İçeriğe geçmek için "Enter"a basın

Կայացել է Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գրքի շնորհանդեսը Հայաստանում

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել պատմաբան, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գրքի առաջին պատվավոր շնորհանդեսը Հայաստանում:

Գիրքը նվիրված է առաջին հայի Ամերիկա ժամանելու 400-ամյա պատմությանը:

400 տարի առաջ` 1618թ., Մարտին անունով (Martin the Armenian) առաջին հայը ժամանում է Վիրջինիա նահանգ՝ ազդարարելով հայ գաղթականների հոսքը դեպի Ամերիկա:

Իր խոսքում Դեմոյանը նշել է. «Այսօր ձեզ կներկայացնեմ բացառիկ ցուցանմուշ, որը հայտնաբերվել է Վաշինգտոնում՝ հողերի մեջ, երբ տրակտորը բախվել է այս մետաղյա վահանակին. այն անմիջապես կապ ունի Նյու Յորքի հռչակավոր Հինգերորդ պողոտայի հետ, որտեղ բացվել էր Կարագյոզյան եղբայրների գորգագործության գործարան -խանութը:  Աշխատողը վերցրել է  այն և հանձնել  հնությունների աճուրդով զբաղվող իր բարեկամին, որը դուրս չի մնացել իմ ուշադրությունից: Այն կներառվի երկրորդ հրատարակության մեջ, – ներկաներին ցուցադրելով մետաղյա վահանակը՝ պատմաբանը շարունակեց,- խոսելով այս հատորից՝ նշեմ, որ շատ փաստաթղթեր վկայում են, որ Մարտին հայը եղել է պարսկահայ: Նա, լինելով ծառա, սկսեց զարգացնել ծխախոտագործությունը, այնուհետև մասնակցել առաջին գործադուլին, քանի որ խախտվում էին մարդկանց իրավունքները. սա ԱՄՆ-ի պատմության մեջ մարդու իրավունքների խախտման դեմ առաջին բողոքի դրսևորումն էր: Կարճ ժամանակ անց նա նահանգի անսամբլեայի անդամ էր»:

Գիրքը 620 էջանոց պատկերազարդ աշխատություն է, որն ունի 2200 լուսանկար, այդ թվում՝ արժեքավոր արխիվային փաստաթղթեր և հազվագյուտ պատկերներ, որոնք ներկայացնում են հայ-ամերիկյան համայնքի պատմությունն ու ժառանգությունը, ինչպես նաև հայերի առավել նշանակալից ներդրումներն Ամերիկայում:

Հատորը ներառում է ՀՀ և ԱՄՆ հայկական ինստիտուտների արխիվային նյութեր, որոնցից շատերը ներկայացվում են առաջին անգամ:


https://news.am/arm/news/475909.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın