İçeriğe geçmek için "Enter"a basın

Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները

Անժելա Սարգսյան

Հուշարձանագետ, թուրքագետ 

Կարսի պատմությունից

Կարսը միջնադարյան Հայաստանի մինչ օրս պահպանված քաղաքներից է:  Այն գտնվում է համանուն Կարս գետի ափին (Ախուրյանի աջակողմյան վտակը), շրջապատված է   բլրապատ բարեբեր դաշտերով, ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա:

Կարսն, իբրև բերդ կամ սովորական բնակավայր, գոյություն ուներ հնագույն  ժամանակներից, թեպետ  որպես  բերդաքաղաք` մեր  մատենագրության մեջ  հիշատակվում է  համեմատաբար ուշ: Կարս քաղաքի  անունը կապվում է  այդ կողմերում  հնագույն ժամանակներում բնակվող  ‹‹կարենիտներ››  ցեղանվան հետ: Այս մասին  հիշատակված է Քսենոփոնի մոտ: Ժողովրդի կողմից ‹‹Կարս››-ն աղավաղվելով`  դարձել է ‹‹Ղարս››:

Կարսը գտնվում էր Այրարատ աշխարհի Վանանդ գավառում, և նրա առաջին տերերը եղել են 4-րդ դարից հիշատակվող Վանանդի իշխանները: Ամենայն հավանականությամբ այն ի սկզբանե եղել է Վանանդի կենտրոնը, նրա գլխավոր բերդը, նախարարների աթոռանիստը:

Քաղաքի վաղ շրջանի պատմության վերաբերյալ գրավոր արժանահավատ աղբյուրներ գրեթե չկան, և հին քաղաքի տեղում չեն կատարվել նաև հնագիտական ուսումնասիրություններ:  Կարսն առավել հայտնի է դարձել ավելի ուշ՝ սկսած 9-րդ դարից, երբ Հայաստանը թևակոխել է զարգացած ֆեոդալիզմի  դարաշրջան: Սա այն շրջանն  է, երբ երկրում  սկսեցին հիմնվել տասնյակ նոր քաղաքներ, կամ  նախկինում գոյություն  ունեցող շատ   բերդեր ու ամրոցներ՝ այդ թվում նաև Կարսը վերածվեցին քաղաքների: Վերջինս 9-րդ դարից  հիշատակվում է իբրև բերդաքաղաք, իսկ 928 թվականին դառնում է Հայաստանի մայրաքաղաք[1]: Սակայն կարճ ժամանակ անց  Աշոտ 3-րդ Ողորմած թագավորը Բագրատունյաց  թագավորության  մայրաքաղաք է հռչակում  Անին: Կարսը մնում  է  որպես Բագրատունիների  ռազմական կենտրոն, իսկ  Աբաս թագավորի օրոք, դառնում է Բագրատունիների  կրտսեր ճյուղի՝ Կարսի կամ Վանանդի  ֆեոդալական փոքր  թագավորության մայրաքաղաք[2]:  947 թվականին, այն բանից հետո, երբ  կաթողիկոսական աթոռն Աղթամարից տեղափոխվում է  Կարսից արևելք գտնվող Արգինայի Կաթողիկե տաճար, Կարսը դառնում է նաև  հոգևոր կենտրոն (մինչ այդ արդեն սկսել էր կառուցվել Սուրբ Առաքելոց եկեղեցին), այն արագ աճում  ու դառնում  է խոշոր ու բարեկարգ քաղաք[3]:

Կարսի մեկդարյա թագավորության ընթացքում զարգացում են ապրել  երկրագործությունը, անասնապահությունը, գինեգործությունը: Կարսը հայտնի էր նաև պղնձի, արծաթի,  երկաթի,  արճիճի, ինչպես նաև` աղի հանքերով, ինչի արդյունքում զարգացած էր նաև  արհեստագործությունը: Կարսն առանձնահատուկ դեր ուներ նաև տարանցիկ առևտրի մեջ, ինչի մասին ստորև վկայում է նաև Արիստակես Լաստիվերտցին: Այսպիսով, քաղաքը   հատկապես նշանակալից էր իր առևտրա-արհեստավորական  կյանքով[4]:

Կարսի թագավորությունն անկում է ապրում 1065 թվականին: Գագիկ Աբասյան Բագրատունին, խուսափելով սելջուկների տիրապետությունից, իր տիրույթները թողնում է  Բյուզանդիային՝ տարածքներ ստանալով  Կապադովկիայում[5]: Նկարագրելով  այս քաղաքի ավերումը սելջուկյան արշավանքների ժամանակ՝ 11-րդ  դարի  հայ մատենագիր Արիստակես  Լաստիվերտցին  վկայում է, որ վերջինս հարստացել էր ‹‹բազում  ընչեղությամբ ի ծովէ և ցամաքէ ամբարեալ››:  Լաստիվերտցու այս խոսքերը ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ Կարսի  հարստացման  աղբյուրը եղել է  ծովային  ու  ցամաքային  առևտուրը[6]:

1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդական կայսրությունը, ծանր պարտություն կրելով, ստիված է լինում սելջուկներին զիջել մի շարք քաղաքներ ու գավառներ, որոնց թվում նաև` Կարսը: 1206-1207 թվականներին հայ-վրացական բանակը՝ Զաքարյան եղբայրների գլխավորությամբ, պաշարում է Կարսը: Վերջինս միացվում է Վրաստանին և հանձնվում Թամար թագուհու որդուն: Հետագայում, Լենկթեմուրն իր երկրորդ արշավանքի ժամանակ (1394թ.) գրավում է Կարսը[7]:

Կարս քաղաքի հատկանշական կառույցներից է Կարսի բերդը, որը հայ և օտար մատենագիրները 9-րդ դարից սկսած հիշատակում են ‹‹Ամրոցն Կարուց››, ‹‹Կարուց բերդ››, ‹‹Ամուրն Կարուց›› անուններով: Կարսի բերդը բազմիցս ավերվել է արևելքից արշաված քոչվորների պատճառով և թուրք-պարսկական պատերազմների հետևանքով: 15-րդ դարում այն գրավվում է օսմանցիների կողմից՝ արևելքում դառնալով կարևոր հենակետ:

19-րդ դարում արդեն Կարսը մեծ համբավ էր վայելում: Ռուս-թուրքական  պատերազմների  ժամանակ այն բազմիցս ձեռքից ձեռք է անցնում, իսկ 1877 թ. նոյեմբերի 6-ին գրավվում է հայազգի գեներալ Լազարևի կողմից ու դառնում  Ռուսական կայսրության համանուն Կարսի մարզի  կենտրոնը[8]:

19-րդ դարում Կարսն ուներ 18 եկեղեցի (Սուրբ Նշան, Սուրբ Աստվածածին, Սուրբ Առաքելոց,  Սուրբ Գրիգոր, Սուրբ Մարիամ և այլն) և մի քանի մզկիթ, որոնց զգալի մասն ավերված ու լքված էր: Թուրքական լծից ազատագրվելուց հետո քաղաքում բավական աշխուժանում է  կրթական գործը:  1880 թ.  քաղաքում բացվում են տարրական արական և իգական ուսումնարաններ: 1909 թ-ից սկսում է գործել  իգական գիմնազիան: Նշվածները ռուսական  դպրոցներ էին: Դրանցից բացի`  հայկական մի քանի  եկեղեցիներին կից կային տարրական  ուսումնարաններ: Այդպիսի ուսումնարան ուներ, օրինակ, Սուրբ Մարիամ եկեղեցին[9]:

Առաջին աշխարհամարտից հետո Կարսը դառնում է Հայաստանի նորաստեղծ Հանրապետության կարևոր քաղաքներից մեկը՝ Վանանդ գավառի կենտրոնը: Սակայն հանրապետությունն անկում է ապրում, իսկ քաղաքը 1918 թ. մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի պայմանագրով կրկին թուրքերին է անցնում[10]:

1921 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրվում է Կարսի պայմանագիրը:  Այն գրեթե նույնությամբ կրկնում էր 1921 թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի ռուս–թուրքական (այն ստորագրվել է առանց Հայաստանի ներկայացուցչի մասնակցության) պայմանագրի դրույթները:  Այսպիսով Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը անցնում են Թուրքիային[11]: Այսօր Կարս քաղաքում կարելի է տեսնել այն վագոնը, որտեղ ստորագրվել է Կարսի՝ մեզ համար տխրահռչակ պայմանագիրը:

Կարսի կառուցվածքը

Կարսը  տիպիկ քաղաք–ամրոց էր ՝ բաղկացած միջնաբերդից, շահաստանից (երկուսն էլ պաշտպանված էին պարիսպներով) ու արվարձաններից, ինչպես նաև պաշտպանական կառույցներից (պարիսպներ, խանդակներ, գաղտնուղիներ): Պաշտպանական  նկատառումներով  քաղաքը հիմնադրվել է ընդարձակ սարահարթի  վրա և  հյուսիսից, արևմուտքից ու հարավ-արևմուտքից պաշտպանված է տարբեր բարձրության  լեռնապարերով: Սարահարթի հյուսիս-արևմտյան անկյունում մոտ 800 մ երկարությամբ ձգվում է  մի բարձրադիր ժայռազանգված: Դրա վրա էլ ստեղծվել է  Կարսի բերդը, որը տարածքի ընտրությամբ և հավելյալ պաշտպանական կառուցվածքներով  Հայաստանի ամենաանառիկ բերդերից մեկն էր ու կանգուն է առ այսօր[12]:

Հետագայում,  9-13-րդ դարերում հենց այդ բերդի  շուրջն էլ  ծավալվում  է  քաղաքը, իսկ  բերդը  մնում է իբրև միջնաբերդ:  Արդեն թուրքական տիրապետության  ընթացքում,  Կարսի հայկական հին բերդը շարքից դուրս է գալիս: Թուրք բռնակալները պաշտպանական նոր կառույցներով պարբերաբար ամրացնում  են այն: Համաձայն թուրք պատմիչ  Փեչևիի  վկայության` Կարսի բերդը հիմնովին վերակառուցվում է 1578 թվականին: Հետագայում  ամրակայման աշխատանքները շարունակվում են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին  համարվում  էր Վերդենին (Ֆրանսիա) հավասար հռչակ ունեցող բերդ: Կարսի բերդն ուներ  կրկնակի պարիսպներ՝ 26 աշտարակներով, որոնցից  17-ը  գտնվում էին հարավային կողմում, իսկ 9-ը`  արևմտյան: Քաղաքի չորս անկյունների աշտարակները  մյուսներից  ավելի մեծ էին  ու բարձր:  Պարիսպների բարձրությունը 10-12 մ էր, պատերի  լայնությունը՝ 1,5 մ,  բերդի ընդհանուր երկարությունը 1000 մ էր, լայնութունը՝ 500մ: Ջրով լեցուն խանդակներն ու արհեստական լճերը մեծացնում էին հարավային պարսպի  անմատչելիությունը: Կարսի բերդի ողջ համալիրում  երբեմն  տեղավորվում  էր 30000-40000 զինվոր: Բերդի ամրություններն ու մյուս կառույցները շարվել են անմշակ քարերով, բայց ամուր են, բարձր ու գեղեցիկ[13]:

Բուն միջնաբերդը  տեղադրված էր Կարս գետի աջակողմյան ժայռի վրա: Ամենայն հավանականությամբ միջնաբերդը, որը շրջապատված էր կրկնակի պարիսպներով, համապատասխանում է հին հայկական բերդին, իսկ  բերդը  կառուցվել է ավելի ուշ՝  թուրքական տիրապետության շրջանում և կցվել առաջինին:  Նախքան թուրքական լծից  ազատագրվելը Կարսի բերդը բնակեցված էր բացառապես  թուրքերով և բաժանված 17 թաղերի  (‹‹mahalle››, մահալլե)[14]:

Միջնաբերդի աշտարականման դղյակի տակից անցնում էր գաղտնուղին, որը կիրճի խիստ թեք լանջով հասնում էր մինչև Կարուց գետը: Դղյակի շուրջը դասավորված էր միջնաբերդի տարբեր բնույթի շինությունները:

Շահաստանը ևս միջնադարյան քաղաքների բաղկացուցիչ մասն էր կազմում, որտեղ կենտրոնացած էր ողջ գործարար կյանքը: Կարսում շահաստանը կամ Հին քաղաքը` մոտ  30 հա տարածությամբ, փռված էր ժայռազանգվածի հարավային փեշին և բոլոր կողմերից շրջապատված քարե հզոր կրկնապարիսպներով: Դրանց կազմում կային  բազմաթիվ  բուրգեր (հատակագծում` կլոր և ուղղանկյուն): Պարիսպների մեջ բացվում էին չորս  դարպասներ (մեկը՝ արևելյան, երկուսը՝ հարավային, մեկը արևմտյան պատերում): Ներսի պարսպի ուղղանկյուն  և կիսաշրջան  բուրգերը բավականաչափ խիտ էին դասավորված (10-12մ հեռավորությամբ)` մեծացնելով  նրա պաշտպանական  նշանակությունը:[15]

Քաղաքային  պարիսպներից դուրս, բոլոր կողմերում՝ բացի հյուսիսայինից, տեղաբաշխված էին մեծ ու փոքր  արվարձաններ, որոնց ընդհանուր թիվը  հասնում էր 10-ի: Դրանցից էին ‹‹Օրթա-Կապու›› (Orta Kapı), ‹‹Սու-Կապու›› (Su Kapı ), ‹‹Բայրամ-փաշա›› (Bayram Paşa), ‹‹Թիմուր փաշա›› (Timur Paşa) արվարձանները  և այլն: Դրանցից ամենակարևորը  ‹‹Օրթա-Կապու›› կոչված  հարավային  արվարձանն էր, ամենամեծ  ու ամենահարմարավետը  Նոր Կարսի կառուցապատման համար[16]: Այն գտնվում էր  միջնաբերդից հարավ ընկած հարթավայրում: Ռուսաստանին միացվելուց հետո այս արվարձանը հիմնովին վերակառուցվում է:  Դրան  նպաստում է այն,  որ  գրավվելուց  մեկ  տարի  անց՝ 1878 թվականի  հունիսին, հրդեհի պատճառով  այն համարյա  ամբողջովին  այրվում է: ‹‹Բայրամ-փաշա›› արվարձանը առաջացել էր միջնադարյան Կարսի քաղաքապարիսպներից  դուրս, նրա արևելյան դարպասի մոտ, Կարս-Ալեքսանդրապոլ (այժմյան Գյումրի) խճուղային ճանապարհի  ուղղությամբ: Հայերով բնակեցված ‹‹Սու-Կապու›› կամ «Ջրի դուռ»  և հայկական (բերդի հարավ-արևմտյան փեշերին) արվարձանները  տեղաբաշխված էին  դեպի գետն իջնող  աջափնյա  թեք  տարածքի վրա:  Նույն կողմում, փոքր–ինչ  հարավ  գտնվում էր ‹‹Թիմուր փաշա›› արվարձանը, որն իր անունը ժառանգել էր ժամանակին այնտեղ գտնվող ամրոցիկի անունից: Մի քանի ոչ մեծ արվարձաններ  տեղաբաշխված էին  գետի ձախ ափին[17]:

Քաղաքի տարբեր մասերն իրար էին կապվում Կարս գետի վրա կառուցված չորս կամուրջների շնորհիվ: Դրանցից մեկը ավերվել է 1880 թվականին, իսկ հին շուկայի մոտ գտնվող Փայտաշեն կամուրջը կամ Մազլումի կամուրջը շարքից դուրս է եկել 1891 թվականին:  Մետաղյա կամուրջը կամ Միքայելյան կամուրջը   կառուցվել է  1899 թվականին:

Կարսի Քարե կամուրջը (Taş Köprü, Karahanoğlu Köprüsü) կամ, ինչպես առավել հայտնի է,  Վարդանի կամուրջը կառուցվել է 10-րդ դարում Կարս գետի վրա[18]: Այս եռաչք կառույցը միջնադարում ծառայել է հաղորդակցության և բեռների փոխադրման համար: Բազալտ քարից կառուցված այս կամուրջը Կարս ժամանող զբոսաշրջիկների պարտադիր այցելության վայրերից է: Կամուրջը քաղաքի հին թաղամասերը կապել է Կարսի բերդի և Առաքելոց եկեղեցու հետ: Քարե կամուրջն անվանել են նաև Վարդանի կամուրջ: Ըստ ավանդության կամրջի տակ չարքեր են եղել, ինչն էլ վախեցրել է մարդկանց, և քահանան ասել է` երբ մարդիկ կանչեն Վարդանին, չարքերը կհեռանան:

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին

Կարսի կարևորագույն հուշարձաններից է վերջինիս այցեքարտը համարվող Սուրբ Առաքելոց  կամ Տասներկու առաքյալների եկեղեցին, որը կառուցվել է Աբաս Բագրատունի  թագավորի օրոք` 930-940-ական թվականներին: Սուրբ Առաքելոց եկեղեցին  կենտրոնագմբեթ կառույց է, Թմբուկն արտաքուստ 12 նիստանի է, զարդարված զույգ որմնասյուներին  հիմնվող  քանդակազարդ  կամարաշարով: Նիստերի հատման կողերին,   կամարաշարի  անկյուններից վեր  մարդու կերպարանքով  բարձրաքանդակներն են, որոնք պատկերում են տասներկու առաքյաներին: Մեծ ու փառահեղ այս կառույցը  ներկայում  վերածված է մզկիթի, իսկ  առաջին անգամ այն  մզկիթի է վերածվել 1579 թվականին[19]: Թեպետ թուրքական «Սաբահ» օրաթերթի կայքում տեղեկություն է հանդիպում նաև, թե Սուրբ Առաքելոցն առաջին անգամ մզկիթի է վերածվել 1064 թվականին՝ վերանվանվելով Քյումբեթ ջամի (‹‹Kümbet Camii›› գմբեթավոր մզկիթ)[20]: Արդեն 1880-ականներին, Ռուսական կայսրության  իշխանության տակ գտնվելով, եկեղեցին  դարձել է ռուսական ուղղափառ եկեղեցի: Քեմալականների օրոք եկեղեցին երկար ժամանակ լքված է եղել և ծառայել որպես խոտի ամբար: 1963 թ. այն դարձել է թանգարան, իսկ 1988 թվականից կրկին մզկիթի է վերածվել[21]:

Հազարամյակը բոլորած այս կառույցը ճարտարապետական փոփոխության գրեթե չի ենթարկվել: Եկեղեցու պատերն առ այսօր զարդարում են արքայական զինանշանը, խաչերն ու առաքյալների պատկերները: Փոխարենը բացակայում է գմբեթի խաչը, ինչն ամենակարևորն է, և ինչի հետևանքով Կարսի Առաքելոցը կորցրել է իր բովանդակային նշանակությունը:

Կարսեցի Չարենցը  

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը իր հայրենի քաղաքին նվիրված ‹‹Երկիր Նաիրի›› վեպում այսպես է նկարագրում Կարսը. ‹‹Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական  հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի, և բացի նրանից չկա  մի ուրիշ  ավելի հմայիչ  զարմանք քաղաքացիների  համար: Ինչ-որ է հոգին մարմնի նկատմամբ, ինչ–որ է  ուղեղը, աչքը  կամ սիրտը՝ մարդու  կազմվածքում–նույնն է Առաքելոց եկեղեցին  նաիրյան այդ քաղաքում: … Նա թողնում է նստած վարդապետի տպավորություն: Քարե ծեր մի վարդապետ է կարծես, նստել է բլուրի լանջին ու մնացել նստած-դարեր, ու կմնա նստած, քանի դեռ կա աշխարհը և անհուն աշխարհում– երկիր Նաիրին››[22]:

Կարսում է գտնվում նաև Եղիշե Չարենցի տունը, որից միայն կիսավեր պատերն են մնացել: Այն կարևոր այցելության վայրերից մեկն է այստեղ:

Կարսը նկարագրելիս հարկ է նշել Կարս և  Գյումրի քաղաքների նմանությունը, ինչի արդյունքում  հաճախ կարող ենք հանդիպել ‹‹քույր քաղաքներ›› արտահայտությանը:

Միջնադարյան Հայաստանի առ այսօր կանգուն մնացած այս քաղաքը ներկայում իր վրա է կրում դարերի հետքը՝ մեկտեղելով թե′ ռուսական, թե′ թուրքական և թե′ հետզհետե նվազող հայկական մշակութային, պատմական և ճարտարապետական ազդեցությունները:

[1] Հակոբյան Թ. Խ.,  Պատմական Հայաստանի քաղաքները, Երևան 1987թ., էջ 166-167:

[2]  Հարությունյան ՎՄ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան 1992թ., էջ 192:

[3] Մովսիսյան ԱԵ., Արևմտյան Հայստանի  10 ուխտավայրեր, Երևան 2011թ., էջ 26:

[4]  Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները  Հայաստանում IX-XIII դդ., Երևան 1958թ., էջ 80-81:

[5]  Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, Երևան 1979թ.,  էջ 345:

[6]  Մանանդյան ՀԱ.,  Քննական տեսություն հայ ժողովրդի  պատմության,  հատ. 2,  Երևան 1960թ., էջ 357:

[7]  Վարդանյան Ս., Հայաստանի մայրաքաղաքները, Երևան 1995թ., էջ 139:

[8]  Հայկական սովետական հանրագիտարան, նշվ. աշխ., էջ 343:

[9]  Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 3, Երևան 1991թ., Էջ 70:

[10]  Հակոբյան ԹԽ.,  նշվ.աշխ., էջ 169-170:

[11]  Մովսիսյան ԱԵ., նշվ.աշխ., էջ 32-33:

[12]  Հարությունյան ՎՄ., նշվ. աշխ.,  էջ 192:

[13]  Հակոբյան ԹԽ.,  նշվ. աշխ., , էջ 173:

[14]  Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, նույն տեղում, Էջ 70:

[15]  Հարությունյան ՎՄ., նշվ. աշխ.,  էջ 192:

[16]  Նույն տեղում,  էջ 475:

[17]  Հարությունյան Վ.Մ., ‹‹Միջնադարյան Հայաստանի քաղաքաշինական կուլտուրան››, Պատմա-բանասիրական հանդես N2, 1963 թ., էջ 46:

[18]  Վարդանյան Ս., նշվ. աշխ.,  էջ 147:

[19]  Մովսիսյան ԱԵ., նշվ. աշխ., էջ 24:

[20]https://www.sabah.com.tr/turizm/2018/09/11/dogunun-gizemli-sehri-kars?fbclid=iwar1ialmm7ehiiiqwcwrykqlm9tubbyf6finvkax2hqzfqzwvpqv6usqgyc4

[21]  Մովսիսյան ԱԵ., նշվ. աշխ., էջ 24-25:

[22]  Վարդանյան Ս., նշվ. աշխ.,  էջ 136:

Akunq.net 

Related

Աշխարհի կողմից մոռացված կայսրություն. BBC-ն ներկայացրել է 1001 եկեղեցիների քաղաք Անին2016/03/16In “Արեւմտեան Հայաստանն այսօր”

ՍԱՐԻՂԱՄԻՇ2010/02/23In “Պատմական Հայաստանի քաղաքներ”

Անիի ավերակների ստորգետնյա գաղտնիքները2014/08/26In “Նորութիւններ”


http://akunq.net/am/?p=64741

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın