Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայի հայոց հովվության հոգեւոր դասի եւ վարչական խորհրդի հրավերով մեկնեց Իտալիայի Հանրապետություն` հանդիսապետելու հովվության հոգեւոր կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու կառուցման 60-ամյակին նվիրված արարողությունները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից:
Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Միլանի օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ եւ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, ինչպես նաեւ եկեղեցու վարչական խորհրդի ատենապետ տիար Սարո Խուդավերդին, վարչականներ եւ պաշտոնյաներ:
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով եւ Իտալիայի հայոց հովվության հոգեւոր դասի ու վարչականների ուղեկցությամբ հանդիպեց Միլանի Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Գերաշնորհ Մարիո Դելպինիի հետ:
Միլանի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդարանի եպիսկոպոսական մատուռում կատարվեց միասնական աղոթք, ապա հանդիպումը շարունակվեց առաջնորդարանի պատվո հյուրերի համար նախատեսված գահասրահում:
Հայրապետական այցի առաջին օրն ամփոփվեց Միլանի Հայ տանը, ուր Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ Միլանի եկեղեցու հովանու ներքո գործող Միլանի երիտասարդական կազմակերպության վարչական խորհրդի եւ բազմաթիվ երիտասարդների հետ: Հանդիպումն անցկացվեց հարց ու պատասխանի ձեւաչափով, որի ընթացքում Նորին Սրբությունը լուսաբանություններ տվեց հայորդիներին հուզող հարցերի վերաբերյալ, խոսեց Սփյուռքում հայ ինքնության, ազգային-հոգեւոր արժեքների պահպանման կարեւորության, երիտասարդությունից Եկեղեցու ակնկալիքների եւ եկեղեցական կյանքում երիտասարդների ներգրավվածության մասին:
İlk yorum yapan siz olun