Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հուլիսի 28-ին Բյուրականում մասնակցել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ.Մ.Ը.Մ.) համահայկական բանակումի փակման արարողությանը: Չորս տարին մեկ անցկացվող ճամբարային հավաքին այս տարի մասնակցում էին շուրջ 1300 սկաուտներ աշխարհի 24 երկրներից:
Նորին Սրբությունը, հայրապետական իր պատգամն ուղղելով հավաքի մասնակիցներին, ուրախություն հայտնեց հանդիպման առիթով և իր օրհնությունը փոխանցեց սկաուտներին։ Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Սուրբ Էջմիածնի և հայոց հավատքի խորհրդին։ «Մենք այսօր փառք ենք տալիս Աստծուն, որ շնորհիվ մեր հավատքի ու մշակույթի մենք վերապրեցինք ամենածանր փորձությունները, վերապրեցինք նաև Հայոց Ցեղասպանության ահավոր ոճիրը: Թեև եղեռնահար, բայց մենք կարողացանք վերակերտել հայոց անկախ պետականությունը հաղթանակներով, որ արձանագրեցինք Սարդարապատում, Ապարանում և Ղարաքիլիսայում:
Այս տարի բոլորդ գիտեք, սիրելի հայորդիներ, որ համազգային շուքով տոնախմբում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, և այդ առիթով տակավին մեկ տարի առաջ Մենք 2018 թվականը հռչակեցինք երիտասարդության տարի և հորդորեցինք մեր աշխարհասփյուռ թեմակալ առաջնորդներին, հոգևոր հովիվներին, որպեսզի խրախուսեն ու քաջալերեն հայ երիտասարդներին այցելելու Հայաստան և զորանալու հայրենի մեր իրականությամբ, հաղորդ դառնալու մեր կյանքին, նրա հույսերին, դժվարություններին, մարտահրավերներին և այս հրամայականների առջև առավել ամրանալու հոգով ու զորանալու միասնականության մեջ, որովհետև մեր հույսերը մենք պիտի կարողանանք իրականության առաջնորդել, մարտահրավերները մենք պիտի կարողանանք հաղթանակի առաջնորդել միայն ու միայն ամուր հոգով, զորեղ հավատքով և հաստատուն միասնականությամբ», – նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ զգալով զորություն հայոց հողի, ուժը հայոց լեռների՝ երիտասարդները պիտի վերադառնան իրենց համայնքներ՝ զորացած ու ավելի հստակ պատկերացնելով իրենց առաքելությունը մեր ժողովրդի կյանքում։
Հայոց Հայրապետը կարևորեց երիտասարդների նախանձախնդրությունը՝ սեփական նվիրյալ աշխատանքով զորացնելու հայոց կյանքը, շենացնելու իրենց տեղական համայնքները, որպեսզի հայոց ազգը կարողանա հնարավորինս հարատև դարձնել իր ներկայությունը այդ պատմական համայնքներում, որոնք իրենց անցյալի փառքով և ձեռքբերումներով հպարտությամբ են լցնում յուրաքանչյուր հայորդու սիրտն ու հոգին:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին այս գեղեցիկ հանձնառության համար, որի շնորհիվ հայորդիները, համախմբվելով հայրենիքում, առավել զոերանում են իրենց գիտակցության մեջ, որ տերն ու զավակներն են հայրենի երկրի, ինչպես նաև կերտողները հայրենիքի և հայ ժողովրդի ապագայի։
Իր սերն ու օրհնությունը բերելով սկաուտներին՝ Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերն Իր շնորհները հեղի նրանց կյանքից ներս, որպեսզի հաջողություններով առաջանան իրենց կյանքում՝ նվաճելով նորանոր բարձունքներ: Վերջում Գարեգին Բ Հայրապետը պատգամեց՝ զորացեք և զորացյալ մնացեք Տիրոջ հետ:
Փակման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ՀՀ Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմբերջյանը և ՀՄԸՄ վարչության անդամներ ու սկաուտական ճամբարի մասնակիցների ծնողներ:
İlk yorum yapan siz olun