2014-ից ի վեր Ֆիլիպիններից Երևան եկող զբոսաշրջիկների թիվը 674-ից հասել է 22,000-ի, իսկ ոմանք էլ մշտական բնակություն են հաստատում այստեղ: Այս մասին Al Jazeera-ում գրում է Մեգան Լակոբինի դե Ֆազիոն:
Facebook-ում Filipino Community in Erevan City խումբն ունի շուրջ 1300 անդամ: Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատան տվյալներով` վերջին տարիներին առնվազն 300 ֆիլիպինցիներ մշտական բնակություն են հաստատել մայրաքաղաք Երևանում:
Հեղինակը գրում է, որ Հայաստան այցելող ֆիլիպինցիների մեծ մասն արտագնա աշխատողներ են ԱՄԷ-ում, Կատարում, Բահրեյնում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում: Պարսից ծոցի երկրներում գործող օրենքների համաձայն` նրանք հաճախ պարտավորվում են երկրից դուրս գալ: Եվ եթե նախինում նրանք պարզապես հատում էին սահմանը և նույն օրը վերադառնում, ապա այժմ շատերն օգտվում են այս հնարավորությունից:
Հեղինակը պատմում է 29-ամյա Էդուարդ Ռիգորի մասին, որը տուրիստական խմբի կազմում այցելել է Հայաստան: Նրանք այցելել են մի շարք հին հայկական եկեղեցիներ և ապա նաև Հայաստանի բարձրադիր գոտիներ: «Նախկինում մենք գնում էինք Իրան կամ Օման, սակայն հետո տեղեկացանք, որ վիզայի փոփոխությունների հետեվանքով կարելի է գնալ Հայաստան զբոսանքի, ինչը հոյակապ հնարավորություն է ֆիլիպինցիների համար, ովքեր երբեք ձյուն չեն տեսել», – ասել է Էդուարդը:
Հոդվածում պատմվում է նաև Երևանի փողոցներից մեկում գործող Little Manila իջևանատան մասին, որը հիմնականում հյուրընկալում է ֆիլիպինցի այցելուների: Իջևանատան տիրոջ` Ռենատո Մարիլագի կինը վերջերս լույս աշխարհ է բերել նրանց դստերը` Միային:
«Նա առաջին հայ-ֆիլիպինցի երեխան է: Ուզում եմ, որ նա այստեղ մեծանա և խոսի հայերեն: Գիտեմ, որ նրան այստեղ դուր կգա», – ասել է Մարիլագը: Նա ԱՄԷ-ում էր աշխատում, երբ առաջին անգամ լսեց Հայաստանի մասին: Ըստ նրա, այժմ Պարսից Ծոցի բոլոր ֆիլիպինցիներն արդեն ճանաչում են Հայաստանը: Կնոջ եղբոր հորդորով` Մարիլագը եկել է Հայաստան` բիզնես հիմնելու նպատակով:
«Դուբայի համեմատ` կյանքի որակն այստեղ շատ բարձր է: Աշխատավարձը ցածր է, սակայն արժե այստեղ լինել. եղանակը լավն է, իսկ մարդիկ հաճելի են։ Քրիստոնյա լինելը շատ կարևոր է մեզ համար. ահա թե ինչու ֆիլիպինցիները բաց չեն թողնում պատմական եկեղեցիներ այցելելու հնարավորությունը: Դա գրեթե առաջին բանն է, որ հետաքրքրում է մարդկանց»,- ասում է նա:
Հեղինակի խոսքով, սակայն, առաջին բանը, որ մարդկանց այստեղ է բերում, եկեղեցիները չեն: Little Manila-ի այցելուների թիվը հատկապես ավելանում է ձմռանը, երբ այստեղ առատ ձյուն է գալիս: «Դեկտեմբերին մենք ավելի քան 300 ֆիլիպինցի հյուրեր ենք ունենում, որոնք ցանկանում են ձյուն տեսնել և ճերմակ Սուրբ Ծունդ նշել: Տարվա մեջ ամենաշատ պատվիրվող ուղևորությունները Արագած լեռան զբոսանքներն են, քանի որ այնտեղ միշտ ձյուն կա», – պատմում է նա:
İlk yorum yapan siz olun