İçeriğe geçmek için "Enter"a basın

Ազգայնամոլները Թուրքիայում վաղը կփորձեն ուրբաթօրյա նամազ կազմակերպել Այա Սոֆիայում

Թուրք ցեղապաշտներին և ազգայնամոլներին շարունակում է հանգիստ չտալ այն միտքը, որ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը եղած Այա Սոֆիա հոյակերտ եկեղեցին ներկայում գործում է ոչ թե մզկիթի, այլ` թանգարանի կարգավիճակում: Այա Սոֆիան վերստին մզկիթ դարձնելուն ուղղված գործունեությամբ հայտնի Գաղափարական միասնության և պայքարի հարթակ կազմակերպությունը Թուրքիայի մահմեդականներին կոչ է արել վաղը հավաքվել Այա Սոֆիայում` ուրբաթօրյա նամազի: Հարթակն այդ միջոցառումը կազմակերպում է` «Նամազի համար նախատեսված գորգդ վերցրու և արի» կարգախոսով:

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով թուրքական լրատվամիջոցներում հրապարակված լուրի վրա: Աղբյուրի համաձայն` նախատեսվում է, որ նամազին մասնակից թուրք մուսուլմանները կաղոթեն նաև Այա Սոֆիան կրկին մզկիթի վերածելու համար: Ազգայնամոլ կազմակերպությունը նախատեսում է նաև նամազից հետո հանդես գալ մամլո հաղորդագրությամբ: Հրապարակված լուրերում, սակայն, չի նշվում, թե այս միջոցառման կազմակերպիչներն ինչպե՞ս են պատրաստվում մուտք գործել թանգարան: Ինչպես հայտնի է, Այա Սոֆիա մուտքն ազատ չէ, և հարկ կլինի տոմս գնել:

Հիշեցնենք, որ Այա Սոֆիա (Սուրբ իմաստնություն) տաճարը կառուցվել է 532-537 թթ. Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի կողմից: Օսմանցիները 1453 թ. Կոստանդնուպոլիսը գրավելուց անմիջապես հետո այն վերածել են մզկիթի: Այա Սոֆիայում վերանորոգումներ են կատարել նաև հայ ճարտարապետ Տրդատը և հայկական ծագում ունեցող Սինան ճարտարապետը: Թուրքիայի Հանրապետության շրջանում, 1930-ական թվականներին Այա Սոֆիան վերածվել է թանգարանի և մինչ այժմ գործում է այդ կարգավիճակում: Ժամանակ առ ժամանակ թուրք ազգայնամոլները հանդես են գալիս այն վերստին մզկիթ դարձնելու պահանջով:

Մելինե Անումյան


http://akunq.net/am/?p=64376

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın