İçeriğe geçmek için "Enter"a basın

ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ. Փայլանը թե Թուրքիայում, թե դրա սահմաններից դուրս Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող առաջատար ձայնն է

Ermenihaber.am-ը շարունակում է «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների հատուկ շարքը՝ մտահոգված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի  դեմ իրականացվող քրեական հետապնդումներով։

Հայոց ցեղասպանության հարցի մասին բարձրաձայնող և Թուրքիայի իշխանություններին հրապարակավ համարձակորեն քննադատող Փայլանին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությանը և նախագահին վիրավորելու մեջ:        

Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:

Փայլանի դեմ իրանականցող «արշավին» իր գնահատականն է տվել Բուենոս Այրեսի համալսարանի Հայոց ցեղասպանության դասընթացի իրավական ասպեկտների դոցենտ, խտրականության դեմ պայքարի, Հոլոքոստի և ցեղասպանությունների հարցերով անկախ փորձագետ Լուչիանա Մինասյանը:          

Ermenihaber.am-ի հետ զրույցում Լուչիանա Մինասյանը նշել է, որ Գարո Փայլանի դեմ սկսված դատական գործընթացների դրդապատճառը ամբողջովին քաղաքական բնույթ ունի:  

«Գարոն ոչ միայն «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) անդամ է, այլև եղել է առաջատար ձայնը, որը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը թե Թուրքիայում,  թե դրա սահմաններից դուրս: (Մենք պետք է գնահատենք, թե արդյոք  կարող ենք այդ իրավիճակում իրավական առավելություն ստանալ Փայլանին Թուրքիայից դուրս պաշտպանելու հնարավորության համար): Իմ անձնական փորձից կարող եմ ասել՝ ես ականատես եմ եղել, թե ինչպես է նա հարցը բարձրացրել Ֆրանսիայում և Հայաստանում: Անձամբ ես լրջորեն վախենում եմ նրա անվտանգության համար՝ սկսած 2017 թվականի սկզբից: Ցեղասպանության թեման Թուրքիայի խորհրդարանում բարձրաձայնելու համար նրան արդեն մեկ անգամ հեռացրել են նիստերից, և չնայած դրան, իր իսկ խոսքերով նա նախկինում կարողացել է բազմիցս հարցը բարձրացնել առանց հետագա հետևանքների: Բայց այդ պահից էլ սկսած ավելի քան պարզ էր, որ ապագայում նրա հայտարարությունները վտանգավոր էին դառնալու, հատկապես իր համար: Խոսքի ազատությունը Թուրքիայում ամբողջովին խոցելի է դարձել այսպես կոչված «հեղաշրջման հետաքննությունից» հետո: Մեզանից ոմանք հնարավորություն էին ունեցել հանդիպել դասախոսների, որոնց ստիպել են հրաժարվել համալսարանում իրենց ակադեմիական պաշտոնից, կամ իրավապաշտպանների, որոնք բացահայտ խոսել էին ռեժիմի մասին, սակայն դարձել են ավելի զգուշավոր (երբեմն նույնիսկ սոցիալական կայքում իրենց մեկնաբանություններում ավելի զուսպ են դարձել): Չհիշատակենք բոլոր նրանց, ովքեր ամեն օր ձերբակալվում են:

Անդրադառնալով Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածում կատարված այն փոփոխությանը, ըստ որի այս հոդվածով հետաքննություն սկսելու համար այսուհետ պետք է լինի Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը, Մինասյանը հետևյալ գնահատականն է տվել.  
     
«Իրականում, գործերի հարուցման համար նախարարության հաստատումը չի ապահովում հուսալի և շարունակական երաշխիք: Դա մեծապես կախված է քաղաքական իշխանության դիրքորոշումից: Իշխող քաղաքական ուժի կամքում ցանկացած փոփոխություն կամ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում փոփոխվող քաղաքական բալանսները կարող են խանգարել որպեսզի այս երաշխիքը գործի: Քանի դեռ 301-րդ հոդվածը կա օրենսգրքում, այն կչարաշահվի  թուրքական հասարակության ազգայնական տարրերի և պետական ապարատի կողմից»:

Հարցին թե հաշվի առնելով Փայլանի կուսակիցների ձերբակալությունները՝ ինչքան է հավանականությունը, որ հայ պատգամավորին նույնպես կազատազրկեն, Լուչաինան այսպես է պատասխանել.

«Հավանականությունը բարձր է և եթե նախկին սցենարով հասարակությունը և համայնքը կարող էին գործիք լինել հակազդելու համար, այսօր ոչ: Ըստ «EGAM»- ի («Եվրոպական հասարակական հակառասիստական շարժում») ներկայացուցչի, 2018 թվականի ապրիլի 24-ի ցույցերը որոշ հասարակական կազմակերպությունների համար վտանգավոր են եղել:  «EGAM»- ի ներկայացուցչը նույնպես մասնակցել էր  2018 թվականի ապրիլի 24-ի ցույցերին: Ձերբակալվել էին մարդիկ, որոնք «Ցեղասպանություն» գրությամբ պաստառներ էին պարզել: Գարո Փայլանը լիովին ասոցացվում է այդ հարցի հետ: Պակաս կարևոր չէր Գարո Փայլանի մասնակցությամբ մյուս ակցիան՝ «Շաբաթ օրվա մայրերի» 700-րդ ցույցը, որը տեղի էր ունեցել 2018 օգոստոսին: Այդ ցույցը կարելի է ասել ավարտվեց Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալությամբ: Այդ օրը արված լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես է Գարոն փորձում խոչընդոտել ձերբակալությանը, տպավորվել են մեր հիշողության մեջ: Հավանաբար դա Թուրքիայի կառավարության համար շրջադարձային կետ էր, քանի որ Գարո Փայլլանը շարունակում է պայքարել մարդու իրավունքների համար, կարծելով թե ապրում էր մի երկրում, որտեղ խոսքի ազատությունը տրված բոլորին:

Հարցազրույցի վերջում Լուչիանա Մինասյանը շեշտել է, որ Գարո Փայլանի գործի վրա պետք է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, անմասն պետք է չմնան նաև Հայաստանի իշխանությունները:

«Վերհիշելով Փերինչեքի գործը (Դողու Փերինչենքն ընդդեմ Շվեյցարիայի- խմբ.)՝ կարծում եմ, որ Հայաստանը շատ ուշ ներգրավվեց դրանում որպես 3-րդ կողմ: Խորապես համոզված եմ, որ Փայլանն աջակցության կարիք ունի՝ սկսած Հայաստանի կառավարությունից միջազգային հանրության և այլ շահագրգիռ կողմերի ուշադրությունը գրավելու համար: Հավանաբար քաղաքականությունը և աշխարհաքաղաքականությունը կարևոր դեր կխաղան (գուցե հենց այդ նույն պատճառով է, որ մենք աջակցություն չենք ստանում այնպիսի հարցերում, ինչպիսին ցեղասպանության ճանաչումն է) և  հավանաբար մենք որոշ պետություններից աջակցություն չենք ստանա, բայց, քանի որ Թուրքիայի խնդիրը խոսքի ազատության հարցում հաստատված խնդիր է աշխարհում, մենք կարող ենք օգուտ ստանալ բազմաթիվ ՀԿ-ներից, որոնց զբաղվում են Թուրքիայում ձերբակալությունների գործերով: 
Հավանաբար, պետք է ինքներս մեզ հարցնենք՝ Գարո Փայլանի դեմ քրեական հետապնդման հարցում մենք, որպես ոչ Թուրքիայի քաղաքացիներ ինչ կարող ենք անել: Ի՞նչ կարող է անել Հայաստանի կառավարությունը բացի իրազեկությունը բարձրացնելուց և  հարցը որպես խոսքի ազատության խնդիր ներկայացնելուց: Սփյուռքի հայ իրավաբանները ի՞նչ կարող են անել այս իրավիճակում: Կարող են արդյո՞ք հայ և սփյուռքահայ իրավաբանները միավորվել և ներկայացնել լուծում, պահանջ կամ հայց: Կամ կարո՞ղ ենք  թուրք իրավաբանների հետ խորհրդակցել և պարզել, թե նախ կարող ենք կանխել Գարոյի անձեռնմխելիությունից զրկումը ապա նաև ձերբակալությունը: Արդյոք թուրքական դատավորները անկախ են ու կկարողանա՞ն աջակցել Գարոյին»:

Հարցազրույցը՝ Գևորգ Կալլոշյանի

https://www.ermenihaber.am/am/news/2019/02/15/ՄԵՋԼԻՍԻ-ՀԱՅԸ-41/148093

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: