İçeriğe geçmek için "Enter"a basın

«Թումո» կենտրոնի Փարիզի մասնաճյուղը կգործի սեպտեմբերի 25-ից

Սեպտեմբերի 25-ից կգործի նաեւ «Թումո» կենտրոնի Փարիզի մասնաճյուղը: Այսօր՝ հունիսի 28-ին Փարիզում տեղի է ունեցել «Թումո Փարիզ» կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Իդալգոյի եւ «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ներկայությամբ: «Թումո Փարիզը» կտեղակայվի Forum des Images կենտրոնում:

«Թումո Փարիզ»-ը ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին միջազգային կենտրոնը կլինի: Այն անվճար կրթություն կապահովի 12-18 տարեկան շուրջ 1500 պատանիների համար: Կենտրոնում ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրել բազմաթիվ ոլորտներ, այդ թվում` ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, խաղերի ստեղծում, եռաչափ մոդելավորում, նկարչություն եւ երաժշտություն:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խոսքով՝ «Թումո»-ն կդառնա երիտասարդության հաղորդակցման խաչմերուկ, որտեղ նրանք ոչ միայն կուսումնասիրեն նոր հմտություններ, այլ նաեւ իրականություն կդարձնեն իրենց ամենաստեղծագործ գաղափարներն ու թվային փորձարկումները:

Կենտրոնի բացման նախաձեռնությունը մեկնարկել է դեռեւս 2016 թվականին: Հուլիսի 3-ին էլ փարիզյան կենտրոնին վերջերս միացած աշխատակիցները Ֆրանսիայից կժամանեն Երեւան՝ սկսելու վերապատրաստման հագեցած ծրագիր:

««Թումո Փարիզի» բացումը մեզ համար շատ կարեւոր իրադարձություն է: Այս քայլով մեկնարկում է մեր միջազգային տարածումը, որը թույլ կտա Թումոյի կրթական նոր մեթոդները հասանելի դարձնել միջազգային հանրությանը՝ միաժամանակ ապահովելով Հայաստանում 25 Թումո կենտրոններ բացելու համար անհրաժեշտ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները»,- նշել է Մարի Լու Փափազյանը:


https://news.am/arm/news/459134.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın