İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում հունարեն տեղանունները-1

Սևան Նշանյան

Թուրքիայում 1453 թ. առաջ հունարեն անուններով արձանագրված ու այսօր վայրերի գտնվելու առումով քիչ թե շատ հստակ ճշգրտված բնակավայրերի թիվը 900 է հասնում։ Ես հաշվել եմ 886 բնակավայր ։ Գրեթե բոլորը Եփրատ գետի արևմուտքում և հարավում՝ Սև ծովի ափին են։ Եթե Արևելքում գտնվող մի բուռ վայրերի հին հունարեն անուններն էլ ներառեմ, ապա միայն այն պատճառով, որ հունական աղբյուրները հայերեն ու ասորերեն աղբյուրներից ավելի հարուստ են, ու մեր ձեռքում եղածների մեջ այդ վայրերը հելլեներենով են արձանագրված։ Թե չէ Շըրնաքում, Նուսայբինում (Մծբին-Ակունք խմբ.) հույներն ի՞նչ գործ ունեին։  

Տեղանունների ներքին լիմիտը որոշելը դյուրին չէ։ Օրինակ արդյո՞ք տեղանուններ են համարվում «Իսքելե մևքիի», «Հասանգիլլեր մահալլեսի»,  «Նեմեսիս Թապընաղը», «Յուքարը թարլալար» արտահայտությունները։ Ես որ չեմ համարում։ Ինձ սահմանափակել եմ քիչ թե շատ պաշտոնական անվանումներով կամ այդ վայրերի ոչ բնիկների կողմից կիրառված անուններով։ Լեռների, հովիտների, գագաթների, գետերի անունները չեմ ներառել։ Չեմ կարծում, որ շատ բան եմ բաց թողել։ Ավելի քիչ է այն վայրերի թիվը, որոնք չենք կարողացել սահմանել. ընդունենք 2/3-ը, որի դեպքում ընդհանուր թիվը կկազմի 1500-1600։ Սրան ավելացնենք նաև Եփրատի արևելքում՝ օսմանցիների կողմից այդ տարածքների նվաճումից առաջ արձանագրված 300-ից ավել հայերեն, 50-ից ավել ասորերեն, մի շարք վրացերեն [1], մի քիչ էլ արաբերեն տեղանուններ։ Մեր ձեռքում ունեցածները սրանք են։ Կա՞ արդյոք մեկ ուրիշ լեզու, որ մոռացա նշել։ Չկա։

Տեսնեք նաև, թե ինչեր չեն ներառվել այս շարքում

Նախ, վերը նշվածներից բացի՝ ավանդական վարկածով Թուրքիայում ներկայում կամ էլ մինչև 20-րդ դարը գործածության մեջ եղած մոտավորապես 1200 տեղանուն կարող ենք հիշատակել, որ ունեն հունական արմատներ։ Էֆքերի-Էվկերիա, Յերեգյոմու-Հիերակոմի, Հորթամյա-Խորթեմա, Հայրադոս-Խարիադես, Այվասիլ-Այիոս Վասիլիոս, Իսթոլոս-Սթոլոս, Հոյրան-Խորիանի, Մավրուջան-Մավրիդիոն, Մանահոր, Բելքիլիսե-Պալեոկլիսիա, Ավլան-Աուլոն, Իսթանոզ-Սթենոս, Գիրեգի-Կիրյակի, Սերքիզ-Սերգիոս և այլ տեղանունները հեշտ է հասկանալ։ Իրդաթը, Հևեքսե, Դուրմանաս, Թյուրբելինաս, Հոլոզ, Վեկսե, Վարա, Գյոսթեսին, Արլասուն, Ազդավաը, Քոլայ, Ութայ, Ֆիրիսթայ, Աբայ, Զուդայ, Իզվայ, Գուրայ, Հոլայ, Սըրվայ, Բողայ, Բոլայ, Քաղայ, Չոնթայ, Քուչայ, Հոշալայ, Դողրայ, Դուդայ, Դադայ, Վարայ, Ջորայ, Սոմայ, Սամայ[2] անուններն էլ անկասկած հունարեն են կամ էլ հունարենի միջոցով են անցել թուրքերենին, սակայն դրանք ստուգաբանելը դժվար է։ Այդ տեղանունների մեծ մասը կարող ենք համարել, որ նվաճումից առաջ մնացած անուններ են եղել։ Սակայն մեր ձեռքում դա ապացուցող փաստաթուղթ չկա։ Այսինքն՝ 1453 թվականից առաջ գրված որևէ աղբյուրում այդ վայրերի անունները նշված չեն։ Կամ էլ կան, մենք կապ չենք գտել նրանց միջև։

Երկրոդ՝ 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին Թուրքիայում հույներով բնակեցված 200-ի չափ գյուղի ու ավանի այդ ժամանակվա հունարեն անունները մեզ հայտնի են։ Դրանց մի մասը հարմարեցվել են թուրքերենից (Յասսըյորեն>Դիասորնա, Քումբաղը>Քումբաոն, Սյոքե>Սոկիա)[3]։ Մի մասն էլ անվան հին թուրքերեն թարգմանություններն էին (Ալթընթաշ>Խրիսոլիթոս, Առնավուտքյոյ> Արվանիտոխորիո, Այվալըք>Կիդոնիես, Ըշըքլար>Սխոլարի[5], Բյույուք Չեքմեջե> Մեգա Զեուգմա). այս միտումը հատկապես 1920-ական թթ. ավելի տարածվեց, օրինակ՝ 1880-ական թթ. հունարեն վավերագրում տեսնում ենք, որ  թուրքերեն անունը 40 տարի հետո հելլենականացվում է։ Մնացած մասն էլ ակներևաբար նոր անուն է ստացել։ Գուցե եկեղեցական արխիվների խորքերում որոշ բաներ կան, սակայն ո՞վ է զբաղվելու այդ գործով։

Գործածության մեջ մնացածները

Նվաճումից առաջ գործածված 900 տեղանուններից 280-ը դեռևս օգտագործվում է։ Այդ անուններից առաջինները, որ մտքներիս են գալիս, մայրաքաղաք Անկարան, ապա՝ Իզմիրը, Բուրսան, Ադանան, Կոնիան, Քյութահիան, Մալաթիան, Էդիրնեն, Անթալիան, Բոլուն, Չանքըրըն, Սինոպը, Սամսունը, Գիրեսունը, Տրապիզոնը, Ռիզեն։ Մանցածը մտքներիս չի գալիս. լավ քողարկված անունները 20-րդ դարի մշակութային ջարդից հետո կարողացել են մնալ գործածության մեջ, օրինակ՝ Քըրելի<Քարալլիա, Էղրիբասան<Արիասսոն, Հարունիյե<Էիրենիա, Մինարե<Պինարա, Բոզբուրուն<Պոսեիդոնիո՝ երեք հատ, Էմիրդաղ<Ամորիոն, Սողանլը<Սոանդոս, Իբրիբեյ<Ապրոի, Էնդիշե<Աֆրոդիսիա,  Էվրեշե<ուրիշ Աֆրոդիսիա, Դաթբեյ<Դափայ< թա Հայպաիպա, Սաքարբաշը<Սայքորա… Կարծում եմ, որ մեր Թորբալըն էլ իրականում Մետրոպոլիս է ծագել։  Ինձ կհասկանաք, եթե շեշտը դնեք երկրորդ վանկի վրա՝ կստացվի Մըթրոբոլը։ Բացի այդ՝ ի՞նչ է նշանակում «թորբա»։

Սակայն մոտ 350 տեղանուն վերոհիշյալների չափ բախտավոր չեն եղել։ Մինչև 20-րդ դար կիրառվածները Թուրքիայի Հանրապետության տարիներին պատմության գիրկն են անցել։ Մնացած մոտ 270 անունը, այդ վայրերի գրավումից հետո, անհետ ջնջվել են։ Կուտինան Քյութահիա դարձավ, սակայն նրա հետ նույն տեղանքում գտնվող Դորիլայը, որին հաջողվել էր մինչև 1200-ականներ պահպանվել, հաջորդ դարում դարձավ Էսքիշեհիր ու միացավ անանունների շարքին։ Ինչու՞` չգիտեմ։ Բազմաթիվ վայրերում եթե անգամ տեղանունը թուրքերեն է անվանվել, սակայն նախկին անվանումը պահպանվել է լեռան, ձորի, հովտի կամ էլ ամրոցի անվան մեջ։ Սրանք փաստագրելը շատ դժվարին գործ է։ Դրանց մեծ մասը անհնար է գտնել գրավոր աղբյուրներում (21-րդ դարի Թուրքիան արժանահավատ գրավոր աղբյուրների տեսանկյունից քարե դարից էլ վատ է, ցավոք սրտի)։ Դրանք տեղում ուսումնասիրել է պետք, ինչը եթե անգամ ամեն գավառում մեկ շաբաթ անմարդկային արագությամբ էլ արվի, մի 20 տարի կպահանջվի։ Անհնարին բան է։

Մեր ուշադրությունը գրավեց մի ուշագրավ բան, դրան էլ անդրառնանք. գուցե թուրքականացման սոցիոլոգիայի տեսանկյունից մեզ մի բան հուշի։ Բազմաթիվ վայրերում հին բնակավայրի պաշտոնական անվան փոխարեն հավանաբար հույն հասարակության կողմից օգտագործված առօրյա անուններն են անցել թուրքերենին։ Ամենահայտնին, իհարկե, Կոստանտինի քաղաքն է, սակայն փողոցում անկիրթ հույնի կողմից ասված Սթինբոլի (քաղաք) անունն է ընդունվել հսկայական քաղաքի համար։ Ալիկարնասո-Հալիկարնասոս անունը մինչև 15-րդ դար պահպանվել է, սակայն այն դարձվել է Պետրիոն (քարհանք), իսկ հիմա՝ Բոդրում։ Երեք հազար տարվա պատմություն ունեցող Միլեթոսը Պալատի (ապարանք) Բալաթ են ասում։ Մութում գտնվող Ադրասոսն անդեմք մի Պալեոպոլի (հին քաղաք) է դարձվել ու Բալաբոլու ձևով հասել մեր օրեր։ Անատոլիայի ամենահին սրբավայրերից մեկը եղող Պեսինուսը վերածվել է Պալիայի (հներ, հին բաներ), իսկ թուրքերենի կոշտ լ-ով դարձվել է Բալահիսար։

Այս անուններում ես հատուկ մոտեցում եմ նկատում։ Կարծես հին մշակույթից հոգնած լինեն։ Կամ էլ այդ մշակույթն արհամարհող ժողովրդի մի հատված կա, որը հպարտանում է իր անկրթությամբ և թիկունք է դարձրել հին անվանումները պահպանող խմբերին՝ եկեղեցի, պաշտոնական բյուրոկրատիա, կրթված հատված։ Կարծես ասելու լինեն` «Ի՞նչ կլինի որ, թուրք է, ուրեմն թուրք է, դա էլ փորձենք»։

Հետաքրքիր է՝ իրենք իրենց համար «Անատոլիայի վագրեր» անվան նման մի անուն գտե՞լ են։

[1]  Վրացերենը դժվար թեմա է։ 9-րդ դարից պահված հասկանալի ժամանակագրություններում որոշ տեղանուններ են առկա։ Սակայն վրացական ժամանակագրությունների մեջ մեր ձեռքը եղած միակ վստահելի կրկնօրինակը 13-րդ դարում արված հայերեն թարգմանությունն է։ Հարց է առաջանում՝ հիմա այդ անունները վրացերե՞ն են, թե՞ հայերեն։

[2]  Այ-ով տեղանունները բոլորը գտնվում են Կաստամոնու-Սինոպ-Սամսուն-Ամասիա շրջաններում։ Կառուցվածքի ու իմաստի վերաբերյալ գաղափար չունեմ։

[3]  Ալաչաթը անվան աղբյուրն ինձ հայտնի չէ։ Հունարեն Ալածաթա հիմքով թուրքերեն Ալաջա ա՞թ է արդյոք։ Չեմ կարծում։  Փիրի Ռեիս քարտեզի վրա եղած միակ արձանագրությունից եզրականություն անել հնարավոր չէ։ 

[4]  Չեմ կարծում, թե Այվալըք անունը կապ ունի այվա-յի հետ։ Այդ շրջանի հին անունը Էոլիա է եղել, ղեկավար խմբի պատկանելության ձևը Էոլիքի է եղել։ Այվալըք-ը պետք է, որ այդ անունից հարմարեցված լինի (Որտեղի՞ց ես գալիս։ Էոլիք գավառակից)։ Հունարեն թարգմանությունը՝ Կինդոնիա (այվա) կամ Կիդոնիս (այվալար) միայն 19-րդ դարում է հաղորդվում։

[5]  Թուրքիայում երեսունից ավել օրինակ ունեցող Ըշըքլար անվան հիմքը «աշըքլար»-ն է, այսինքն՝ դերվիշներ։ Հին ձեռագրերում մշտապես ayn տառով է գրվել։ Հունարեն Σχολάροι-ի թարգմանությունը պետք  է որ լինի։  

http://nisanyan1.blogspot.com/2019/01/turkiyede-yunanca-yer-adlar-1.html

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net 


http://akunq.net/am/?p=64206

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın