Շարունակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Լիբանան:
Այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել են Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին: Պատարագին ներկա էին նաեւ Լիբանանի նախագահի, կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներ:
Սուրբ Պատարագի արարողությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ուղղված շնորհավորական խոսքով.
«Վեհափա՛ռ Տեր,
հոգեւոր հայրեր, նախարարներ, պատգամավորներ, հարգելի հյուրեր,
Շատ զգացված եմ Ձեր հրավերի, այս սպասված հանդիպման եւ եղբայրական Լիբանանի հողում այս հայաշունչ մթնոլորտի համար: Ինձ համար շատ հուզիչ է եւ՛ ի պաշտոնե, եւ՛ պարզապես որպես հայ մարդ, որը դեռ դպրոցական աթոռից է լսում հայոց պատմության մեջ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերի մասին, պատիվ ունենալ շնորհավորել Ձեզ ձեռնադրման կեսդարյա փառավոր հոբելյանի առիթով:
Հիրավի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Սփյուռքի առաքելական հայերի մի մեծ հատվածի հոգեւոր կենտրոնն է, եկեղեցական եւ կրոնական ավանդույթների պահպանման ու հարստացման յուրահատուկ դարբնոցը։ Անթիլիասը հազարավոր հայերի սրտում է։ Շնորհակալ ենք, որ այս պատերի ներքո տարիներ ի վեր փայփայվել են մեր ազգային ինքնությունը, մշակութային արժեքները, խրախուսվել ազգապահպանության ծրագրերը։
Անգնահատելի է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անմիջական դերակատարությունն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո հայկական սփյուռքի ձեւավորման եւ կազմակերպման գործում: Պատահական չէ, որ մեր ազգի համար ամենաօրհասական պահին հյուրընկալ Լիբանանը դարձել է փրկության փարոս ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր հայորդիների համար:
Այսօր Հայաստանի եւ Լիբանանի միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Դրանում մեծ է այս եղբայրական հողում ձեւավորված լիբանանահայ համայնքի դերը, որը նաեւ Կաթողիկոսարանի առաջնորդությամբ իր հմտությունները, գիտելիքներն ու ստեղծարար ներուժը ծառայեցրել է իր երկրորդ հայրենիք դարձած Լիբանանի վերելքին: Շնորհակալ ենք նման պատմություն կերտելու համար:
Վեհափա՛ռ Տեր,
Ձեր եկեղեցանվեր եւ ազգանվեր գործունեության ճանապարհը յուրահատուկ խորհուրդ ունի սփյուռքահայության գոյապահպանման, քրիստոնեական հավատքի եւ հոգեւոր-մշակութային արժեքների պահպանման, արմատավորման ու տարածման գործում:
Մենք հիացած ենք Ձեր ստեղծագործ եւ լայնածավալ աշխատանքով, որի արդյունքում հաջողությամբ կերտում եք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եւ նրա սփյուռքյան թեմերի ու թեմական կառույցների երեկվա ու այսօրվա պատմությունը։
Հիրավի, անժխտելի է Նորին Սուրբ Օծություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Գահակալի Հայրապետական օրհնության ու իմաստուն խոսքի ազդեցությունն ու կշիռը hայոց պետականաշինության, համազգային առաջնահերթությունների իրականացման գործում եւ ազգային կյանքում:
Ոգեւորիչ եւ գոտեպնդող էր նաեւ Ձեր զորակցությունը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը: Դա լավագույնս վկայեց Ձեր անշեղ նվիրվածությունը ազատության ու մարդասիրության համամարդկային արժեքներին։ Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ էինք զգում՝ մեր մեջքին զգալով Սփյուռքի սատարանքը: Լիահույս եմ, որ Դուք էլ այսուհետ նույն կերպ ավելի հպարտ ու զորեղ եք զգալու Ձեզ նոր Հայաստանի կերտմամբ։
Ձեր անուրանալի ծառայությամբ Դուք կամրջում եք ոչ միայն հոգեւոր եւ աշխարհիկ, այլեւ միջեկեղեցական եւ միջկրոնական աշխարհընկալումները՝ պատիվ եւ հեղինակություն բերելով հայ ժողովրդին:
Վեհափա՛ռ Տեր,
Այս տարիներին այլեւս Ձեր անվան հետ է սերտորեն շաղկապված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության վերակազմակերպման ու վերածաղկման նոր շրջանը, որը Ձեր տքնաջան աշխատանքի արգասիքն է:
Արդարեւ, Դուք արեւմտահայերենի պահպանման ու զարգացման ռահվիրան եք եւ առաջամարտիկը երիտասարդ սերնդի մեջ սերն առ ոսկեղենիկ մայրենին արմատավորելու գործի: Պատահական չէ, որ աշխարհի հայկական դպրոցների համար հայագիտական առարկաների դասագրքերի ստեղծման, տարածման գլխավոր կենտրոնը հենց Անթիլիասն է, եւ Դուք Ձեր նվիրումով այս ազգային եւ հայրենասիրական գործին շունչ եք տալիս:
Վեհափա՛ռ Տեր,
Ուրախ եմ եւ երջանիկ, որ Ձեր ժամանակակիցն է նաեւ իմ սերունդը. միայն Ձեր անունն իսկ վեհանձնության զգացում է առաջացնում մեզանում, իսկ ամենաբարձր ամբիոններից հրապարակախոսական Ձեր ելույթները, Հայոց ցեղասպանության, սիրիահայության եւ համազգային նշանակության այլ խնդիրների վերաբերյալ Ձեր իմաստուն եւ ազդեցիկ խոսքն ազգային հպարտություն են ներշնչում:
Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել Սիրիայում եւ արաբական աշխարհում վերջին տարիներին կատարվող իրադարձությունները։ Լիահույս ենք, որ պատմամշակութային ժառանգության պահպանման, հայկական ունեցվածքի տնօրինման, ինչպես նաեւ սիրիահայ համայնքի վերականգնման ուղղությամբ Ձեր ջանքերը կպսակվեն հաջողությամբ:
Մեզ համար շատ կարեւոր է բարեկամ Լիբանանի անվտանգությունն ու կայունությունը, որը նաեւ լիբանանահայ համայնքի բնականոն կյանքի առհավատչյան է: Մեզ համար դա կարեւոր է նաեւ այն պատճառով, որ մենք Հայաստանում պատասխանատվություն ենք զգում մեր հայրենակիցների համար: Մեզ համար առանձնահատուկ կարեւորություն են ներկայացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ապահովման ուղղությամբ Ձեր ջանքերը, որոնք լավագույնս դրսեւորվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Ձեր բազում նախաձեռնություններով։ Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչող Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Ձեր համատեղ աղոթքներն այդ օրերին համերաշխության կարեւոր ուղերձ էին բոլորիս համար:
Երախտապարտ ենք, որ Դուք Ձեր ականավոր գիտնականի, հայագետի եւ կրոնագետի իմաստնությունը միահյուսելով Ձեր անհուն հայրենասիրությանն ու մշտական ծառայությանը՝ շուրջ կես դար Ձեր սրբազան առաքելությունն եք կատարում առ Աստված, առ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի եւ առ Հայրենիք:
Թող Երկնային Տերը Ձեզ պարգեւի երկար տարիների կյանք, Նրա զորակցությամբ բազմապատկվեն Ձեր ուժերը` ի նպաստ եւ ի փառս Հայոց պետության եւ Հայ եկեղեցու:
Թող հավերժ ծաղկի Ձեր Հայրապետական գավազանը եւ անսասան մնա Հայ առաքեալական Սուրբ եկեղեցին: Աստված օրհնի Լիբանանը, Աստված օրհնի Հայաստանը, Աստված օրհնի հայ ժողովրդին եւ Լիբանանի ժողովրդին:
Շնորհակալություն»:
İlk yorum yapan siz olun