Հայրապետական այցով Իտալիայում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին շքախմբի ուղեկցությամբ Միլանից մեկնել է Հռոմ:
Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Այցի շրջանակներում Հռոմի հայկական Սուրբ Վլաս եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին:
«Հրաշափառ»-ի հանդիսավոր արարողությունից հետո Նորին Սրբությանը բարիգալստյան խոսք է հղել Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Այնուհետեւ ներկաներին իր հայրապետական պատգամն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը նշել է, որ մեր ժողովուրդը դարերի մեջ դժվարություններ ու փորձություններ դիմագրավեց, ցեղասպանություն վերապրելով ցրվեց աշխարհով մեկ, բայց ամենուր արթուն եղավ հավատքի մեջ, համբերեց նեղությունների մեջ եւ հավատքի գործերով զարդարեց իր ընթացքը, վերակերտեց ու կազմակերպեց իր ազգային-եկեղեցական կյանքը:
Նորին Սրբությունն իր ուրախությունն է արտահայտել օրեր առաջ Միլանի Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցու հաստատման 60-ամյա նշանակալի հոբելյանի հանդիսությանը մասնակցելու առիթով` բարձրորեն գնահատելով իտալահայերի նախանձախնդրությունը հանդեպ հոգեւորը եւ նախնյաց ավանդները, նրանց որդիական հավատարմությունը հանդեպ հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Հայրապետական իր օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է զորեղ մնալ ազգային գիտակցության մեջ, իրենց սրտերում մշտավառ պահել Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատո կանթեղի լույսը եւ նախանձախնդրությունը նախնյաց ժառանգության հանդեպ:
Աղոթք բարձրացվեց նաեւ խաղաղության, հայրենիքի հզոր ապագայի եւ մեր ժողովրդի բարօրության ու նորոգ առաջընթացի համար:
Հանդիպմանը ներկա են եղել Իտալիո հայոց հոգեւոր հովիվ եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, բարձրաստիճան հյուրեր Վատիկանի Սուրբ Աթոռից, Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների, ինչպես նաեւ Իտալիայում եւ Վատիկանում հավատարմագրված ՀՀ դեսպանատների ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 24-ին Վատիկանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպելու է Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:
İlk yorum yapan siz olun