İçeriğe geçmek için "Enter"a basın

Երկխոսության նոր ձեւաչափեր. Գարեգին Բ–ն ընդունել է ԱՄՆ հրեական կոմիտեի միջկրոնական գործերի բաժնի տնօրենին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 9-ին ընդունել է ԱՄՆ հրեական կոմիտեի միջկրոնական գործերի բաժնի տնօրեն, Իսրայելի գլխավոր ռաբբինաթի խորհրդական ռաբբի Դեյվիդ Շլոմո Ռոզենին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի եւ ԱՄՆ հայկական միության նախագահ Էնթոնի Պարսամյանի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրին, կարեւորել է վերջինիս այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը պիտի նպաստի երկու ժողովուրդների հարաբերությունների առավել սերտացմանն եւ փոխգործակցության զարգացմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Իսրայելի գլխավոր ռաբբինաթի հետ եղբայրական հարաբերություններն ունեն հարուստ պատմություն եւ սույն հանդիպումը Մայր Աթոռում պատշաճ առիթ է կապերի զարգացման նոր հնարավորություններն ուսումնասիրելու համար։

Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել հայ եւ հրեա ժողովուրդների կապերին, որ գալիս են դեռեւս աստվածաշնչյան ժամանակներից, խոսեց նաեւ դեռեւս 7-րդ դարում հաստատված Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարեւոր առաքելության մասին:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ շեշտել է, որ սփյուռքյան թեմեր իր հովվապետական այցերի ընթացքում բազմիցս ականատես է դարձել հայ եւ հրեա համայնքների եղբայրական ջերմ հարաբերություններին: Ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի զորացման գործում կարեւոր համարեց նաեւ Հայաստանի հրեական համայնքի դերակատարությունը:

Երկկողմ օրակարգը, Գարեգին Բ Վեհափառի հավաստմամբ, բավականին հարուստ է եւ ի շարս այլ հարցերի ընդգրկում է Իսրայելի պետության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ Ադրբեջանին ռազմամթերքի վաճառքի խնդիրները, որոնց Մայր Աթոռը կենսական կարեւորություն է տալիս։

Իր հերթին ռաբբի Դեյվիդ Շլոմո Ռոզենը նշել է, որ երկու երկրների հոգեւոր առաջնորդների գործակցությունը կարող է լավագույն միջոցը դառնալ երկու ժողովուրդների առջեւ ծառացած մարտահրավերների լուծման գործում:

Վեհափառ Հայրապետը եւ ռաբբի Ռոզենը համակարծիք էին, որ երկկողմ օրակարգում առկա բոլոր հարցերը ավելի հեշտ կլինի քննարկել` հարաբերությունների զարգացման, միջկրոնական երկխոսության համար նոր ձեւաչափեր ստեղծելու պարագայում։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:


https://news.am/arm/news/460877.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın