İçeriğe geçmek için "Enter"a basın

Ս. Գրիգոր Լուսավորիչն ու «Մուտն ի վիրապն» տոնը

Գալստյան կիրակիին նախորդող շաբաթ օրը նշում ենք Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը: Դժվար է պատկերացնել, թե ապաշխարության ու զղջման ինչ դաժան ընթացք ունեցավ Լուսավորիչը, որպեսզի կարողանա կոտրել հայոց արքայի քարացած սիրտն ու իրականացնել հայոց դարձը դեպի Քրիստոս և դառնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին հայրապետը։
Նա մի ողջ երկիր քրիստոնեացրեց այն ժամանակներում, երբ դրան դեմ էր աշխարհը, երբ քրիստոնեությունն ընդունելով՝ Հայաստանը կանգնում էր լուրջ վտանգի առաջ՝ դառնալով գերտերությունների թիրախը:
Չորրորդ դարում որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ քրիստոնեությունը դառնալու է աշխարհի առաջատար երկրների կրոնը, լինելու է թելադրող քաղաքակրթության կրոնը: 301թ. Տրդատ արքայի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելը նման էր ինքնասպանության: Պարսկաստանը չէր կարող հանդուրժել դա և չհանդուրժեց: Իսկ Հռոմն այն դավաճանություն համարեց իր «բարի» վերաբերմունքի դիմաց:
Հիմա, երբ կարող ենք դարերի խորքից նայել պատմական այդ շրջանին, դժվար է հասկանալ, թե ինչ էր կատարվել Տրդատ արքայի մտքում ու հոգում: Վստահաբար նա գիտակցում էր, որ Հայաստանը ուժեղ դաշնակցի աջակցության կարիքն ուներ, որ ամենուր հետապնդվող ու քարկոծվող քրիստոնեությամբ զգեստավորվելը հաճելի չէր լինի համաշխարհային որևէ առաջնորդի: Եվ, այնուամենայնիվ, նա համարձակություն ունեցավ ընդունելու քրիստոնեությունն իր երկրում, Աստծուն՝ իր սրտում: Տրդատը մարտահրավեր նետեց աշխարհին՝ միակ և կենդանի Արարչին իր երկրի Աստված հռչակելով:
Սա առանց Աստծո նախախնամության անհնար կլիներ իրագործել: Իսկ քրիստոնեության հաղթարշավն առաջնորդելու համար պետք էր զորեղ կամքով, տոկուն ու համարձակ մեկը, ով չէր վախենա մարմնավոր չարչարանքներից, աներկբա հավատարիմ կլիներ ու սեփական անձն Աստծո կամքին կնվիրաբերեր: Սոսկալի տառապանքների ենթարկված և շուրջ 14 տարի վիրապում ճգնած Ս. Գրիգորը դարձավ Աստծո մարտակիցը:
1700 և ավելի տարիների հեռվից մեզ համար բավական դյուրին է թվում այդ իրողությունը: Մենք նայում ենք 21-րդ դարի բարձրությունից՝ պատմության հետագա ոլորաններին ծանոթ լինելով: Սակայն Աստծո մարդը, Աստծո զինվորը, հայ ազգի լուսավորիչը դառնալու համար Ս. Գրիգորը  մեծ տառապանքների միջով անցավ: Նա Հայաստան, հայոց արքունիք էր եկել վտագն իր աչքի առջև ունենալով: Եկել էր ծառայելու և իր ծառայությամբ քավության արժանանալու: Նա պիտի հաղթահարեր ոչ միայն իր մարդկային տկարությունները, այլ նաև հորից ժառանգած մեղքը. Տրդատ արքան չէր կարող ներողամիտ լինել իր հորը սպանած դավաճան Անակի որդու նկատմամբ: Իսկ քրիստոնեաբար դաստիարակված Գրիգորը ձգտում էր ամեն կերպ քավել հոր մեղքը:
Նա նախ ենթարկվեց 12 անողոք չարչարանքների՝ կուռքերին երկրպագելուց հրաժարվելու և Աստծուն չդավաճանելու համար: Հայ մատենագիրները առանձնակի հոգևոր խորհուրդ են հաղորդել 12 չարչարանքներից  յուրաքանչյուրին:
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ մարդու մարմնի 12 անդամներն ու զգայարաններն ապականվել են Ադամի կողմից մեղքի պտուղը ճաշակելիս: Եվ Ս. Գրիգորն իր  չարչարանքներով ջնջեց դրանց ապականությունը: Բացի այդ Գրիգոր Տաթևացին 12 փորձությունները համեմատում է 12 առաքյալների հետ. քրիստոնեությունը տարածելիս առաքյալները նահատակվել էին մեկը մյուսից տարբերվող չարչարանքներով, որոնցից յուրաքանչյուրը Ս. Գրիգոր Լուսավորիչը կրեց՝ դառնալով առաքյալներին չարչարակից հայոց առաքյալը:
Ապա Գրիգորը բանտարկվեց խոր վիրապում, որպես դաժանագույն պատիժ. արքան նրան դատապարտեց վիրապում՝ կարիճների ու օձերի կողքին սովամահ լիենելուն՝ այդ կերպ լուծելով հոր մահվան վրեժը: Իսկ Ս. Գրիգորն այդ փոսն իջավ, որ հաղթի մահվանն ու դառնա հայ ժողովրդի լուսավորիչն ու փրկության նավի առաջնորդը:
Ի դեպ՝ Խոր վիրապը շատ մոտ է գտնվում Օթյաց վայր կոչվող այն տեղանքին, որտեղ հանդիպել էին Քրիստոսի երկու առաքյալները՝ Ս. Թադեոսն ու Ս. Բարդուղիմեոսը՝ Հայոց Եկեղեցու հիմնադիրները: Սա, կարծես, ևս մեկ նշան էր, որ Ս. Գրիգորն առաքյալների գործի շարունակողն էր:
Խորը փոսում նա զրկված էր արևի լույսից, որպեսզի իր սրտում պայծառացնի Աստծո սիրո արեգակը: Սնվում էր միայն աղքատ կնոջ բերած աղքատիկ սնունդով,  որ քաղցը հագեցնի Աստծո Խոսքով:
Այդ փոսում նա ընկղմվեց իր ներսի վիրապի մեջ, որպեսզի դեմ առ դեմ հանդիպի նաև իր միջի օձերին ու կարիճներին, ապրի դրանց կողքին ու հաղթի դրանց: Եվ բյուրեղացնելով սիրտը՝ կարողացավ Քրիստոսին ընդունել հոգու և մտքի մեջ, ինչպես Երուսաղեմը բացեց իր դարպաները՝ ընդունելով Աստծո որդուն ավանակին նստած:
Հետաքրքիր է, որ Ս. Գրիգորի մուտն ի վիրապի պատմությունը հիշատակվում է Ծաղկազարդից առաջ, այն ժամանակ, երբ յուրաքանչյուր քրիստոնյա՝ շարունակելով պահքը, պատրաստվում է Քրիստոսի հրաշափառ մուտքին Երուսաղեմ:
Մեր եկեղեցու հայրերը իմաստուն կերպով են կարգավորել եկեղեցական օրացույցը: Հատկապես հետաքրքիր է Մեծ պահքի շաբաթների և կիրակիների շղթան: Այն յուրօրինակ հոգևոր ճամփորդություն է, շատ նման մարդկության պատմությանը՝ աշխարհի արարումից մինչև Ս. Հարության տոն և Տիրոջ երկրորդ գալստյան սպասումն՝ իր մեջ ներառելով մարդու կյանքում հանդիպող գայթակղությունները, փորձություններն ու դրանք հաղթահարելու ուղիները:
Պահքի շրջանն առիթ է հաշտվելու Աստծո հետ, Տիրոջը գոհունակությամբ ընդունելու մեր սրտերում։ Սակայն այդ շնորհը պահպանելու համար պետք է անցնենք չարչարանքների Ավագ շաբաթով. զգուշանանք անպտուղ թզենի և հիմար կույս լինելուց, խելացի կույսերի պես մեր սրտի կրակը վառ պահենք, հիշենք, որ ամեն վայրկյան մենք կարող ենք նմանվել մատնիչ Հուդային: Ստանալով Տիրոջ Արյունն ու Մարմինը՝ Ս. Հաղորդությունը՝ խոնարհվենք մեզանից փոքրերի առաջ, լվանանք նրանց ոտքերը: Հետո Քրիստոսի հետ բարձրանանք Գողոթա, այնտեղ խաչենք մեր մեղքերը, ապա իջնենք մեր ներսի դժոխքն ու ավիրենք այն, որպեսզի Տիրոջ հետ Հարություն առնենք: Եվ անկախ մեր գործած մեղքերի չափից՝ անկեղծորեն զղջանք, որ Քրիստոսի հետ խաչված աջակողմյան ավազակի նման արժանանք Արքայությունում լինելու պատվին:
Քրիստոնեության նեղ դռնով դեպի Աստծո արքայություն տանող հոգևոր մեր ճանապարհին Ս. Գրիգոր Լուսավորչի օրինակն ու  բարեխոսությունը նման են անշեջ կանթեղի: Նա իջավ վիրապը, որպեսզի բարձրանա և մեզ համար Աստծուց ստանա ընտրյալ ժողովուրդ լինելու խոստումը: Նա հետևեց Քրիստոսի օրինակին, որ մենք էլ գնանք նույն ճանապարհով՝ նեղ, փշոտ, բայց՝ լուսավոր: Նա տառապեց, որ մենք կյանք ունենանք, նա հաղթահարեց փորձությունները, որպեսզի իր հավատքով ու բարեխոսությամբ լուսավորի և ուղղորդի մեզ դեպի Աստված:
Ն. Անդրեասյան

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın