İçeriğe geçmek için "Enter"a basın

Արցախի ժողովուրդն ասել է՝ ինչ է ուզում, դուք պարտավոր եք դա իրականացնել. Ռուստամյանը՝ Փաշինյանին

Մենք առաջ ենք քաշել բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցը, որը ավելի ու ավելի մեծ ընկալում է գտնում միջազգային հանրության շրջանում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի հարցին, թե արդյոք Ղարաբաղի հարցում ինքն առաջնորդվելու է այն տրամաբանությամբ, որը գրված է Արցախի Սահմանադրության 175 հոդվածի մեջ՝ արդեն Արցախի ժողովրդի արտահայտած կամքով:

Նշենք, որ բանավեճը ենթադրում է, որ առաջնորդներից մեկը իր հայեցողությամբ հարց է ուղղում որեւէ ուժի առաջնորդի, իսկ մյուսները կարող են նույն թեմայի շուրջ բանավեճ ծավալել:

Փաշինյանի խոսքով, այդ խոսակցությունների ֆոնին իր համար առավել տարօրինակ էր, որ ՀՅԴ-ի կողմից կասկածներ էին հայտնվում այս դիրքորոշման վերաբերյալ: «Մենք այդ դիրքորոշումը արտահայտել ենք պաշտոնական բանակցությունների ընթացքում: Ես վերահաստատում եմ նաեւ այն դիրքորոշումը, որ Արցախի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի համաձայնության: Կարծում եմ՝ այս թեման հույս ունեմ գոնե այս արձանագրումից հետո որեւէ շահարկման չի ենթարկվի»,-ընդգծեց Փաշինյանը:

Արմեն Ռոստոմյանն էլ նկատեց. «Այդ խոսակցությունը թարմացել է այն պատճառով, որ դուք դրանից հետո հայտարարել եք, որ ես կգամ եւ կհարցնեմ ժողովրդին, եթե ինձ մի տարբերակ առաջարկեն, ժողովուրդը ընդունում է, թե ոչ, նոր կլուծեմ այդ հարցը: Ես էլ ասում եմ՝ Արցախի ժողովուրդն արդեն ասել է, թե ինչպես է ուզում, որ լուծվի հարցը: Տեղերը պետք չի փոխել: Պետք չի ասել՝ կգամ ժողովրդին կհարցնեմ, ժողովուրդն արդեն ասել է, դուք պարտավոր եք դա իրականացնել»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ խնդիրն այն է, որ ընթանում է բանակցային գործընթաց. «Մենք ասում ենք, որ անհրաժեշտ է, որ հարցը լուծվի միջազգայնորեն ճանաչվելու միջոցով: Մենք բանակցում ենք երկու նպատակով՝ որ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչվի միջազգային հանրության կողմից, եւ մենք ստեղծենք նաեւ միջազգային երաշխիքներ Արցախի անվտանգության համար»:

Ռուստամյանը հիշեցրեց Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ ստատուս քվոն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը չի ճանաչվել. «Մեր բանակցությունների տրամաբանությունը պետք է լինի այն, որ սրան կարողանանք հասնել: Ով գալիս է իշխանության, պարտավոր է առաջնորդվել ժողովրդի կամքով: Ձեր ասածը սրան չի համապատասխանում, քանի որ դուք ասում եք՝ մեզ կասեն մի բան, մենք կբերենք, կներկայացնենք»:

Փաշինյանը չհամաձայնեց Ռուստամյանը հետ. «Մենք բանակցում ենք, որ միջազգայնորեն ճանաչվի Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց այդ ճանաչման մի քանի հավելյալ պայմաններ կարող են լինել: Ես ընդամենն ասել եմ՝ եթե կառաջարկվի մի բան, որ ես ինքս ընդունելի կհամարեմ, կբերեմ, կներկայացնեմ ժողովրդին»:

ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հարց ուղղեց Փաշինյանին, թե ժողովրդի կամքն ինչպե՞ս են ճշտելու՝ հանրաքվեո՞վ, թե՞ հրապարակում:

Ստանալով «հանրաքվեով» պատասխանը, Վիգեն Սարգսյանն ասաց. «Շատ վտանգավոր է դա, մի արեք, որովհետեւ դրան հաջորդելու է Ադրբեջանում հանրաքվեի պահանջ, իսկ դա կարող է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա մեծ քար դնել: Եթե այստեղ հանրաքվե լինի, այնտեղ էլ է լինելու, դա մեզ ձեռք չի տալիս: Մեզ ձեռք է տալիս, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվի, ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը որոշի՝ կարո՞ղ է Ղարաբաղն ինքնորոշվել, թե ոչ: Պոպուլիզմը սպանում է երկրներ, ասում եք՝ ժողովուրդը կորոշի, ժողովուրդը ո՞նց կորոշի»:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Ոնց որ որոշեց, որ դուք վեշերը պետք է հավաքեք ու գնաք»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, որ ոչ մի ղեկավար, ոչ մի խորհրդարան Արցախը հանձնող չի եւ պետք չի այդ հարցը շահարկել, Արմեն Ռուստամյանն արձագանքեց, որ ժամանակին եղել է նման փորձ, բայց չի ստացվել. «Մի բանը, որ եղել է,կարող է նորից լինել: Այն ուժը, որ գնաց դրան, ուներ ժողովրդի 83 տոկոսի վստահությունը (խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է-խմբ): Նա օգտագործեց այդ վստահությունը, որ իր դիրքերն ամրապնդի ներսում եւ գնա դրսում Ղարաբաղի հարցը լուծի այնպես, ինչպես ինքն է ուզում»:


https://news.am/arm/news/484752.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: