İçeriğe geçmek için "Enter"a basın

2019-ի Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին

2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։

Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը: Ռոտերդամի փառատոնում մեկ առանձին ընդարձակ ծրագրով հայկական կինոյի նորովի ներկայությունը հրաշալի հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական կինոմշակույթն ու պատմությունը։

Ռոտերդամի կինոփառատոնի այս եւ մյուս կարեւոր ծրագրերի մասին տեղեկացնում է press.iffr.com կայքը։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ, «Նռան գույնը» ֆիլմի (1969) մասին հետազոտություններն իրականցնող եւ վերականգնման աշխատանքների մասնագետ Դենիել Բըրդը ներկայացնելու է կինոնկարի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածները՝ ինստալյացիա ձեւաչափով:

Ինչպես հայտնի է, կինոկենտրոնի ու Դենիել Բըրդի ջանքերով դեռ անցյալ տարի սկսվել է հայկական դասական ֆիլմերի թվայնացման ու տարածման երկարաժամկետ ծրագիր։ Առաջինը թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը։

Վերականգնված տարբերակը Հայաստանում ցուցադրվել է 2018-ի աշնանը, որից հետո Փարաջանովի արդեն վերականգնված աշխատանքը ցուցադրվել է տարբեր մշակութային ձեռնարկների եւ միջազգային կինոփառատոների շրջանակներում։ Բացի այդ, Հայաստանի ազգային կինոկենտրոն ու լեհական FIXAFILM ընկերությունը նույն ծրագրի շրջանակում, երեկարատեւ ու համառ աշխատանքի շնորհիվ սկսեցին վերականգնել Փարաջանովի «Նռան գույնը» հիմնական ֆիլմից դուրս մնացած կադրերը։ Ազգային կինոկենտրոնի ջանքերով գտնվեց մասնգետ, որը տեղում սկսեց վերականգնման աշխատանքները։ Արդեն վերականգնվել է կադրերի 1/3-ը։ Ընդհանուր ժապավենը կազմում է 103 տուփ։

«Նռան գույնի» թվայնացված կադրերը ինստալյացիայի միջոցով կցուցադրվեն Ռոտերդամի փառատոնում։ Շնորհանդեսը նախատեսված է Ամստերդամի սբ․Արմենիուս եկեղեցում, որի հատակին տեղադրված 31 մանիտորները անընդհատ ցուցադրելու են փարաջանովյան կադրերը՝ Տիգրան Մանսուրյանի երաժշտության ներքո։ Հաջորդիվ տեղի կունենան Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունները , ինչպես նաեւ նախատեսված է կոնֆերանս-սիմպոզիում, որի հիմնական ուղղությունը հայկական դասական ու ժամանակակից կինոն է լինելու։

2019թ. Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի (հունվարի 23-ից փետրվարի 3-ը) հայ դասական եւ ժամանակակից կինոյին նվիրված «Կինոյի տաճար» ծրագիրը ներառում է․

1․ Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չընդգրկված հատվածների ինստալյացիա ֆորմատով ցուցադրության շնորհանդեսը տեղի կունենա Ամստերդամի սբ․Արմենիուս եկեղեցում։ Այս ցուցադրությունը գործելու է փառատոնի ամբողջ ընթացքում։

2․Փարաջանովյան ծրագրի շրջանակում, տեղի կունենան Վարպետի ֆիլմերի «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիեւյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան» (վերականգնված տարբերակը) ցուցադրությունները։

3․«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում, նախատեսվում է հայ դասական եւ ժամանակակից կինոյին նվիրված «Կինոմատենադարանի ճանապարհին» սիմպոզիում-կոնֆերանսը, որտեղ ելույթներով հանդես կգան հայ եւ արտասահմանյան հայտնի կինոգործիչներ՝ Ջեյմս Շտեֆենը (ԱՄՆ), Վալերի Պոզները (Ֆրանսիա), Լեւոն Աբրահամյանը (Հայաստան): Նույն օրը, կցուցադրվի կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի «Աշխարումս» ֆիլմը։

4․Հարգանքի տուրք. կցուցադրվի 2018 թ․կյանքից անժամանակ հեռացած երիտասարդ կինոռեժիսոր Մարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմը։ Կկազմակերպվի Ս․Փարաջանովի՝ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիեւյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան» (վերականգնված տարբերակը) ֆիլմերի կրկնակի ցուցադրությունը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Սերգեյ Փարաջանովը 1988-ին է հրավիրվել՝ մասնակցելու Ռոտերդամի փառատոնին։ 30 տարի անց, դարձյալ հունվարին՝ Ռոտերդամում ներկա է լինելու Սերգեյ Փարաջանովն իր հոգեւոր գոյությամբ։

Հ․Գ․Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը վերականգնումից (2018թ․ սեպտեմբեր) հետո շարունակաբար ցուցադրվում է եւ շարունակվելու է ցուցադրվել տարբեր միջազգային մշակութային միջոցառումներում, այդ թվում՝ Թելուրիդի միջազգային կինոփառատոն (ԱՄՆ, սեպտեմբեր, 2018), Ժամանակակից արվեստի ինստիտուտ /Institute of Contemporary Arts (Լոնդոն,2018թ․դեկտեմբեր), Օքսֆորդի արեւելյան ուսումնասիրությունների ինստիտւտի հայկական ֆակուլտետ /Oxford Institute of Oriental Studies, Department of Armenia (նոյեմբեր, 2018թ․), Bazaar (Բրյուսել, հունվարի 20, 2019թ․), Ռոտերդամի միջազգային կինոփառատոն (Ռոտերդամ, 2 ցուցադրություն, հունվար, 2019թ․),Պերա թանգարան /Pera Museam/ (Ստամբուլ, փետրվար, 2019)։

https://news.am/arm/news/492021.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın