İçeriğe geçmek için "Enter"a basın

Սփյուռքի նախարարություն․ ձև ու բովանդակություն

Հայաստանի քաղաքական պատմության և պետականության վերջին հարյուրամյակում Սփյուռքի նախարարություն եղել է 2008-ից 2018 թվականներին միայն, ընդամենը 10 տարի։

Հայաստանի Հանրապետության շրջանում (1918-1920) չի եղել նման նախարարություն կամ կառույց, Խորհրդային Հայաստանը (1921-1991) որոշ ժամանակահատվածում ունեցել է Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտե։ 1991-ի անկախությունից ի վեր նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հարկ չհամարեցին նման նախարարության հիմնադրումը, կամ ժամանակը չէր հասունացել։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտադիր է վերացնել Սփյուռքի նախարարությունը, ավելի ճիշտ՝ Սփյուռքի հետ հարաբերությունները համակարգել այլ կերպ։

Զուտ ձևի ու ներկայանալի լինելու իմաստով Սփյուռքի նախարարություն պահելը ճիշտ կլինի, թեկուզ նախարար՝ առանց նախարարության։ Աշխարհում՝ Հայաստանից դուրս, տարբեր գնահատումներով, բնակվում է շուրջ 7 միլիոն հայ։

Երբ դու վերացնում ես նախարարությունը, Սփյուռքում դա կարող է բացասաբար ընկալվել և, ի դեպ, այդպես էլ ընկալվում է։ Ավելին, երբ դու փակում ես նախարարությունը, դա կարող է հատուկ ուղերձ համարվել Սփյուռքին, որքան էլ նպատակներդ բարի լինեն։

Բացի այդ, նախարարությունը վերացնելով՝ դու քո դեմ ես հանում Սփյուռքի այն հատվածներին ու կառույցներին, որոնք պահ են փնտրում հարվածելու քեզ։ Սփյուռքի նախարարությունը փակելով՝ դու նրանց բերանը լեզու ես դնում։

Անշուշտ, կարելի է նախարարությունը վերացնել, բայց Սփյուռքի հետ հարաբերությունները դնել ավելի բարձր մակարդակի վրա, օրինակ՝ ուղղակի փոխվարչապետի վրա դնել այդ գործառույթները, իսկ նրա գրասենյակում պահել Սփյուռքի հետ աշխատող կենսունակ թիմ։

Այսքանը՝ Սփյուռքի նախարարության ձև մասին։

Բայց կարևորը ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը։ Ի վերջո, դու կարող ես ունենալ Սփյուռքի նախարար ու նախարարություն, որը ոչինչ չանի, բացի սփյուռքահայերին մեդալներ բաժանելուց և ձեռնարկներից, որոնք կարող են անել Հայաստանի և Սփյուռքի հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, հայագիտական կենտրոնները, ուսումնական հաստատությունները, անհատները։

Դու կարող ես չունենալ Սփյուռքի նախարար ու նախարարություն, բայց Սփյուռքի հետ ավելի արդյունավետ ու խորը համագործակցել՝ օգտագործելով այլ կառույցներ, այդ թվում՝ նախարարություններ։

Խոսենք օրինակներով։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ ՀԲԸՄ-ն, Հայաստանի հետ և հանուն Հայաստանի ու նրա ժողովրդի, համագործակցել է Խորհրդային Հայաստանի գոյության ամբողջ շրջանում՝ անգամ կառուցելով թաղամաս Երևանում, այսօրվա Նուբարաշենը։ Այդ տարիներին Սփյուռքի նախարարություն գոյություն չուներ։ Նույն խորհրդային տարիներին էր, երբ իրականացվեց տասնյակ հազարավոր հայերի ներգաղթը Հայաստան սփյուռքյան տարբեր օջախներից։ Ու կրկին, չկար Սփյուռքի նախարարություն, բայց կային այդ ուղղությամբ աշխատող մարդիկ ու կառույցներ։

Իսկ քանի՞ հայ է ներգաղթել Հայաստան 2008-2018 թվականներին, երբ կար Սփյուռքի նախարարությունը և ո՞րն է եղել այդ նախարարության դերը ներգաղթի գործում։

Մինչև 2008 թվականը, երբ հիմնվեց Սփյուռքի նախարարությունը, շուրջ 20 տարի՝ սկսած 1988-ի երկրաշարժից, սփյուռքը իր բոլոր կուսակցություններով, հարանվանություններով ու բարեգործական կառույցներով, բայց առաջին հերթին՝ անհատներով, անմնացորդ նվիրվել ու օգնել է Հայաստանին։ Հայաստան ասելով՝ նկատի ունենք նաև Արցախը։

Այսինքն, եթե մենք ուզում ենք գործ  անել, անունը չէ կարևոր, այլ գործ անելու ցանկությունը, եթե անգամ անուն չկա։

Ապրիլյան թավշյա հեղափոխությունը սփյուռքում լավատեսություն է տարածել։ Լավատեսությունն ու հույսը առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են։ Վատ, շատ վատ կլինի, եթե սփյուռքում անհաշտ պայքար մղվի Փաշինյանի ու նրա կառավարության դեմ, ինչը նկատելի արդեն այսօր։

Փոխադարձաբար, Փաշինյանն ու նրա թիմը սփյուռքի հետ հարցերում պետք է չափազանց զգույշ և զգայուն լինեն։

Ես այն լրագրողներից եմ, որ հաճախ եմ այցելում սփյուռքյան տարբեր օջախներ։ Եվ ի դեպ, ես սփյուռքի հետ համագործակցում եմ գերազանցապես որպես անհատ։ Ինձ թվում է, որ սփյուռքը ճանաչում եմ ներսից։ Ես կցանկանայի, որ Սփյուռքի նախարարությունը չփակվեր ոչ թե որովհետև առանց նախարարության հնարավոր չէ Հայաստան-Սփյուռք համագործակցությունը, այլ որովհետև փակումը առիթ է դառնալու, որ արհեստական կերպով Սփյուռքում լավատեսությունն ու հույսը փշրվի Հայաստանի հանդեպ։

Սփյուռքը մտքի, գործի, նոր մշակույթների շտեմարան է, որից պետք է օգտվել։ Եվ հզոր Հայաստանն է, որ հետայսու կարող է և պետք է լիցքավորի այդ շտեմարանը։ Հավատացե՛ք, այս երկկողմ համագործակցությունը հնարավոր է անել և՛ Սփյուռքի նախարարության գոյության դեպքում, և՛ առանց։

Լուսանկարում՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, 18-ը սեպտեմբերի, 2017թ․

https://www.civilnet.am/news/2018/12/24/%D5%8Dփյուռքի-նախարարություն%E2%80%A4-ձև-ու-բովանդակություն/351088

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın