İçeriğe geçmek için "Enter"a basın

Համշենի քերականության առաջին դասագիրքն ու դրա կարեւորությունը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Համշենահայ Հյուրիե Շահինը նախաձեռնել եւ հրատարակել է Համշենի քերականության առաջին դասագիրքը։ Ըստ Համշենի հայկական բարբառի մասնագետ Սերգեյ Վարդանյանի, այն լավագույն տարբերականերից է համշենահայերենի քերականությունը դասակարգելու համար:

«Ռադիոլուրին» Անկարայում բնակվող, համշենցի Հյուրիե Շահինը պատմել է՝ թե ինչ կարեւորություն ունի գրքի լույսընծայումը համշենցիների համար, եւ ինչո՞ւ այժմ: 

Համշենահայերենի պահպանման եւ փոխանցման գաղափարը սկսվել է մանկությունից՝ «Ռադիոլուր»-ին հայտնեց համշենահայ մտավորական Հյուրիե Շահինը՝ վերհիշելով իր մայրիկի պատմությունները։ Դրանց շնորհիվ ինքը ոչ միայն տիրապետեց բարբառին, այլեւ ՝ պահպանեց եւ դասագրքային մշակում ստացած հանձնում է սերունդներին: 

Հյուրիե Շահինը չի կարծում, որ համշենի բարբառը մեռնող լեզու է, ինչպես նախորդ տարի հայտարարել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ընդգծելով, որ Թուրքիայում 18 լեզու մահվան եզրին է, այդ թվում եւ արեւմտահայերը: Բարբառը պահպանելու համար համշենի քերականության դասագրքի հեղինակի գլխավորած «Խոպա» միությունը դիմել է Թուրքիայի ազգային կրթության նախարարությանը բարբառը որպես երկրորդ լեզու գրանցելու եւ դպրոցում ուսուցանելու արտոնություն տալու համար: 

«Ես այդքան էլ համամիտ չեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկման հետ: Այն պայմանավորված է իմպերիալիստական ուժերի վերաբերմուքնով, եւ ունի քաղաքական նպատակներ, ոչ թե մշակութային: Կարծում եմ, որ համշենահայերենը պահպանվում է Խոպայում, նաեւ մեծ քաղաքներում՝ Անկարայում: Ներկայում Թուրքիան հնարավորություն է տալիս փոքրամասնությանը որպես ընտրովի դաս դպրոցներում սովորել,  եւ մենք այդ հարցով դիմել ենք՝ համշենի բարբառը ընդգրկելու հարցով: Դեռ գործընթացը շարունակվում է, եւ չեմ կարող ասել, երբ վերջնական որոշումը կհայտնեն»,- ասում է Հյուրիե Շահինը: 

Ինչպես ծնվեց համշենահայերենի քերականության դասագրքի ստեղծման գաղափարը: Հյուրիե Շահինը նշում է, որ այս նախագիծը իր նախորդ՝ «Ինչպես է ուծացման քաղաքականությունը վտանգում բարբառները» գրքի շարունակությունն է։

Շահինը նախ սովորել է արեւմտահայերեն, ապա կյանքի կոչել մանկության երազանքը՝ պատմության մեջ առաջին անգամ ի մի է բերել եւ հրատարակել համշեներենի քերականության առաջին դասագիրքը: Դասագիրքը դեռ վաճառքի չի հանվել, բայց պահանջարկ արդեն ունի՝ ասում է Հյուրիե Շահինը եւ հավելում, որ տպաքանակը մեծ չէ՝ 1000 օրինակ:

«Ուսումնասիրելով արեւմտահայերենը հասկացա, որ իրականում, իրոք, համշենահայերենը հայոց լեզվի բարբառներից մեկն է, դասական հայերեն է, խոսքը հենց հայոց լեզվի մասին է»: 

Անկարայում բնակվող Հյուրիե Շահինը նշում է, որ իրենք կապ պահպանում են Աբխազիայում, Կրասնոդարի երկրամասում բնակվող համշենցիների հետ, եւ չնայած որոշ թուրքական եւ ռուսական շեշտադրումների տարբերության, հաղորդակցվում են, միմյանց հասկանում։ 

Համշենագետ, հայագետ Սերգեյ Վարդանյանը կարծում է, որ բարբառն օգտագործողների թիվը տարեց-տարի նվազում է, եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մտահոգությունը ավելի շատ վերաբերում է Թուրքիայում բնակվող համշենցիներին: 

Բարբառը պահպանելու համար համշենագետը այս տարի 3000 բառից բաղկացած բառարան է պատրաստվում տպագրել: Որտեղ եւ քանիսն են այսօր խոսում Համշենի բարբառով:

Արդվինի նահանգում ապրում է մոտ 25 հազար հայախոս, Զաքարյայում եւ Դյուզջեյում շուրջ 1000 հայախոս կա: Ինչպես նաեւ Ստամբուլում, մոտ 1000 հոգի: Ռիզեյում՝ շուրջ 100 հազար, որոնք թուրքերեն խոսքում հայերեն բառեր օգտագործում են, բայց թուրքախոս են: Ամբողջ Թուրքիայում գուցե 200 հազար թուրքախոս համեշանահայեր լինեն:

http://armradio.am/hy/6683

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın