İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայ համայնքը ցանկանում է պատրիարք ընտրել. Փայլանն ամոթալի է համարում Թուրքիայի իշխանությունների միջամտությունը գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ իշխանությունները հայերին դիտարկում են ոչ թե որպես հավասար քաղաքացիների, այլ գերիների, այդ պատճառով էլ շարունակում են միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորն ասել է bianet.org-ին տված հարցազրույցում:

«Ես երկար տարիներ պայքարել եմ հայկական համայնքի ավելի լավ կառավարման համար: Ու ամեն անգամ պետության ձեռքը փորձել է միջամտել մեր համայնքի ղեկավարմանը: Դժբախտաբար, այս պահին պատրիարքարանը գրաված վերակացուն (խմբ.- խոսքն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մասին է) համագործակցում է պետության հետ: Ես հստակ կարող եմ հայտարարել, որ նա դրածո է և համագործակցում է պետության ներսում գտնվող կառույցների հետ պատրիարքական ընտրություններ թույլ չտալու համար»,- ասել է Փայլանը:

Պատգամավորի համոզմամբ՝ իրադրությունը կփոխվի միայն, եթե Թուրքիայի ներքին քաղաքականության մթնոլորտում լինեն փոփոխություններ: «Եթե Անկարայում ժողովրդավարական կարգեր լինեն, այդ քամին անպայման դրական կազդի նաև հայկական համայնքի վրա: Հայկական համայնքն ի վերջո կկարողանա պատրիարքի ընտրություն կազմակերպել, ինչը նրա իրավունքն է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ համայնքի միակ ցանկությունը պատրիարք ընտրելն է:

Փայլանը հայտնել է, որ պատրիարքի ընտրության հարցի վերաբերյալ խոսել է նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: «Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ հայկական համայնքը, որի գլխին վերակացու է նշանակված, Թուրքիայի ամոթն է, չի կարելի դա թույլ տալ»,- ասել է պատգամավորը:

Մեսրոպ Մութաֆյանը պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից, սակայն 2008 թվականի մայիսից հիվանդության պատճառով այլևս չի շարունակում պաշտոնավարումը: Ներկայում նա շարունակում է ապրել միայն բժշկական սարքերի միջոցով:Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը 2010 թվականին, հակառակ հայ եկեղեցական կանոնների, նշանակվել է պատրիարքական փոխանորդի պաշտոնում:  

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը 2017 թվականի մարտի 15-ին  տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել էր Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում:

Ստամբուլի նահանգապետարանը 2018 թվականի փետրվարի 5-ին ուշացած պատասխանել էրՊոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: Նույն հայտարարության մեջ ասվում էր, որ թուրքական իշխանությունները շարունակում են ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ որպես պատրիարքական փոխանորդ:

Այս հայտարարությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը փետրվարի 9-ին որոշում է կայացրել այն մասին, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով 2017 թվականի մարտի 15-ին Հոգևոր խորհրդի կողմից ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, հայտարարել էր Ստամբուլից հեռանալու որոշման մասին:


https://armenpress.am/arm/news/938042.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın