İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդես Վենետիկում

Օրերս Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանի «Հայոց ցեղասպանության արձագանքներն Իտալիայում. 1915» գրքի շնորհանդեսը (ԵՊՀ հրատ., 2018): Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հեղինակը, իր նպատակն է եղել վերլուծելու, թե ինչպես էր արձագանքում 1915 թվականին Արևմտյան Եվրոպայի կարևորագույն պետություններից մեկը` Իտալիան, հայոց ջարդերին: Ինչպիսի՞ լուրեր էին հասնում Իտալիա, ի՞նչ խողովակների միջոցով (մամուլ, դիվանագիտական հաղորդագրություններ, նամակներ և այլն), որքանո՞վ էին անաչառ այդ աղբյուրները, ի՞նչ տեսանկյունից էին լուսաբանվում հայկական կոտորածներին առնչվող փաստերը. ահա այն հիմնական հարցադրումները, որոնց անդրադառնում է հայազգի գիտնականն այս մենագրության մեջ: 

«Եթե հաշվի առնենք այն փաստը, որ արհավիրքի մեծությունն ակնհայտ է դառնում միայն որոշ ժամանակ, նույնիսկ երբեմն տասնամյակներ հետո, ապա կարելի է ասել, որ արդեն իսկ կոտորածներին զուգահեռ, ժամանակի իտալական մամուլը բավականին ուշադիր է եղել հայկական հարցերին առնչվող տեղեկությունների հրապարակմանը` հաճախ տրամադրելով նույնիսկ լրագրի առաջին էջը»,- ելույթի սկզբում ընդգծել է Սոնա Հարությունյանը: «Չմոռանանք մեկ այլ փաստ ևս. 1915 թվականին Իտալիան ներքաշված էր պատերազմի մեջ, ուստի բնական էր, որ մամուլն առաջին հերթին լուսաբաներ երկրին անհանգստացնող հարցերը, հատկապես թղթի սղության պայմաններում, երբ էջերը կրճատվում էին խնայողության պատճառով: Սակայն ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ իտալական մամուլը միանգամայն պատշաճ տեղ է հատկացրել հայկական հարցերի լուսաբանմանը և օգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «հայերի մարտիրոսությունը», «հայերի բնաջնջումը», «թուրքական վայրագություններ», «մահմեդական վայրագություն», «օրհասական իրավիճակ», «սահմռկեցուցիչ դրվագներ», «արյունահոսող Հայաստան», «սոսկալի կոտորած», «լլկանքներ հայ բնակչության դեմ», «կենդանի այրել են», «դիակներով լի խորխորատներ», «սոսկալի տառապանքներ», «կեղեքում են հայերին», «թուրքական բարբարոսությունը», «սարսափազդու վայրագություններ», «մի ժողովրդի գողգոթան», «բնակչության նախճիրը»,-հավելել է գիտնականը: Մենագրության առաջին գլխում Սոնա Հարությունյանը վերլուծում է իտալական զանազան թերթերում հրապարակված այն հոդվածները, որոնք անդրադառնում են հայկական կոտորածներին: Երկրորդ գլուխը նվիրված է Տրապիզոնում Իտալիայի ընդհանուր հյուպատոս Ջակոմո Գորրինիի հայանպաստ գործունեությանը: Երրորդ գլուխն անդրադառնում է 1915 թվականի հոկտեմբերից Տորինոյում կանոնավոր հաճախականությամբ հրատարակվող «Արմենիա» ամսագրի նյութերին: Հետագա ուսումնասիրություններին օգտակար լինելու նպատակով Հավելված 1-ում հեղինակը ներկայացրել է 1915 թվականին Իտալիայում հրատարակված հոդվածների ցանկն` ըստ ժամանակագրության: Հավելված 2-ում առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացված են 1915 թվականի ընթացքում հայկական կոտորածների առնչությամբ Իտալիայի Արտաքին գործոց նախարար Սոննինոյին հասցեագրված դիվանագիտական հաղորդագրությունները: Ուսումնասիրության վերջում զետեղված է անվանացանկ, տեղանունների ցանկ և մատենագիտություն: Առաջին անգամն է իրականացվել նման գիտական հետազոտություն հայոց լեզվով: 

https://www.aravot.am/2018/12/12/1000529/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın