İçeriğe geçmek için "Enter"a basın

Գարեգին Բ-ի օրհնությամբ կատարվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացումը

Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը:

Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղվեց դեպի առաջնորդարանի նորակառույց շենքը, որտեղ իրեն սպասում էին պետական այրեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու բարերարներ եւ բազում այլ հավատավոր հայորդիներ:

Վեհափառ Հայրապետը Հայկազուն Սրբազանի եւ Թեմական խորհրդի ատենապետ տիար Սարգիս Տեր-Պետրոսյանի հետ միասին կատարեց առաջնորդարանի հուշաքարի բացումը եւ հատեց մուտքի ժապավենը` ազդարարելով առաջնորդարանի պաշտոնական բացումը:

Տոնական այս առիթով Նորին Սրբությունն իր օրհնության եւ գնահատանքի խոսքն ուղղեց ներկաներին` գոհություն հայտնելով Աստծուն, որ պարգեւել է շնորհը ուրախակից լինելու հայ համայնքին նորակառույց առաջնորդարանի բացման հանդիսության կապակցությամբ, որը ծառայելու է ավստրալիաբնակ մեր ժողովրդի հոգեւոր եւ ազգային կյանքի պայծառությանը:

«Նորաշեն, մեծ ու գեղեցիկ այս շենքի կառուցումը մի նոր վկայություն է ավստրալիաբնակ մեր ժողովրդի հավատքի եւ եկեղեցասիրության եւ ազգային կյանքի հանդեպ նախանձախնդրության: Այդ ոգին է շենացրել այստեղ հայկական կյանքը: Այդ ոգին միավորել է ձեր ծնողներին ու պապերին եկեղեցիներ կառուցելու, դպրոց ունենալու, ազգային կառույցներ ստեղծելու՝ պահպանելու համար ազգային ինքնությունը եւ հավատքի կյանքը, որն ունի Քրիստոսի շնորհը հավիտենականության:

Տիրոջ օրհնությամբ նոր Առաջնորդարանը ծառայելու է Ավստրալիայում մեր Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, հայ համայնքի զորացմանը, որպես ազգի տուն՝ համախմբելով այս մեծ երկրում ապրող մեր ժողովրդի զավակներին: Բոլորիս տեսիլքն է, որ այս նորաշուք հարկի ներքո հատկապես երիտասարդ հայորդիները առնչվեն իրենց արմատներին եւ առավել ներգրավվեն հոգեւոր եւ ազգային կյանքում: Առաջնորդարանը՝ ինչպես ազգային կյանքի ամեն ձեռքբերում, նաեւ բարի գործերի նախանձախնդրության օրինակն է փոխանցելու հաջորդ սերունդներին՝ շարունակելու ավստրալիահայ համայնքի հավատքի կյանքը, բարեպաշտ ընթացքն ու ավանդները: Ձեր բարեպաշտությունը, սիրելիներ, նաեւ հիմքն է այս մեծ ու բազմազգ երկրում ձեր հաջողությունների եւ ձեր հանդեպ հարգանքի ու վստահության», – նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը օրհնությամբ հանդերձ իր երախտիքի խոսքը փոխանցեց հանդիսությանը մասնակից իշխանության ներկայացուցիչներին, Քույր Եկեղեցիների առաջնորդներին եւ հավատակից եղբայրներին այն բարի վերաբերմունքի համար, որը հայ ժողովրդի զավակները վայելում են Ավստրալիայում:

Հավատքի անսասանության, միմյանց հանդեպ սիրո եւ միասնականության պատգամի հետ մեկտեղ Վեհափառ Հայրապետը հորդորեց հայորդիներին շարունակել շենացնել իրենց կյանքը, իրագործել ազգաշահ գործեր: Նորին Սրբությունը մաղթեց, որ առաջնորդարանը արդյունավորությամբ ծառայի ժողովրդի հոգեւոր եւ ազգային զարթոնքին՝ իրենց կյանքում վայելելու Աստծո օրհնությունն ու շնորհները: Հայրապետը հայցեց, որ Տերը պահպանի համայն մեր ժողովրդին ապահով ու անվտանգ, մեկ ու միասնական՝ մեր Սուրբ Եկեղեցիով, Սուրբ Էջմիածնով եւ նվիրական մեր հայրենիքով:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն ու օրհնությունը  բերեց առաջնորդարանի հիմնական բարերարներ Տեր եւ Տիկին Լորիս եւ Սոնյա Խանջյաններին եւ իրենց ավանդը առաջնորդարանի կառուցմանը բերած Եկեղեցու նվիրյալ զավակներին՝ հայցելով Տիրոջից նրանց քաջառողջություն, արեւշատ կյանք եւ ազգաշահ նոր ձեռնակներ: Ի գնահատություն եկեղեցանվեր եւ ազգօգուտ ծառայության Հայրապետական կոնդակով Տեր եւ Տիկին Խանջյաններին շնորհվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:

Հիշարժան այս օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը արքության պատիվ շնորհեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին` ի գնահատություն նրա բարեջան ծառայության:

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց հոգեւոր դասին, որոնք անխոնջ խնամում եւ հսկում են մեր ժողովրդի հոգեւոր կյանքը, ինչպես նաեւ եկեղեցական վարչականներին եւ Ավստրալիայում ապրող համայն հավատավոր մեր ժողովրդին:

https://news.am/arm/news/494343.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın