İçeriğe geçmek için "Enter"a basın

«Մեր ժողովուրդն ապրում է բարի սպասումներով». Պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Գարեգին Բ-ի

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի շրջանակներում, փետրվարի 3-ի երեկոյան Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի  հայոց թեմի թեմական խորհրդի կողմից տրվեց պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի:

Մայր Աթոռից NEWS.am-ից հայտնում են, որ ճաշկերույթին ներկա էին հայ համայնքի երեք հարյուրից ավելի անդամներ, բարերարներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թեմի հոգեւոր սպասավորներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ: Հանդիսավարն էր     թեմական խորհրդի փոխատենապետ դոկտ. Ստեփան Գրքաշարյանը:

Երեկոյին գեղարվեստական կատարումներով հանդես եկան համայնքի պարախմբերը, նվագախմբերը, երգչախմբերն ու տաղանդավոր ասմունքողները` մեծ ոգեւորություն ու ցնծություն պարգեւելով ներկաներին:

Հանդիսության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության գրեր շնորհեց նորակառույց առաջնորդարանի մի շարք բարերարների, այդ թվում նաեւ տիար Արմեն Բաղդասարյանին` եկեղեցուն եւ առաջնորդարանին մատուցած իր երկարամյա ծառայության համար:

Երեկույթն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնության պատգամով:

«Գոհություն ենք մատուցում Աստծուն, որ քաջալերությամբ լեցուն, պայծառ պահեր ապրեցինք ձեզ հետ միասին: Մեր աղոքները միավորեցինք աշխարհի խաղաղության, Քրիստոսի Սուրբ Եկեղեցու անսասանության եւ մարդկության կյանքում Տիրոջ շնորհների առատության համար: Զգացինք մեր ժողովրդի սերը Առաքելական մեր Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու մայր հայրենիքի հանդեպ եւ ուրախացանք հատկապես՝ Հայաստանից այսքան հեռու մեր երեխաների շուրթերից լսելով մայրենի բարբառը:

Հայրապետիս համար հոգու խնդություն է, սիրելիներ, տեսնել ձեր եկեղեցանվեր ու ազգաշահ գործերը, որոնք շենացնում են համայնքային կյանքը, ինչպես նաեւ՝ ունկնդիր լինել Ավստրալիայում ապրող մեր ժողովրդի հանդեպ հարգանքի ու գնահատանքի խոսքերին, որոնց արժանանում եք այս օրհնյալ երկրում ձեր հավատավոր կյանքով, ձեր գործունեությամբ ու վաստակով: Արդարեւ, հայկական համայնքների մեջ Ավստրալիայի համայնքը ամենաերիտասարդներից է, սակայն ունի ամուր արմատներ եւ ավանդներ, որոնք ձեր՝ եկեղեցական, ազգային մարմինների, բարերարների նախանձախնդրությամբ ու բարի հավատքով շարունակվում են ու զորանում:

Այստեղ նույնպես հեշտ չի սկսվել ձեր հայրերի ու պապերի կյանքը, հեշտ չի ստեղծվել հայկական համայնքը, սակայն առաքյալի խոսքի համաձայն՝ տկարությամբ սերմանվածը հառնել է զորությամբ (Ա Կորնթ. ԺԵ 43)», – ասաց Վեհափառ Հայրապետը` երախտագիտության խոսք ուղղելով ի դեմս ներկա պետական այրերի Ավստրալիայի իշխանություններին՝ հայ ժողովրդի զավակների հանդեպ դրսեւորած բարեհաճ վերաբերմունքի եւ աջակցության համար: Նորին Սրբությունը նաեւ գոհունակությամբ անդրադարձավ Ավստրալիայում առաքելություն իրականացնող քույր Եկեղեցիների եղբայրական սիրուն եւ գործակցությանը, որի դրսեւորումն էր նաեւ 2018 թվականին Ավստրալիայի քրիստոնեական Եկեղեցիների պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ երեկույթի մասնակիցներին տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության, առկա առաջնահերթությունների եւ մարտահրավերների մասին:

«Մայր Աթոռը, սիրելի զավակներ Մեր, առ Տերն ապավինությամբ իրականացնում է իր առաքելությունը՝ ի սեր հայրենիքում եւ սփյուռքում մեր հոգեւոր եւ ազգային կյանքի զորացման: Առաջնային են մնում եկեղեցականների պատրաստությունը, նոր եկեղեցիների կառուցումն եւ հնագույն մեր սրբատեղիների նորոգումը, որպեսզի զորանա Աստծո խոսքի քարոզչությունը, հնարավոր դառնա աստվածպաշտական արարողություններում մեր ժողովրդի լիարժեք ներգրավումը: Հոգեւոր խոսքը մատուցվում է նաեւ հեռուստաեթերով, ռադիոհաղորդումներով, գրականության հրատարակմամբ: Քարոզչություն եւ հոգեւոր սպասավորություն է իրականացվում նաեւ մեր բանակում, սոցիալական կառույցներում, իրագործվում են կրթական նախաձեռնություններ, աջակցության ծրագրեր՝ օգնելու կարիքավորներին, ծնողազուրկ երեխաներին:

Ձեռքբերումները, որ իրագործվում են նաեւ սփյուռքի հայորդյաց սատարումով եւ աջակցությամբ, առավել լավատեսական են դարձնում Մայր Աթոռի գործունեությունը: Սփյուռքի թեմերում մեր առջեւ ծառացած կարեւոր հրամայականներ են ծուխերի ամրապնդումը, մեր Եկեղեցու կանոնական հիմքերի վրա եկեղեցական կյանքի կազմակերպումը, տարբեր պատճառներով տեղաշարժերի արդյունքում ծնունդ առնող ազգապահպան խնդիրների դիմագրավումը, մեր ժողովրդի զավակների ներգրավումը եկեղեցական համայնքային կյանքում», – ասաց Նորին Սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց նաեւ հայրենական կյանքի եւ հայրենիքի հանդեպ պատասխանատվության մասին: «Այսօր, սիրելիներ, հայրենիքում եւ սփյուռքում մեր ժողովուրդն ապրում է բարի սպասումներով, որ կապված են Հայաստանում ընթացող բարեփոխումների, մեր երկրի զարգացման ու առաջընթացի հույսերի հետ: Հայաստանի զարգացումը կենսական կարեւորություն ունի շրջափակման մեջ ապրող հայրենաբնակ մեր ժողովրդի համար, նաեւ Արցախի ապահովության, մեր բանակի հզորության, մեր սահմանների պաշտպանության համար: Հզոր հայրենիքը ազգային մեր կյանքի ապավենն է, մեր իղձերի իրագործման գրավականը: Այժմ սփյուռքում ապրող մեր ժողովուրդը առավել հնարավորություններ ունի իր ավանդը բերելու հայրենիքի կյանքում, որպեսզի հայրենիքով միավորված՝ կերտի իր առաջընթացը, մարմնավորի իր իղձերը», – շեշտեց Հայոց Հայրապետը:

Վեհափառը հայորդիներին հորդորեց զորանալ հավատքով եւ իրենց զավակներին կրթել հավատքով, սնուցել ազգի հանդեպ սիրով, երեխաներին ուսուցանել մայրենի լեզուն, ազգային ավանդները, կրթել եկեղեցասիրությամբ, մայր հայրենիքի սիրով, որպեսզի հետո նույն նախանձախնդրությամբ մասնակցեն եկեղեցական, համայնքային ու ազգային կյանքին: Նորին Սրբությունը պատգամեց հավատարիմ մնալ մեր սրբազան արժեքներին, որդիական ջերմ սիրով ու հավատարմությամբ լեցուն հանդեպ Հայոց Եկեղեցին եւ զորանալ՝ իրենց հայացքը պահելով դեպի Սուրբ Էջմիածին եւ հայրենիք, որոնցով միավորված մնալով մեր ժողովուրդը պիտի տեսնի իր ջանքերի արդյունավորումը, իր նպատակների իրագործումը, իր բարի գալիքը:

Խոսքի ավարտին օրհնելով ներկաներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով հայցեց, որ Տերը Իր շնորհի ներքո պահպանի հայոց ազգը եւ օրհնի հայորդյաց ջանքերը` հանուն մեր Սուրբ Եկեղեցու, մեր նվիրական հայրենիքի, մեր ներկայի ու գալիքի:

https://news.am/arm/news/494375.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın