İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրք պատմաբանն արժևորել է հայ գիտնականի` Ցեղասպանության մասին գիրքը

Սայիթ Չեթինօղլու

Տիրան Լոքմագյոզյանի կողմից թարգմանված և Արսեն Ավագյանի խմբագրությամբ լույս տեսած` Մելինե Անումյանի «Ճանաչում ու դատապարտում. Միություն և առաջադիմություն կուսակցության դատավարությունները (191-1921 թթ. և 1926 թ.)»(1) վերնագրով աշխատության մեջ ուսումնասիրվում է թուրքական պատմագրության մեջ հազվադեպ անդրադարձ կատարված մի ժամանակաշրջան։ Անումյանն այս աշխատությամբ ընթերցողին ներկայացնում է Միություն ու առաջադիմություն կուսակցության անդամների՝ 1919-21 թթ. և 1926 թ. դատավարությունների մանրամասները, ինչպես նաև համեմատականներ է տանում այդ երկու ժամանակաշրջանների դատավարությունների միջև: Այս ամենի հետ մեկտեղ` աշխատությունը չափազանց կարևոր է 1908 թ. հուլիսից 1926 թ. հուլիս ընկած ժամանակահատվածի վերաբերյալ մանրամասն արված եզրակացության առումով։ Հեղինակը եզրակացության մեջ ցույց է տալիս, որ Ցեղասպանությունը շարունակական բնույթ է կրում ու հասնում մինչև մեր օրեր, ինչպես նաև վեր է հանում Միություն ու առաջադիմություն կուսակցության մտածելակերպն ու ավանդույթը, որոնք մեր օրերի մշտական մասն են կազմում: Հանրապետությունը Միություն և առաջադիմություն կուսակցության մտայնության կրողն է։ Թուրքական պետության ավանդույթը և գործելաոճը նույնական է երիտթուրքական ավանդույթի հետ. այս երկրում մինչ օրս իրականում միայն մեկ կուսակցություն է գործում: Դա Միություն և առաջադիմություն կուսակցությունն է, իսկ մյուս կուսակցությունները եղել են նրա գաղափարախոսության կրողը: Նույնիսկ որպես Թուրքիայի Հանրապետության հռչակման ամսաթիվ է ընտրվել հոկտեմբերի 29-ը, քանի որ 1907 թ. հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալն անցել էր Իթթիհադի շարքերը:
Անումյանն ընթերցողին է ներկայացնում դատավարությունների հետ կապված բազմաթիվ փաստեր։ Աշխատության մեկ այլ կողմն էլ այն է, որ 1919-21 թթ. դատավարությունների ժամանակ հայերի ջարդերի մեջ մուսուլման խմբերի լայն մասնակցությունը կոծկելու ջանքերի դեմ հեղինակը, հիմնվելով արխիվային փաստաթղթերի, ժամանակաշրջանի օսմանյան ու այլ մամուլի, վկաների, տարբեր շրջանների դատական գործերի արձանագրություների վրա, հուշերով հարստացրել ու ևս մեկ անգամ փաստաթղթերով ապացուցել է հայ ժողովրդին բնաջնջելու ծրագրի բոլոր մանրամասնություններն ու հավաքական պատասխանատվության հարցը։ Հայոց ցեղասպանության կապակցության կայացված որոշումներն ու փաստաթղթերը ոչնչացվել են դեռևս Ցեղասպանության ընթացքում, և այդ իրողության տեսանկյունից 1919-21 թթ. տեղի ունեցած 60-ից ավելի դատական լսումների արձանագրությունների ուսումնասիրությունը չափազանց արժեքավոր է։ Կարևոր է նաև անդրադարձը ժամանակի մամուլի՝ դատավարությունների ու պատասխանատվությունների վերաբերյալ ունեցած դիրքորոշումներին, որոնց մինչ այդ շատ չեն անդրադարձել պատմագրության մեջ։

Անումյանն աշխատությունն սկսում է Թալեաթի կառավարության հրաժարականից հետո կազմված Ահմեթ Իզզեթ փաշայի կառավարության ծրագրից։ 1918 թ. հոկտեմբերի 19-ին օսմանյան մեջլիսին ներկայացված կառավարության ծրագրում «ոչ մի քննադատություն չկար` ուղղված պատերազմի ժամանակ Միություն և առաջադիմություն կուսակցության վարած քաղաքականությանը: Անգամ «տեղահանության դեպքը» բացատրվում էր «պատերազմական դրության անհրաժեշտությամբ»: Հարկ է նշել, որ Ահմեթ Իզզեթ փաշան ոչ միայն արգելք էր դարձել իթթիհադականների հետաքննությանը, այլև` անգամ հրահանգել ոչնչացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք հնարավորություն կընձեռեին հետաքննություն սկսել ոճրագործների նկատմամբ: Սադրազամ (վարչապետ) դառնալուն պես նա հրամայել էր անմիջապես դադարեցնել Հատուկ կազմակերպության աշխատանքները և վերացնել տվյալ կազմակերպության արխիվը, բացի այդ` ապահովել էր, որպեսզի հայերի կոտորածների կապակցությամբ հետապնդվող կասկածյալներն ազատ կերպով հեռանան Ստամբուլից»:

Մեկ այլ առանցքային հարց է հետևյալ հանգամանքը, որն ընդգծում են նաև այդ դատավարություններն առաջինն ուսումնասիրած պատմաբաններ Տատրյանն ու Աքչամը (նախքան այս հեղինակները` սույն թեման ուսումնասիրվել է նաև այլ պատմաբանների կողմից-Ակունքի խմբ.). հայտնի չէ, թե որտեղ են հրատարակված այս դատավարություններից առաջ Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանի կատարած հետաքննության նյութերը։ Այդ փաստաթղթերը գտնելու հավանականություն կա Գլխավոր շտաբի Ռազմական պատմության ու ռազմավարական արխիվում (ATASE), որը դժվար է ուսումնասիրողների համար բաց արխիվ համարել` դրված լուրջ սահմանափակումների պատճառով։ (2)

Չափազանց սահմանափակ հնարավորություններ ընձեռած դատական լսումների արձանագրությունները, վկայություններն ու մամուլի անդրադարձի չափն իսկ, կարող ենք ասել, որ ընթերցողի համար հասկանալի են դարձնում դեպքի լրջությունն ու երևան հանում Ցեղասպանության պատասխանատվության հարցը։

Այդ դատերը չափազանց կարևոր են և պատմության մեջ առաջինն են եղել։ Եթե դրանք ավարտին հասցվեին, ապա կարևոր ներդրում կունենային մարդկության պատմության մեջ, և կարող ենք հանգիստ ասել, որ 20-րդ դարում կատարված աղետները, մարդկայնության դեմ իրագործված հանցագործություններն ու ցեղասպանությունները տեղի չէին ունենա. դրանք խոչընդոտ կհանդիսանային այդ ամենի համար։ Ցավոք, մարդկությունը պարտվել է ռեալ պոլիտիկին։ Եթե այդ դատերը դիտարկենք` հաշվի առնելով աշխարհագրական այն տարածքը, որտեղ ապրում ենք, ապա կտեսենք, որ դրանք շատ կարևոր էին այն առումով, որ օսմանյան-թուրքական պատմության մեջ առաջին անգամ դատվում էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ ու իշխանության եկած կուսակցության անդամներ, ինչպես նաև` այն առումով, որ պատմության մեջ առաջին անգամ կենտրոնական կառավարության կողմից կազմակերպված ջարդերի ժամանակ զոհ դարձած հայերին թուրք պաշտոնյաները պաշտպանել են ու նրանց իրավունքները ներկայացրել հանցագործների դատավարությունների ընթացքում։ Նոր պատմության մեջ առաջին անգամ տարբեր աստիճանի քաղաքացիական կամ զինվորական թուրք պաշտոնյաներ, բազմաթիվ վտանգներ հաշվի առնելով, կամավոր կերպով ընդունել են հայ զոհերի օգտին վկայություն տալու առաջարկը։ Չնայած դատերը քննած դատարաններն արդարության հասնելու գործում լիովին հիմնվել են պատերազմի ժամանակվա պաշտոնական բնօրինակ փաստաթղթերի վրա, միևնույնն է՝ որոշումների կայացման գործում դատարանի դահլիճներում արված վկայություններն ու տրված ցուցմունքներն էլ են կարևոր ու հատուկ դեր կատարել։ (3)

Անումյանի աշխատանքին շատ մեծ կարևորություն է հաղորդում նրա կողմից առաջին անգամ ժամանակաշրջանի Ստամբուլի հայկական մամուլի երևան հանումը (Սաիթ Չեթինօղլուն նկատի ունի, որ Մ. Անումյանի կողմից ժամանակի պոլսահայ մամուլի անդրադարձն առաջին անգամ ներկայացված է թուրք ընթերցողներին-Ակունքի խմբ.)։

Ժամանակշրջանի օսմանյան թերթերն ու լրագորողներն էլ համարձակ կեցվածք են որդեգրել` ընդդեմ Ցեղասպանության։ Նրանք հատուկ շեշտել են հավաքական պատասխանատվության հարցը, օրինակ, ըստ Մ. Անումյանի` « «Ալեմդար» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռեֆի Ջևադը հայերի տեղահանությանն ու կոտորածներին, ինչպես նաև` դրանց վերաբերյալ հարուցված դատական գործերին անդրադարձող իր առաջնորդող հոդվածներում հատկապես շեշտում էր երիտթուրքերի դատաքննություններն արագ իրականացնելու և հանցագործներին անմիջապես պատժելու անհրաժեշտությունը: 1919 թ. փետրվարի 14-ին տպագրված «Տեղահանության և կոտորածների կապակցությամբ» վերնագրով հոդվածում նա իր մտահոգությունն էր արտահայտում այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան հայերի կոտորածների դատաքննություններն իրականացնում էր հարկադրված, և որ դատավարությունների շարժառիթ էր ծառայել ոչ թե արդարության վերականգնումը, այլ` ընդամենը Եվրոպայի առջև արդարադատ երևալու ցանկությունը: Նույն հոդվածում Ռեֆի Ջևադն ընդգծում էր հայերի կոտորածների զանգվածային բնույթը»:

Անումյանն օրինակ է բերում նաև «արտակարգ» մամուլի օրգան համարվող «Մինբեր» թերթից, որը Մուստաֆա Քեմալի աջակցությունն էր վայելում։ «Անգամ Մուստաֆա Քեմալ փաշան հայերի զանգվածային բնաջնջմանը տվել էր «խայտառակություն» բնորոշումը, իսկ նրա աջակցությունը վայելող «Մինբեր» օրաթերթը հայերի ոչնչացման գործողությունը որակել որպես «պատմության նկատմամբ կատարված ամենամեծ և ամենաաններելի» գործողություն»,-գրում է Մ. Անումյանը: Նույն Մ. Քեմալը 1920 թ. ապրիլի 24-ին մեջլիսի գաղտնի նիստի ժամանակ իր ելույթում հանկարծակի անմեղ է ձևանում. «Հայերի նպատակը, հատկապես պաշտպանություն ստանալուց ու քաղաքականացվելուց հետո, Կիլիկիայում, Այնթափում, Մարաշում, Ուրֆայում, որտեղ էլ որ գտնվեն, իսլամի ոչնչացումն է։ Այդ վայրերում ապրող մեր խեղճ եղբայրները շատ ցավալի արարքների են ենթարկվում» (5)։ Մ. Քեմալի այդ ելույթում հայ բառը օգտագործվում է 25 անգամ։

1919 թ. մարտի 12-ին «Ալեմդարում» Ռեֆի Ջևադը գրում է. «…կախաղաններն արժանի չեն այս մարդկանց: Այդ գլուխները, որ պետք է ջախջախել, անհրաժեշտ է կոճղերի վրա կտրել և օրեր շարունակ պահել` որպես խրատ»: Մարտի 13-ի խմբագրականում նա գրում է, որ իշխանությունը չի տեսնում այն, ինչ պետք է և հոդվածում երեք անգամ շեշտում է «Ավելի քան բռնություն» արտահայտությունը։ 1919 թ. ապրիլի 4-ին հրապարակված «Ալեմդարի» խմբագրականում գրված է. «…այդ մարդկանց համար մահից ավելի թեթև պատիժ մտքներովս չի անցնում» (6)։ Ըստ Մ. Անումյանի`«Ալեմդարի» 1919 թ. ապրիլի 25-ի համարում տպագրվել էր սույն պարբերականի տնօրեն Ահմեթ (Փեհլիվան) Քադրիի բաց նամակը` ուղղված Ռազմական ատյանի նախագահ Նազըմ փաշային: «Ալեմդարի» տնօրենը բաց նամակում պատմում էր հայերի կոտորածների վայրագության մասին, նշում մի քանի պաշտոնյաների անուններ, ովքեր պաշտոնազրկվել էին կառավարության կողմից` կատարված չարագործությունների վերաբերյալ համապատասխան մարմիններին տեղեկացնելու պատճառով, Ռազմական ատյանի նախագահին խնդրում ավելի լուրջ վերաբերվել ականատեսների վկայություններին և պատժել բոլոր հանցագործներին»:

Անումյանը, Ռեֆի Ջևադի՝ Հայոց ցեղասպանության հետ կապված հերթական հոդվածի վրա է ուշադրություն հրավիրում։ Ջևադը 1919 թ. փետրվարի 14-ին հրապարակված «Տեղահանության և կոտորածների կապակցությամբ» վերնագրով հոդվածում իր անհանգստությունն է արտահայտում: Ըստ Մ. Անումյանի` « «Ալեմդար» օրաթերթի գլխավոր խմբագիրը հայերի տեղահանությանն ու կոտորածներին, ինչպես նաև` դրանց վերաբերյալ հարուցված դատական գործերին անդրադարձող իր առաջնորդող հոդվածներում հատկապես շեշտում էր երիտթուրքերի դատաքննություններն արագ իրականացնելու և հանցագործներին անմիջապես պատժելու անհրաժեշտությունը: 1919 թ. փետրվարի 14-ին տպագրված «Տեղահանության և կոտորածների կապակցությամբ» վերնագրով հոդվածում նա իր մտահոգությունն էր արտահայտում այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան հայերի կոտորածների դատաքննություններն իրականացնում էր հարկադրված, և որ դատավարությունների շարժառիթ էր ծառայել ոչ թե արդարության վերականգնումը, այլ` ընդամենը Եվրոպայի առջև արդարադատ երևալու ցանկությունըՓաստորեն նրա անհանգստությունը արդարացված էր»։

Քեմալականները Ռեֆի Ջևադին հայրենիքի դավաճան են հռչակում` որպես «պատիժ» այս համարձակ հոդվածների համար, նրան ընդգրկում «150»-ի ցուցակում ու աքսորում երկրից։

Անհատապես իրենց արդարացնելու տեսանկյունից արված հրատարակություններ էլ կան։ Օրինակ՝ Զավեն պատրիարքի «Հանցագործների ցուցակում» տեղ գտած ու Ցեղասպանությունը 1916 թ. որպես էթնիկ զտում որակած, քեմալական ժամանակաշրջանում Քեմալի մոտ շրջապատում տեղ գրաված քիչ մարդկանցից մեկը եղող Միություն ու առաջադիմություն կուսակցության անդամ Յունուս բեյը (Նադի) իր «Յենի գյուն» թերթի 1918 թ. նոյեմբերի 4-ի համարում գրում է. «Արդեն այսօր լիովին հասկանալի է, որ հայրենիքը չորս տարի իր գլխին երեքից հինգ մարդուց բաղկացած մի մղձավանջ էր կրում ու անիրավացիորեն նրանց ձեռքով ու հանուն նրանց այսքան աղետների է ենթարկվել։ Մեր ազգային զգացողությանը շատ ցավոտ հարված հասցրած այդ մարդկանց՝ այդ փոքրիկ փաշաներին, անեծքով ենք ճանապարհում ու նրանց ձեռքերով կեղտոտված Միություն ու առաջադիմություն կուսակցության նկատմամբ մենք սարսափով ու ատելությամբ ենք լցված»։ Այս խոսքերի հեղինակ Յունուս Նադին նույն թերթի նոյեմբերի 9-ի համարում երևում է որպես այդ մարդկանց տեղահանության ու զանգվածային կոտորածների մեղավորներին պատժելուն աջակցող գրող, հետագայում սակայն մոռանում է իր գրածներն ու իր իսկական էությանը վերադառնում։ Որպես պարգև՝ տիրանում է հայ Մաթոսյանի տպարանին ու գրադարանին ու այսպես օգուտ քաղում Ցեղասպանությունից։

Անգլիայի ծովակալ Վեբը արտաքին գործերի նախարար Բալֆուրին ուղարկած իր հեռագրում գրում է. «Ջարդերի մեջ ունեցած իրենց մասնաբաժնի պատճառով… այս մարդկանց վրա ուժեղ ճնշում գործադրող լրատվական օրգան կարծես թե չկա»։ (7)

Բացառությամբ մի քանի լրատվական գործակալության՝ Ստամբուլի մամուլում տպագրված հոդվածների մեծ մասն այդ հանցանքները արդարանցելու գործիքներ էին։ Արժեք չունեն։ Հենց այդտեղ էլ գործի է անցնում հայկական մամուլը։ Այդ տեսանկյունից Անումյանի աշխատությունը կարևորություն է ձեռք բերում։ Հիշատակման է արժանի հատկապես Միհրան էֆենդու «Փեյամ-ը սաբահ» թերթը։ Այդ թերթում հրապարակված համարձակ հոդվածների վրա իր կնիքը դրած գլխավոր խմբագիր Ալի Քեմալին քեմալիստները փախցնում են Ստամբուլից ու Իզմիթում լինչի դատաստան տեսնում նրա նկատմամբ։ Միհրան էֆենդին էլ քեմալիստների հաղթանակից հետո լքում է երկիրը։

Ալի Քեմալն իր 1918 թ. նոյեմբերի 5-ի հոդվածում պահանջում է պատժել պատասխանատուներին.
«Հեղափոխության ուղեղ, բանակի ոգի, Սիրիայի հոգևոր նվաճում, ազատության հերոս, ճշմարտության մարտիկ, էլ ինչե՜ր, ինչքե՜ր, բոլորը մեկ առ մեկ գողի նման, մի հանցագործի նման զգուշորեն հեռացել են, փախել, գնացել… Մեր պապերը «ըմբռնելու անկարող թուրքեր» էին ասում, իսկապես ըմբռնելու անկարող ժողովուրդ ենք։ Այս քսաներորդ քաղաքակրթության դարում սերունդները ստոր, անկիրթ, տգետ, իրավունքից էլ, ազատությունից էլ, կառավարումից էլ անտեղյակ… ոճրագործ, դուրս է գալիս, իր նման խուլիգանների գտնում… Այս երկրում դրանից շատ էլ ուրիշ ի՞նչ կա… Այս դարի հասկացողության, խղճի մեջ չտեղավորվող սպանություններ է գործում։ … Ահա, դարեր շարունակ մենք Աստծուն մոռացանք, փադիշահին մոռացանք, աշխարհում սուրբ, հագելի ինչ կար` ամենը մոռացանք, հրամանատար, դատավոր ասացինք ու այդ տականքներին երկրպագեցինք։ Եթե հիմա էլ նման աղետների ենք ենթարկվում, այդ գործերի պատիժն է, որ կրելու ենք»( 8)։
Լրագրերի ու գրողների միջև խնդրի շուրջ վեճերը քիչ չեն…

Ջեմալ փաշայի Այնթուրայի որբանոցի ղեկավար Հալիդե Էդիպը հոկտեմբերի սկզբին «Վաքիթում» հրատարակած հոդվածում օգտագործում է. «Հեղափոխության փորձերը ճնշելը բնական է» արտահայտությունը… Բանաստեղծ Ահմեդ Հաշիմը «Իչթիհադի» 1918 թ. նոյեմբերի 7-ի համարում շատ կոպիտ պատասխան է տալիս. «Կարծես թե մոռացել եք անցյալը… ջարդերի մասին է խոսքը։ … Սակայն դուք այդ ընթացքում մեկ ուրիշ սպանդ էինք գնացել տեսնելու։ Ձեր փաշան ձեզ փայլուն ավտոմեքենաներով Ներոնի խրախճանքը դիտելու համար Սիրիա էր հրավիրել։ Այդ ընթացքում սիրիական դատարաններում մահապատիժների որոշում էր ընդունվում…»։

«Յենի գյուն» թերթում խնդրի լրջությունը թեթևացնելու ու ժխտողականությանն ուղղված ջանքերին «Սաբահը» պատասխանում է։ «Սաբահ»-ի 14.12.18 օրվա համարում Թալեաթ փաշայի` «Հայերին ոչնչացրեք` ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա գցելով,» որոշումը ներառող փաստագրական հեռագիրն է հրապարակվում։

«Սաբահ»-ի դիրքորոշումը ակնհայտ էր. «Մեզ մոտ տարօրինակ մի ըմբռնում կա։ Եթե ասում ենք, որ հայերի նկատմամբ արդարությունը պետք է վերականգնվի, համարվում է, որ խոսել ենք թուրքերի դեմ, սակայն չենք մտածում, որ այսպիսի քայլով անունը մեզ վրա էլ ենք տարածում, դիտվում ենք որպես մարդասպաններին թաքցնողներ»։

Անումյանը հետաքննչական հանձնախմբերի հավաքած նյութերից կայացված որոշումներն է ներկայացնում։ Տեղահանությունների հետ կապված` սենատում ու պատգամավորների պալատում տեղի ունեցած քննարկումներն էլ է ներառում. 1918 թ. հոկտեմբերի 19-ին տեղի ուենցած առաջին նիստի ժամանակ նախարար (Միություն ու Առաջադիմություն կուսակցության հիմնադիր ու առաջնոդներից) Ահմեթ Ռըզան ելութ է ուենում։ Ռըզան երկու օր անց ավելի առաջ է գնում ու կիրառում այն միտքը, որ հայերին «պաշտոնական» քաղաքականության արդյունքում «պետության ձեռքով» ոչնչացրելն են»:

Պատգամավորների պալատում կայացած քննարկումների ժամանակ կարևոր դեմքերից ու համարձակ պատգամավորներից մտավորական Էմմանուիլ Էմանուիլիդիսը 1918 թ. նոյեմբերի 4-ի նիստում մեջլիսի նախագահ Հալիլ Մենթեշե բեյին համարում է պատասխանատուներից մեկը և ընդգծում, որ ցավում է այդ առթիվ։ Նա անդամներին ասում է. «Ես չգիտեմ, թե դուք, իմանալով նման խնդիրների մասին, ինչպե՞ս եք ընդունում նրա նախագահ դառնալը», ու առաջարկում նոր նախագահի ընտրություններ անցկացնել, որը գաղտնի քվեարկությամբ մերժվում է։ Էմմանուիլիդիսը Չաթալջայից պատգամավոր Դիմիթրիադիսի և Իզմիրի պատգամավոր Միմարօղլուի կողմից ստորագրած 8 կետից բաղկացած մի առաջարկ է ներկայացնում (20)։ Տեղահանության ու բռնագրավման վերաբերյալ քննարկում է սկսվում 1918 թ. նոյեմբերի 2-ին տրված 8 կետից բաղկացած առաջարկով, որն անցած ժամանակաշրջանը քննող պատմական կարևորություն ունեցող մի փաստաթուղթ է՝

«Մեջլիսի ղեկավարությանը.
Ինչպես գիտենք, այս երկրում վերջին 5 տարում պատմության մեջ հավասարը չունեցած և «կառավարության նախաձեռնությունների» անվան տակ մի շարք տխուր իրադարձություններ են տեղի ունեցել։
Հայ լինելուց բացի` ուրիշ մեղք չունեցած 1 ու կես միլիոն մարդ` կանանց ու երեխաների հետ մեկտեղ, սպանվել է կամ անհետացել։
40 դար շարունակ այս երկրի քաղաքակրթության մասնիկը եղած հույներից 250.000 մարդ Առաջին աշխարհամարտից առաջ օսմանյան տարածքներից վռնդվել է, իսկ նրանց հարստությունը` բռնագրավվել։
Պատերազմի հռչակումից հետո Սև ծովի, Դարդանելի նեղուցի ու Էգեյան ծովի ափեզրին գտնվող վայրերից ու այլ տեղերից ևս 500.000 հույն է աքսորվել, ոչնչացվել, ու նրանց ունեցվածքն էլ թալանվել է, որոշ մասն էլ` բռնագրավվել։
Ոչ իսլամական տարրերին արգելվել է առևտրով զբաղվել։ Առևտուրը դարձել է ուժեղների մենաշնորհը։ Այսպես մի ողջ ժողովուրդը կողոպտվել է։
Պատգամավորներից Զոհրաբն ու Վարդգեսը սպանվել են…

Հարցնում ենք՝
Նոր կառավարությունն այս դեպքերն իրականացրած հանցագործների մասին ի՞նչ գիտե։ Խնդրի էության մասին ի՞նչ է մտածում։ Հնարավոր միջոցները ե՞րբ է պատրաստվում ձեռնարկել։ 1918 թ. նոյեմբերի 2»( 9)։

Դիվանիյեի պատգամավոր Ֆուաթ բեյի առաջարկով կազմված հանձնախմբի (խոսքը գնում է օսմանյան խորհրդարանի Հինգերորդ հանձնախմբի մասին-Ակունքի խմբ.) անդամների մեծ մասը չնայած թուրքերից էին բաղկացած, այնուամենայնիվ, նրանց մեջ հայ, հույն ու արաբ պատգամավորներին էլ կային։ Պետք է հայտնել, որ հանձնախմբում իրականում կային մարդիկ, որոնք մեղադրյալի աթոռին պետք է հայտնվեին։ Մինչև 1918 թ․ դեկտեմբերի 7-ը տևած 15 նիստերի ընթացքում 15 նախարար, մեկ վարչապետ (Սայիթ Հալիմ փաշա) և 2 շեյխ ուլ-իսլամ է հարցաքննվել։ Սակայն սուլթանի կողմից մեջլիսի ցրումից հետո մեջլիսի աշխատանքները կիսատ են մնում։ Մեղադրականները ռազմական դատարանի դատախազներին են հանձնվում։ Դրանից հետո այս հարցում ամենակարևոր գործը դատարաններինն էր լինելու։

Անումյանն իր աշխատության մեջ մանրամասնորեն ներառում է հետաքննիչ հանձնախմբերի աշխատանքներն ու հանձնաժողովի զեկույցների արդյունքները, Ռազմական արտակարգ ատյանի կազմումը, դատարանի կողմից կատարված առանձին հետաքննություններն ու դրանց վրա հիմվելով` արված ձերբակալությունները, ինչպես նաև դրանց՝ Սևրի պայմանագրի վրա ունեցած ազդեցությունն ու Ցեղասպանության հետևանքների դատապարտման հետ կապված քաղաքական գործընթացը։ Նա ընթերցողին է ներկայացնում դատական գործընթացի վրա ազդած գործոնները։ Հեղինակը ներկայացնում է նաև կատարարված ձերբակալությունները, բանտի պայմանները, ձերբակալվածների շարժի ազատությունն ու բանտերի՝ քեմալական շարժման կենտրոնների վերածվելու փաստը, նույնիսկ կցում է վկայություններ ամեն երեկո երկու նիստով նախարարների կազմի հավաքներ անելու վերաբերյալ։

Նա երևան է հանում դատական գործընթացում կիրառված ռազմավարությունը և ձևավորված գերիշխող մտածելակերպը` մասնավորապես գրելով. «Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների դատաքննությանն անդրադառնալիս պետք է հաշվի առնել հետևյալ երկու հանգամանքները. նախ` դատավարության ժամանակ Օսմանյան կայսրության իշխանությունները, ի դեմս սուլթան Մեհմեդ 6-րդի ու վարչապետ Դամադ Ֆերիդ փաշայի վարչակազմի ներկայացուցիչների, ձգտել են հայերի զանգվածային կոտորածները կազմակերպելու մեջ մեղավոր ճանաչել միայն սահմանափակ զանգվածի` հանձինս Իթթիհադ վե թերաքքի կուսակցության վերնախավին ու նրա ղեկավարած կառավարությանը, և երկրորդ. իրենք` երիտթուրքերը ու նրանց կողմնակիցները, ընդհակառակը, ամեն կերպ փորձել են չվարկաբեկել կուսակցության անունը` ձգտելով մեղքը բարդել ոչ թե կազմակերպության, այլ միայն առանձին անհատների վրա»:

Անումյանն այդ ռազմավարությունն ու մտայնությունը քննում է բազմաթիվ օրինակներ բերելով։ Հենց այդտեղ է երևան գալիս այս աշխատության նշանակությունը։ Այդ ռազմավարության դեմ արտահայտված վերաբերմունքը ևս կարևոր է։ Այստեղից սկսվում է տարակարծությունը։ Այդ տեսանկյունից կարևոր է հատկապես ժամանակի հայկական օրաթերթերի դիրքորոշումը ներկայացնելը. «Կուսակցության անդամների դատաքննության ընթացքում երիտթուրքերի բռնած այդ դիրքորոշումը չի վրիպել ականատեսների ուշադրությունից ու հարուցել հասարակության որոշ շրջանակների վրդովմունքը և քննադատվել նաև տվյալ ժամանակաշրջանի օսմանյան մամուլում: Հատկապես խիստ են արձագանքել Ստամբուլում տպագրվող «Սաբահ» և «Ժողովուրդի ձայնը» օրաթերթերը: 1919 թ. մայիսի 8-ի համարում «Սո՛ւրբ Իթթիհատ» վերնագրի տակ «Ժողովուրդի ձայնը» պարբերականը գրում էր. «Սապահ խօսելով իթթիհատական պարագլուխներու դատավարութեան մասին, կը շեշտէ, ոչ առանց զայրոյթի, այն մտայնութիւնը, որ երեւան կուգայ այդ դատավարութեան ընթացքին ամբաստանւածներու տուած պատասխաններուն մէջ, որոնցմով անոնք կը ջանան տակաւին սրբացնել Իթթիհատը, յայտարարելով, թէ ան մասնակից չէ եղած այն քստմնելի ոճիրներուն, որոնք վերածեցին ամբողջ երկիրը զարհուրելի դժոխքի մը: «Ամբաստանւածները, կը գրէ Սապահ, կըսեն թէ Իթթիհատը չէ ունեցած ոչ մէկ կապ «Միւտաֆա-ի Միլլիէ»-ի, «Թէշքիլաթը Մախսուսէ»-ի եւ այլ տխրահռչակ ընկերութիւններուն հետ, որոնք պատերազմի տարիներուն ծծեցին ոչ միայն ազգին արիւնը, այլեւ ծուծը: Անոնք կուրանան, այո’, այս կապը, բայց ատիկա ծանօթ է ամբողջ աշխարհին: Ամբաստանւածները կըսեն նոյնպէս թէ Ընդհանուր Կեդրոնը և կամ Իթթիհատը տեղեկութիւն չունին ջարդերու եւ ժողովուրդին շահադիտութեան հետեւանքով ենթարկւած սովամահութեան մասին: (…) Կարելի՞ է միթէ գարշանք չզգալ այս լրբենի յանդգնութենէն և թանձր խաւարով պատած այս աղտոտ խղճմտանքներէն, որոնք ոչ մէկ կերպով կազդւին արդարութեան լոյսէն: Կարելի՞ է միթէ չզգալ զզվանքով լեցուն զարմանք մը, տեսնելով որ կը պաշտպանւին տակաւին այն մարդիկը, որոնք քշեցին երկիրը դէպի փորձութիւններու զարհուրելի խորխորատը: (…) Այս մարդիկը ի՞նչ պիտի պատասխանեն արդեօք այն ծածկագիր հեռագիրներուն և փաստերուն, որ կը գտնւին ամբաստանիչ մարմնի փաստացի որոշմնագրին մէջ, և որոնք անհերքելիօրէն կը հաստատեն թէ Իթթիհատը ամենասերտ կապ ունեցած է «Թէշքիլաթը Մախսուսէ»-ին և ջարդերուն հետ: Թող ուրանան որքան կուզեն, թող պաշտպանեն ու սրբացնեն Իթթիհատը է’ն ուռուցիկ պաշտպանողականներով, արժէք չունի, որովհետեւ Իթթիհատը ա՜լ մեռած է բարոյապէս ազգին համար»»:

Դատական գործընթացի ժամանակ հայկական պարբերականները կարևոր մանրամասնություններ են հաղորդում. Տրապիզոնի հայերի տեղահանությունն ու սպանությունների գործով 1919 թ. մարտի 29-ին տեղի ունեցած երկրորդ դատական լսման ժամանակ Մեհմեդ Վեհիբ փաշան ցուցմունք է տալիս Բեհաեդդին Շաքիրի դեմ, ինչի պատճառով հարձակման է ենթարկվում Շաքիրի կնոջ կողմից. «Ուշագրավ է, որ Մեհմեդ Վեհիբ փաշան Տրապիզոնի հայերի տեղահանության և կոտորածների դատավարության երկրորդ նիստում` 1919 թ. մարտի 29-ին, Բեհաեդդին Շաքիրի դեմ ցուցմունք տալու պատճառով բանտում ենթարկվել էր վերջինիս կնոջ հարձակմանը: Այդ մասին «Ճակատամարտ» օրաթերթը գրում էր. «Առջի օր թուրք կին մը բանտը երթալով Վէհիպ փաշան տեսնել կ’ուզէ: Սակայն փաշան հանըմին քովը հազիւ հասած` «աման, այս կինը դուրս հանեցէք, ես չեմ կրնար կնոջ մը փոխադարձել» ըսելով դուրս կ’ելլէ: Այցելու կինը Պէհաէտտին Շաքիրի տիկինն է, որ վիրաւորելով փաշային` դատարանի մէջ, իր ամուսնի մասին ըրած մերկացումներէն, պատրաստուած է եղեր գաւազանով ծեծելու զայն», տե’ս «Վէհիպ փաշան յարձակման կ’ենթարկուի», «Ճակատամարտ», 5 ապրիլ, 1919, N 122 (1943)»:

Անումյանը ներկայացնում է «Ժողովուրդ» ու «Ճակատամարտ» թերթերի գրառած մի ուշագրավ դեպք. «Հարկ է նշել, որ Վեհիբ փաշայի թղթապանակի մեծ մասը 1919 թ. սեպտեմբերին գողացվել է Ռազմական ատյանից: Այդ անհետացած փաստաթղթերը եղել են հայերի կոտորածները հաստատող պաշտոնագրեր, տե՜ս «Ժողովուրդ» քաղաքական և հասարակական օրաթերթ, 9 սեպտեմբեր, 1919, N 35 (281); «Հայկ. եղեռնին թուղթերը անյայտացած», «Ճակատամարտ», 9 սեպտեմբեր, 1919»:

Հեղինակը հայերի տեղահանության ու սպանությունների մեղադրանքով հարուցված դատական գործերի դատավճիռներն է ներկայացնում ու հետևյալ եզրակացությանը հանգում. «Հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված մոտ 63 դատական գործերի արդյունքում կայացվել է ընդհանուր թվով 20 մահապատժի դատավճիռ: Հատկանշական է, որ այդ մահապատիժներից միայն 3-ն են ի կատար ածվել, իսկ մնացած 17-ն ընդունվել են հեռակա կարգով, քանի որ դատապարտյալները գտնվել են փախուստի մեջ: Մահապատժի ենթարկված դատապարտյալները հետևյալ անձինք են` Բողազլըյանի գավառապետ Մեհմեդ Քեմալը (Յոզղատի դատավարություն), Երզնկայի ժանդարմերիայի հրամանատար, Հայրան Բաբա մականունը կրող Հաֆըզ Աբդուլլահ Ավնին (Երզնկայի դատավարություն) և Բաբերդի կառավարիչ, հետագայում` Ուրֆայի գավառապետ Բեհրամզադե Նուսրեթը (Բաբերդի դատավարություն)»:

Քեմալի մահապատժի գործընթացի հետաքրքրականության մասին հաղորդում է, որ մահապատժի վերջում թուրք ժողովրդը համերաշխության մեջ էր Քեմալի հետ. «Մահապատժի հաջորդ օրը մեծ շուքով կազմակերպվել է Քեմալի թաղման արարողությունը, որին մասնակցել են առավել քան 10 հազար ցուցարարներ: Ոճրագործը հռչակվել է «ազգային նահատակ», նրա այրին ու զավակները` վերցվել ազգային խնամակալության տակ, և, ինչպես նշում է Արամ Անտոնյանը, «Այն թուրք ժողովուրդը որ հանրային հանգանակութեանց իր քսակը այն ատեն միայն կը բանայ, երբ վիզը կը սեղմեն, ինքնաբերաբար, 5-10 օրուան ընթացքին 20 հազար օսմ. ոսկի գումար մը հանգանակելով, յանձնեց Քէմալ պէյի այրիին»»:

Պատասխանատու քարտուղարների գործը ներկայացնելիս դատարանի ընդունած հետաքրքրական տեղեկություններին և փաստերի մանրամասնությունների հետ ենք ծանոթանում. «Դատավճռի մեջ նշվում է, որ բոլոր ապացույցներն ու փաստերը լիովին հաստատում են, որ հայերի ջարդերն իրագործել է Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից հիմնված Հատուկ կազմակերպությունը, իսկ կուսակցության պատասխանատու քարտուղարներն օժանդակել և դյուրացրել են այդ գործը»:

Դատավարությունների ընթացքում պատասխանատու քարտուղարներից 1909 թ. Ադանայի ջարդերի ժամանակ այնտեղ գաղտնի պաշտոնյա եղած ու Չանքըրը աքսորվածների սպանությունների մեջ մեղադրվող, «Ճակատամարտ»-ի կողմից որպես «Իթթիհադի նախկին շունը» որակված Ջեմալ Օղուզի՝ դատարանում ցուցաբերած ստոր վարքի վրա չենք զարմանում. «Ամբաստանյալներից Ջեմալ Օղուզը 1919 թ. դեկտեմբերի ու 1920 թ. հունվարի դատական նիստերի ընթացքում ձևացնում է, թե խելագարվել է, անընդհատ վիճաբանում դատարանի նախագահի հետ և նույնիսկ ինքնասպանության փորձ անում: Ի վերջո, համոզում է դատարանի կազմին, որ իրեն ուղարկեն հոգեբուժարան: Թեև սկզբում ատյանը մերժում է նրա դիմումը, սակայն տասներորդ նիստում (1919 թ. դեկտեմբերի 29) նրա դատական գործն «առողջական խնդիրների» պատրվակով առանձնացվում է պատասխանատու քարտուղարների դատական գործընթացից»:

Դատարանները հետաքրքրական որոշումներ էլ են կայացրել, ինչպես, օրինակ, Տրապիզոնի դատաքննության ժամանակ. «Տրապիզոնի դատավարության մեղադրյալներից բժիշկ Ալի Սայիբի առանձնացված գործը քննվել է 1919 թ. հուլիսի 8-ից դեկտեմբերի 21-ը: Ալի Սայիբը մեղադրվում էր Տրապիզոնի Կարմիր մահիկ հիվանդանոցում գազի և այլ միջոցներով հայերի թունավորման մեջ: Սույն դատաքննության նիստերում ունկնդրության արժանացած վկաները հայտնել են, թե ըստ իրենց հասած տեղեկությունների` ամբաստանյալը մորֆինով թունավորել էր հայ երեխաներին և պարկերի մեջ լցնելով` սպանել նրանց: Ավելին` դեռևս դատի առաջին նիստում (1919 թ. հուլիսի 8) մեղադրյալի դեմ ուղղված զեկուցմամբ հանդես եկած բժիշկ Զիյա բեյը վկայել է, որ Ալի Սայիբը մանուկներին սպանել էր ներարկման միջոցով, ապա պարկերը լցնելով` ոչնչացրել: Չնայած այս բոլոր վկայություններին` դատարանն արդարացրել է մեղադրյալին` վերոնշյալ մեղադրանքները հաստատող ականատես վկա չգտնվելու հիմքով: Բժիշկ Ալի Սայիբի արդարացումը Ռազմական ատյանի կողմից մեկն է այն բազմաթիվ օրինակներից, երբ դատարանն ազատ է արձակել մեղադրյալին` չնայած վերջինիս մեղավորությունը հաստատող փաստերին ու վկաներին»:

Անումյանի աշխատության երրորդ գլխում անդրադարձ է կատարվում 1926 թ. Անկախության դատարաններին ու Մ. Քեմալի՝ իշխանության համար իթթիհադականների դեմ մղված կռվում վերջնակետ համարվող Իզմիրի մահափորձի ու Անկախության դատարանների իրականացրած երիտթուրքերի դատավարությանը։ Բոլորին հայտնի մահափորձը Քեմալը պատրվակ է օգտագործում` ընդդիմությանը վերացնելու գործում, և վախեցնում է նրանց, ովքեր կարող էին ընդդիմություն դառնալ: Ըստ Մ. Անումյանի` այս դատավարության ժամանակ մեղադրյալ երիտթուրքերի` պաշտպանվելու հնարավորությունը սահմանափակվել է, նույնիսկ թույլ չի տրվել դատապաշտպան վարձել։ Մեղադրանքում մահապատիժ չպահանջված 3 մարդու մահապատժի են ենթարկել. Իսմայիլ Ջանփոլադը, իր վերաբերյալ կայացված թիապարտության պատիժը բողոքարկելուց հետո, մահապատժի է ենթարկվել։

Մ. Անումյանի գրքում վկայակոչվում են նաև դատավարությունների հետ առչնվող խորհրդային փաստաթղթերը։ Մ. Քեմալի՝ «LA Examiner Quote» (1 օգոստոս 1926) թերթին տված հարցազրույցի ժամանակ Հայոց ցեղասպանության հիշատակումը հետաքրքրական է. «Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1926 թ. «Լոս Անջելես Էքզամիներ Քվոթ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, թե Իթթիհադը մեղավոր էր նաև Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության հազարավոր քրիստոնյա հպատակների ոչնչացման համար»:

Հեղինակը 1919-21 թթ. դատական գործերը 1926 թ. դատավարությունների հետ համեմատելիս հետաքրքիր ընդհանրություններ ու մանրամասնություններ է ներկայացնում մեզ։
Մուստաֆա Քեմալը Իզմիրից 1926 թ. հունիսի 18-ին, այսինքն՝ «մահափորձը» կանխվելուց 4 օր անց, վարչապետ Իսմեթ փաշային մի հեռագիր է ուղարկում.

Ձերբակալվածների տված ցուցմունքների վրա հիմվելով` հետևյալ համոզմունքին եմ հանգում։ Միակ նպատակը (քաղաքական) իշխանությունը գրավելը եղող Առաջադիմական հանրապետական խմբակցության վերահսկողության տակ գաղտնի աշխատող մի կոմիտեի հետ գործ ունենք։ Նախկին երկրորդ խմբի (Առաջինը մեջլիսում ընդդիմությունն է) անդամներն էլ այդ սխեմայի մեջ են գտնվում…

Այդ քաղաքական կոմիտեն Միություն ու առաջադիմություն կուսակցության նման ֆիդայիններից բաղկացած խումբ ունի… Սպանության որոշումը (Առաջադիմական հանրապետական կուսակցություն) հանրային պատվիրակության բոլոր անդամների կողմից է կայացվում՝ որպես մեկ ընդհանուր որոշում… Ռաուֆ բեյի՝ նախկինում Եվրոպա գնալը, Քազըմ Քարաբեքիրի` Անկարայում գաղտի հանդիպումը Զիյա Խուրշիդի հետ… և Ադնան բեյի` (Ադըվար) Լոնդոնում մնալը կարևոր են… Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ձերբակալել ու պատժել Առաջադիմական հանրապետական խմբակցության բոլոր առաջնորդներին և որոշ անդամների (10)։
1926 թ. դատավորություններով Մ. Քեմալն, ուզածի պես, ընդդիմադիրներին վերացրեց ու պատմության գիրկն ուղարկեց Միություն և Առաջադիմություն կուսակցությունը։

Մելինե Անումյանը հանգում է այն եզրակացությանը, որ իթթիհադական մտածելակերպը շարունակական է. «1919-1921 թթ. և 1926 թ. երիտթուրքերի դատավարությունները, Միություն և առաջադիմությանը` որպես կուսակցություն, հեռացնելով պատմության թատերաբեմից, բնավ նպատակ չունեին և չէին կարող քաղաքականությունից վերացնել ո՜չ իթթիհադական ավանդույթներն ու գործելաոճը, ո՜չ էլ մտայնությունը, քանի որ հանրապետական շրջանում գործող գրեթե բոլոր կուսակցությունները սերվել են նրանից և օգտագործում են նույն գաղափարները: Հանրապետության հռչակումից հետո, թուրքերից բացի, մյուս բոլոր ժողովուրդները օտարվել են, և պետությունը վարել է մեկ լեզու, մեկ կրոն, մեկ մշակույթ և մեկ ազգ ստեղծելու, մնացած բոլոր ժողովուրդներին թուրքացնելու քաղաքականություն: 1926 թ. երիտթուրքերի դատավարությունները, Թուրքիայում վերջ դնելով իթթիհադական խորքային պետությանը, հիմք դրեց մեկ այլ` քեմալական խորքային պետության ձևավորմանը` հաշվեհարդար տեսնելով հայերի վրեժխնդրությունից փախած Իթթիհադի մի շարք պարագլուխների հետ, սակայն քաղաքական կյանքում անփոփոխ թողնելով իթթիհադական գաղափարախոսությունը և պետական կառավարման մեջ որդեգրված գործելաոճը»:
1. Մելինե Անումյան, Ճանաչում ու դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. և 1926 թ.), խմբ.` Արսեն Ավագյան, թարգմ.` Տիրան Լոքմագյոզյան, «Փենջերե» հրատարակչություն, Ստամբուլ, 2018։
2. Վ. Տատրյան և Թ. Աքչամ, «Տեղահանություն ու կոտորոծներ, Ռազմական արտակարգ ատյանի արձանագրությունները», Ստամբուլի Բիլգի համալսարանի հրատարակչություն, 2008, էջ 9։
3. Նույն տեղում։
4. Օսմանյան խորհրդարանի նախագահ Հալիլ Մենթեշեի հուշերը, «Հյուրրիյեթ վաքֆը» հրատարակչություն, Ստամբուլ, 1986, էջ 239։
5. ԹԱՄԺ-ի գաղտնի նիստերի արձանագրությունները, հատոր 1, 1985, էջ 7։
6. Սինան Աքշին, Ստամբուլի կառավարություններն ու ազգայնական պայքարը, հատոր 1,, 2010, էջ 126։
7. Տատրյան և Թ. Աքչամ, նշվ. աշխ., էջ 13։
8. Օրհան Քոլօղլու, Մեր մտավորականների ճգնաժամային տարին 1918, «Բոյութ», էջ 98։
9. Էմմանուիլ Էմմանուիլիդիս, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, թարգմ.` Նիկո Չանաքչըօղլուի, «Բելգե», 2014, էջ 465-66։
10. Հաքան Օզօղլու, Հանրապետության հիմնադրման ժամանակ պայքարը իշխանության համար, թարգ․ Զյուհալ Բիլգին, «Քիթափ», 2011, էջ 173-175։

Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net

 

 

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın