İçeriğe geçmek için "Enter"a basın

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կանադայի վարչապետին

Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի:

Նորին Սրբությունը ողջունեց Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն ավելի պիտի խթանի հայ-կանադական հարաբերությունները եւ նպաստի առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բարեհաջող անցկացումը Հայաստանում առիթ դարձավ տարբեր երկրների միջեւ հարաբերությունների խորացման, նոր կապերի եւ գործակցության հաստատման: Նորին Սրբության խոսքով, այն հնարավորություն ընձեռեց ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ-երկրներին ճանաչելու հայ ժողովրդին եւ հաղորդ դառնալու նրա իղձերին, երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կանադայի վարչապետին ներկայացրեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի հետ միասին դիմագրավել է դարերի դժվարություններն ու փորձությունները, կրել նույն տառապանքներն ու զրկանքները, ապրել նրա իղձերով եւ տեսիլքներով: Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Հայոց ցեղասպանության եւ խորհրդային տարիների հետեւանքով Հայոց Եկեղեցու կրած կորուստներին եւ ներկայում Եկեղեցու կողմից տարվող գործունեությանը տարբեր ոլորտներում` վստահություն հայտնելով, որ նոր իրողության պայմաններում Հայոց Եկեղեցին պիտի կարողանա առավել մեծ չափով շարունակել իրականացնել իր առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր վերազարթոնքի կերտման ու միասնականության ամրապնդման գործում:

Գարեգին Բ. Կաթողիկոսը նաեւ գնահատանքով արձանագրեց այն ջերմ վերաբերմունքը, որ Կանադայի իշխանությունների կողմից մշտապես դրսեւորվում է հանդեպ հայ համայնքը եւ նրա ազգային-հոգեւոր կյանքը: Այս առիթով Նորին Սրբությունը նկատեց, որ Կանադայի հայ համայնքը գեղեցիկ կամուրջ է երկու երկրների միջեւ հարաբերությունների զորացման եւ զարգացման համար:

Իր հերթին Կանադայի վարչապետն իր ուրախությունն արտահայտեց հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ երեք տասնամյակ անց մեծ հաճույք է վերստին այցելել Հայաստան եւ մեծ պատիվ` հյուրընկալվել հայոց հոգեւոր կենտրոնում, ինչպես նաեւ նպաստել երկու երկրների միջեւ կապերի խորացմանը:

Պրն. Ջասթին Տրյուդոն, խոսելով Կանադայում ապաստան գտած հայ համայնքի մասին, մասնավորապես նշեց, որ Կանադան պետք է շնորհակալություն հայտնի երկրում հաստատված կանադահայերին, որոնք հսկայական ներդրում են ունեցել Կանադայի կյանքի տարբեր ասպարեզներում: Անդրադառնալով հայ-կանադական հարաբերություններին` վարչապետը շեշտեց, որ Կանադան հպարտ է Հայաստանի գործընկերը լինել եւ շարունակելու է գործակցությունը տարբեր հարթություններում:

Կանադայի վարչապետը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության տպավորությունները:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը եւ պրն. Ջասթին Տրյուդոն խոսեցին խաղաղ, բարօր եւ ապահով աշխարհի կերտման գործում միջկրոնական երկխոսության կարեւորության մասին: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը միջկրոնական եւ միջեկեղեցական երկխոսություններում, ինչպես նաեւ տեղեկացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հոգեւոր առաջնորդների ջանքերի մասին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքական գործիչների կարեւոր պատասխանատվությանը մարդկային կյանքում ողբերգությունների կանխարգելման, անարդարության եւ տառապանքների հաղթահարման, աղքատության վերացման գործում: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ Կանադայի երիտասարդ եւ եռանդուն առաջնորդն ապագայի իր տեսլականով մեծ նպաստ կբերի խաղաղ աշխարհի կառուցմանը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը եւ թեմական խորհրդի ներկայացուցիչներ:


https://news.am/arm/news/475737.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: