İçeriğe geçmek için "Enter"a basın

«Պետությունը՝ ինքն ուզեց, որ պատարագ լինի». Եպիսկոպոս Մաշալյանի հարցազրույցը Ermenihaber.am-ին

Ermenihaber.am-ը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած պատարագից հետո զրուցել է Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ:

– Սրբազան, ինչպե՞ս կգնահատեք պատարագը, ի՞նչ կարող եք ասել պատարագի մասին:

– Ուրախ ենք, որովհետև 3 տարի ապահովությունից ելնլով չէինք կարողանում անցկացնել պատարագը, քանի որ այս շրջանում ահաբեկչություն կար, բայց այժմ բավական ապահով է, և այս տարի որոշեցինք գալ: Մեծ շուքով տոնեցինք: Թե՛ ուխտավորների թիվը, թե պետության հետաքրքրությունը, թե՛ մեդիայի հետքրքրությունը շատ գոհացուցիչ էր: Վերհիշեցինք մեր հայրերի ժառանգությունը, աղոթեցինք նրանց հոգիների համար, նաև անդրադարձանք այն հանգամանքին, որ դեռ վկայություն ունենք այս հողերի վրա, և այս սուրբ եկեղեցին իր խաչով, իր անունով հազարավոր մարդկանց պատմում  ու վկայում է հայի հանճարի ու հավատքի մասին:
– Սրբազան, համայնքի մասնակցությունից գո՞հ եք: Սպասումներն իրականացա՞ն,  որովհետև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը 2-3 հազար մարդու մասնակցության ակնկալիքի մասին էր խոսել:

– Այո, մասնակցությունը շատ գոհացուցիչ էր, որովհետև 3 տարի չէր եղել, մեծ կարոտ կար ժողովրդի մեջ, այս օրերին քաղաքի մեջ երիտասարդների համար մեկ ռոք-ֆեստիվալ կար, այնպես որ Վան քաղաքը բավական լեցուն է: Մենք էլ մեր մասնակցությունը բերեցինք: Ուրախ ենք:
– Սրբազան հայր, կխնդրեմ մի քիչ մանրամասնեք, 3 տարի ապահովությունը գնահատվում էր ոչ բավարար: Հիմա արդեն՝ բավարար: Ասացեք խնդրեմ, նախաձեռնությունն ո՞ւմ կողմից էր՝ թուրքական կառավարությու՞նը ապահովությունը բարձր գնահատեց ու առաջարկեց շարունակել պատարագները, թե՞ պատրիարքարանը դիմեց կառավարությանն ու թույլտվություն ստացավ:

– Կառավարությունն ուզեց: Նախորդ տարիներին իրենք էին մեզ ասում, որ ապահով չէ, բայց այս տարի ասացին, որ բավական ապահով է, և մենք կուզենք, որ դուք վերսկսեք ձեր պատարագները: Պետությունն առաջարկեց, մենք ընդունեցինք, մենք նախաձեռնեցինք այս գործը: Պետությունը դյուրացրեց և ապահովության միջոցներ ձեռք առավ: Այսպիսի համագործակցությամբ գլուխ բերեցինք այս մեծ գործը:

– Այսինքն սա ենթադրում է, որ այսուհետ ամեն տարի կանոնավոր կերպով կշարունակվե՞ն պատարագները:

– Այո, եթե ապահոություն կա:

– Ի՞նչ կարող եք ասել պոլսահայ երիտասարդության և ընդհանրապես համայնքի երիտասարդության մասին:  Արդյո՞ք պատարագն ինչ-որ խթան է միասնության առումով: Արդյո՞ք երիտասարդներին մղում է ավելի կապվել իրենց արմատներին, հայությանն ու համայնքին, լինել ավելի համախմբված: Ի՞նչ կասեք այս մասով:

– Հարկավ, սա խթան է դառնում ու ներշնչում երիտասարդներին: Իսկ մնացածի մոսով մենք Պոլսում 33 եկեղեցի ունենք և շարունակում ենք պատարագներ մատուցել այնտեղ: Պատարագը նորություն չէ մեր համայնքի ու երիտասարդների համար: Եկեղեցին իր սուրբ խորհուրդերը մեր երիտասարդության ներշնչանքն է, այն կապն ու օղակն է, որը ներկան կապում է անցյալի հետ: Այս առումով մենք ամեն գնով պետք է շարունակենք, մեր եկեղեցական արարողությունները, որտեղ հնարավոր է:

 

Հեղինակ`   Ռաֆայել Սահակյան, Վան
Աղբյուր`    Ermenihaber.am

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: