Պոլսահայ անվանի ֆոտոլրագրող լուսահոգի Արա Գյուլերի (Արամ Տերտերյան,1928-2018թթ.) ֆոտոխցիկը անմահացրել է բազմաթիվ հանրաճանաչ մարդկանց, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ուինսթոն Չերչիլը, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանոը և ուրիշներ:
Գյուլերը յուրաքանչյուր լուսանկարում կյանք և հոգի է ներդրել, բացահայտել խորքային էությունը, մանրամասնորեն շրջանակի մեջ առել կյանքի լուսավոր և մութ կողմերը:
Ֆոտոլրագրողը 1958թ. պատահաբար հայտնաբերել է Թուրքիայի Այդընի տարածքում գտնվող Աֆրոդիսիաս անտիկ քաղաքը, ում շնորհիվ էլ այս քաղաքը հետագայում գրանցվել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:
Գյուլերը երազել է լուսանկարել Չարլի Չապլինին, սակայն իրենց ծանոթության շրջանում Չապլինը կաթվածի պատճառով արդեն անվասայլակի վրա էր և չի ցանկացել այդ վիճակում լուսանկարվել, ուստի ֆոտոլրագրողի երազանքը չի իրականացել:
Ստորև ներկայացվում են քաղաքական և մշակութային հանրահռչակ գործիչների լուսանկարները, որոնք հեղինակել է հենց Արամ Տերտերյանը:
Արա Գյուլերը աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի 2 լուսանկարի հեղինակ է: Այսպես է պատմում Պիկասոյի մասին.«Նիհար կազմվածքով, կարճահասակ, հասարակ մի մարդ էր: Հենց լսեցի, որ գրքի հրատարակման համար նա գնում է հրատարակչություն, ասացի.«Ես էլ Ձեզ հետ գամ, նաև Ձեր առօրյան կնկարեմ»:
Այսպես է տեղի ունեցել Պիկասոյի հետ հանդիպումը: Երբ Պիկասոն վախվորած ատամնաբույժի մոտից վերադառնում է, Արայի հետ է հանդիպում, նրան ասում է. «Դու ֆրանսիացի նկարիչ Սեզանին ես նման: Սպասիր, քեզ նկարեմ»: Գյուլերը քարանում է: Իսկ Պիկասոն նկարում է և վերջում ստորագրում:
«Թուրքիայում Պիկասոյին մեկ բնօրինակ կա, այն էլ իմ տանն է»,- ասել է Տերտերյանը:
«Գիտե՞ք Սոֆի Լորենին: Հենց նկատեցի, որ շարժվում է դեպի վերելակը, ես էլ նրա հետ միասին բարձրացա: Հյուրանոցի սենյակի կենտրոնում մի մահճակալ կար: Հոգնած էր: Կոշիկները հանեց, նստեց մահճակալին: Այդ պահին ասացի.«Կարո՞ղ եմ Ձեզ լուսանկարել»: Հենց ասաց «այո», մի քանի հատ նկարեցի, Թուրքիա ուղարկեցի: Թուրքիայում ցուցապաստառ էին պատրաստել հետևյալ վերնագրով. «Մեր թղթակից Արա Գյուլերը` Սոֆի Լորենի ննջասենյակում»: Բա սա ասելու բա՞ն էր»:
«Փարիզում Դալիի հյուրանոց գնացի, 101-րդ համարի սենյակում էր մնում: Դուռը բացեցի, ինձ նայելով ասաց.
-Ինչու՞ ես ցանկանում ինձ լուսանկարել
-Շատ հայտնի ես`դրա համար…
-Իմ մեկ րոպեն 25 000 դոլար արժե:
– Լավ, բայց ես մեկ րոպեում չեմ կարող լուսանկարել…
Ինձ դուրս նետեց: Երեկոյան հրեա ընկերոջս հետ ճաշի գնացի և ասացի, որ Դալին ինձ վռնդել է: Նա ասաց, որ վերջինս իր քավորն է: Ես էլ ասացի, ինչպես կլինի, եթե նա քրիստոնյա է, իսկ դու էլ հրեա: Ինձ ասաց, մի խառնվիր, գնաց, խոսեց… Հաջորդ առավոտյան ժամը 11-ին գնացինք: Դալին ինձ էր նայում, ես էլ` իրեն:
«Քեզ պետք է լուսանկարեմ: Խելքը գլխին մի լուսանկար չունես»,- ասացի ես:
«Քանի ոչ ոք չկա, արի»,- ասաց Դալին:
Հաջորդ օրը առավոտյան ժամը 10-ին գնացի, 3 լրագրող էլ էին եկել: «Բա ասել էիք, ինձնից բացի ոչ ոք չէ՞ր լինելու»: Ասաց, որ հիմա կհեռացնի նրանց այստեղից: 3-ին էլ դուրս նետեց: Հենց այդ օրն էլ իրեն լուսանկարեցի»:
«Երբեք չեմ մոռանա Հիչքոքի հետ կատարված աշխատանքը, որը սկսվեց առավոտյան ժամը 11-ին և ավարտվեց երեկոյան 5-ին: Սկզբում մեկս մյուսի չսիրեցինք, հետո հարմարվեցինք, սկսեցինք կատակել: Տեսավ, որ ես իրենից ավելի բռի եմ, հետո հանգիստ աշխատեցինք: Ես էլ մտքումս ասում էի.« Հեյ, ես Պիկասոների հետ եմ աշխատում: Դու ո՞վ դարձար: Եթե դու Հիչքոքն ես, ես էլ Արա Գյուլերն եմ»:
https://www.ermenihaber.am/am/news/2018/10/18/Արա-Գյուլեր-Դալի-Սարոյան-Կալաս-Չերչիլ/139464
İlk yorum yapan siz olun