İçeriğe geçmek için "Enter"a basın

Կարճատեւ օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ. Սերժ Թանկյանը` Ամուլսարի մասին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հատուկ ուղերձ է հղել՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման ու դրա դեմ քաղաքացիական բողոքի ակցիաների հետ:

Թանկյանն իր աջակցությունն է հայտնել հանքի շահագործմանը խոչընդոտել փորձող ակտիվիստներին՝ հիմնավորելով այն պատճառները, թե ինչու է նա դեմ հանքարդյունաբերությանը:

«Մենք գիտենք, որ հանքերը հարատեւ վնաս են հասցնում բնական միջավայրին՝ անկախ նրանից, թե դա ինչ տիպի հանք է, թե որքան լավ է վերահսկվում հանքի գործունեությունը աղտոտիչների առումով, այն ամեն դեպքում հարատեւ վնաս է հասցնելու բնական միջավայրին: Մանավանդ բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ եւ այլն: Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ»,- ասել է Թանկյանը:

Նրա խոսքով՝ հանքերի ստեղծած վտանգը հարատեւ է, իսկ դրանց հակադրվող օգուտը, այն է՝ աշխատատեղերի ստեղծումը՝ ժամանակավոր, ինչը պատճառ է դարձել, որ մի շարք արդյունաբերական երկրներում հրաժարվեն հանքարդյունաբերությունից կամ էլ էականորեն կրճատեն շահագործվող հանքերի քանակը:

«Ինձ համար սա խնդիր է, քանի որ ազդում է Հայաստանում ապրող մարդկանց վրա: Մոդելն ինքնին կենսակայուն չէ: Եվ ի վերջո, ոչ ոք չի հարցնում այնտեղ ապրող մարդկանց՝ ուզո՞ւմ են նրանք այդ հանքը, թե՞ ոչ», – շարունակել է հայազգի երաժիշտը:

Նրա կարծիքով՝ տեղի բնակչության կարծիքն ակնհայտ է, եւ այն միանշանակ բացասական է: Ի վերջո, հենց այդ մարդիկ են փակ պահում հանքի ճանապարհներն ու փորձում խոչընդոտել շինարարության շարունակությանը:

«Բնիկ ամերիկացիներն ասում էին՝ երեխաներիդ կերակրելու համար չպետք է թոռներիդ սպանես: Այսինքն՝ կարճատեւ օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ: Այս է պատճառը, որ ես դեմ եմ հանքարդյունաբերությանը ընդհանրապես եւ Ջերմուկի մոտ «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործմանը մասնավորապես», – իր ուղերձը եզրափակել է Թանկյանը:


https://news.am/arm/news/477254.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın