էր եղնիկի ոտքից: Դա այն դանակն էր, որով Թումանյանը սիրում էր որսի գնալ»:

Որսի դանակով կատարված աշխատանքը մասնագետներ չեն արել, բայց գործը նուրբ, մանրակրկիտ ու մասնագետի հմտությամբ է արված:

Անին ասում է՝ թանգարանը հպարտանալու տեղ ունի. թանգարանում իրերի կրկնօրինակներ գրեթե չկան, բոլորը բնօրինակ են, ճիշտ նրանք, որոնք օգտագործել է բանաստեղծը: Սովորաբար իրերը ձեռք են բերում, իրենց պարագայում՝ անհատույց նվերներ են բոլորը: Բախտավորություն է՝ ասում է:

https://armradio.am/hy/6829

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın