Երեւանում հայտնաբերված հակահայ լոբբիստ, ազգությամբ թուրք, ԱՄՆ քաղաքացի Քեւին Օքսուզի՝ Հայաստանում ծավալած գործունեությունը ոչ միայն հարցեր է առաջացրել մեր երկրում, այլեւ մտահոգության առիթ է տվել ԱՄՆ հայկական լոբբիստական կառույցներին։ Ամերիկայի հայ դատի հանձնախմբին, մասնավորապես, հետաքրքրում է, թե ինչպես է նա կարողացել մտնել Հայաստանի տարածք, ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, եւ թե կոնկրետ ինչով է զբաղված եղել վերջին մեկ տարվա ընթացքում:
NEWS.am–ը Օքսուզի՝ ԱՄՆ-ում ծավալած հակահայկական գործունեության եւ դրա դեմ տարված պայքարի մասին զրուցել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանի հետ։
Ե՞րբ է Քեւին Օքսուզը հայտնվել ձեր կառույցի ուշադրության կենտրոնում։ Հակահայ ի՞նչ գործունեությամբ է նա աչքի ընկել։
Օքսուզը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ուշադրության կենտրոնում է հայտնվել 2011 թվականին, երբ PBS Religion-ը, Ethics News Weekly-ն եւ Тhe New York Times-ը զեկույցներ էին պատրաստել Ֆեթուլլահ Գյուլենի եւ նրա իսլամիստական շարժման մասին: Օքսուզը բոլոր նյութերում ներկայացվում էր որպես շարժման գլխավոր խոսնակ:
Կարճ ժամանակ անց մենք լուրերով տեսանք, որ նրա գլխավորած լոբբիստական խմբերը դրամահավաքներ եւ դեպի Ադրբեջան ու Թուրքիա ուղեւորություններ էին կազմակերպում դաշնային, պետական եւ տեղական պաշտոնյաների համար։ Այդ ուղեւորություններից ամենաուշագրավը 2013 թվականի մայիսին Բաքվում կազմակերպված «ԱՄՆ-Ադրբեջան. Ապագայի տեսլական» համագումարն էր, որի մասնակից պաշտոնյաների ընտրությունը, ըստ Washington Diplomat-ի, կոորդինացնում էին Օքսուզը եւ իր կազմակերպությունները` «Turquoise Council»-ը եւ AFAZ-ը։
Համագումարին, որին մասնակցում էին ԱՄՆ կոնգրեսականներ, նախկին նահանգապետեր, Սպիտակ տան աշխատակիցներ, ճոխ ընդունելություն էր կազմակերպվել նախագահ Ալիեւի ղեկավարությամբ՝ «խավիարային դիվանագիտությունն»` իր ողջ ճոխությամբ:
Ո՞րն էր համագումարի իրական նպատակը։ Ի՞նչ մասնակցություն է ունեցել Օքսուզն ԱՄՆ-ում Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական քաղաքականությանը։
Համագումարի նպատակներն ակնհայտ էին՝ ծածկել Ալիեւի ռեժիմի՝ մարդու իրավունքների խախտման տվյալները եւ խթանել ադրբեջանամետ եւ հակահայկական քաղաքականությունը ԱՄՆ-ում: Մասնակիցներից մեկը` Ազգային անվտանգության խորհրդի նախկին պաշտոնյա Դոնալդ Ս.Ֆ. Դենիելը, Washington Diplomat-ին ասել է. «Նրանք մեկ հստակ խնդրանք ունեին, որ ԱՄՆ-ն օգնի իրենց Հայաստանի հետ դիմակայությունում»:
Համագումարի արդյունքները բավական արագ երեւացին Հայաստանի՝ հատկապես Արցախի ճակատում: Մի քանի ամսվա ընթացքում Հավայան կղզիների նահանգային օրենսդիրներից մեկը, ով ներկա էր եղել համագումարին, երկու նոր բանաձեւ ներկայացրեց նահանգի օրենսդրության մեջ. մեկը՝ Խոջալուի մասին, իսկ մյուսով կոչ էր արվում ընդլայնել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները: Հավայան կղզիների հայ համայնքը եւ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արեւմտյան շրջանի ջանքերով երկու բանաձեւերի ընդունումը կասեցվեց:
Թենեսի նահանգի ընտրովի մի պաշտոնյա, որը մասնակցել էր Օքսուզի կազմակերպած՝ դեպի Բաքու ուղեւորությանը, մի ադրբեջանամետ օրինագիծ ներկայացրեց, որը, ի վերջո, չընդունվեց մեր ջանքերով։
Բաքվի համագումարի մասնակից, Օկլահոմայից նախկին կոնգրեսական Ջիմ Բրայդենստայնը ստորագրեց մի նամակի տակ, որով կոչ էր արվում դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի օգտին ելույթ ունեցավ Ներկայացուցիչների պալատում:
2014թ. Houston Chronicle-ի հրապարակումները ցույց տվեցին, որ համագումարին մասնակցած 11 կոնգրեսականներն աջակցում են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում նավթին վերաբերող օրենքի ադրբեջանամետ բարեփոխումներին: Սա ստիպեց, որ ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը լայնածավալ հետաքննություն սկսի` պարզելու, թե ով է իրականում ֆինանսավորել 2013թ. Բաքվի համագումարը, եւ մինչեւ 2015թ. պարզ դարձավ, որ չնայած Օքսուզն անձամբ ստորագրել է բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են, որ Turquoise Council-ն է կազմակերպել եւ վճարել բոլոր ուղեւորությունների համար, սակայն իրականում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն (SOCAR) էր, որ միայն ճանապարհի եւ մնալու ծախսերի համար 750,000 դոլար էր վճարել:
Օքսուզին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա ձեւաթղթեր է կեղծել՝ այդ եղանակով ուղղակի կամ անուղղակի թաքցնելով Ադրբեջանի կառավարության կողմից ստացած ենթադրյալ ֆինանսավորման փաստը։ Ինչպե՞ս է բացահայտվել նրա կողմից ՝ փաստաթղթերի կեղծումը։
Ամբողջ ընթացքում Հայ դատի հանձնախումբը թափանցիկության կոչ է արել, որ Կոնգրեսի Էթիկայի հանձնախումբը հայտնաբերված տվյալները հասանելի դարձնի հասարակությանը, եւ որ բացահայտվի ԱՄՆ քաղաքական գործընթացում Ադրբեջանի կառավարության մանիպուլյացիայի եւ միջամտության աստիճանը: Հայ դատի հանձնախումբը լայնածավալ քարոզարշավ է կազմակերպել եւ միացել է քաղաքացիական խմբերին` պահանջելով հրապարակել Էթիկայի հանձնախմբի զեկույցը: 2015թ. Հոկտեմբերին 70 էջանոց զեկույցը եւ եւս 1000 էջ հետաքննության նյութեր, ի վերջո, հանձնվեցին ԱՄՆ Արդարադատության նախարարություն: Հնարավոր է, որ Օքսուզի ձերբակալության հրամանը հենց այդ հետաքննության արդյունքն է:
Ձեզ համար տարօրինակ չէ՞ր, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Օքսուզը հայտնաբերվեց հենց Հայաստանում։
Մենք լսել էինք, որ Օքսուզը Էթիկայի հանձնախմբի հետաքննությունից հետո փախել է ԱՄՆ-ից: Փաստը, որ վերջին 1 տարվա ընթացքում նա Երեւանում էր աշխատում, զարմանալի է եւ մտահոգիչ. Օքսուզը սոցիալական ցանցերում չէր թաքցնում համագումարին մասնակցության համար ընտրվող պաշտոնյաների հետ իր կապերը։ Հայաստանում նրա ներկայությունը տեղիք է տալիս շարունակել հետաքննությունը` պարզելու, թե ինչպես է նա կարողացել մտնել երկրի տարածք, բիզնես հիմնել, եւ թե կոնկրետ ինչով է զբաղված եղել վերջին տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Քեւին Օքսուզը հայտնաբերվել է օգոստոսի 29-ին Երեւանում։ Նա մեղադրվում է՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու եւ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեղադրանքներով:
Քեւին Օքսուզը շուրջ մեկ տարի Հայաստանում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նրա կողմից հիմնադրված «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը զբաղվում է բանկետների, հանդիպումների եւ այլ միջոցառումների կազմակերպմամբ։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Քեվին Օքսուզը երկու ամսով կալանավորվել է։
Զրուցեց՝ Թագուհի Մելքոնյանը
İlk yorum yapan siz olun