İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի համշէնցիներ. բարդ ինքնութիւն

Հիքմէթ Աքչիչէք / Գրող եւ ուսուցիչ / repairfuture.net
Ինքնութեան հարցն աշխարհում ամենաշատ ուսումնասիրուած թեմաներից է։ Որեւէ ինքնութեամբ ծնուել կամ ինքնութիւնը ձեռքբերել… Մարդկանց ինքնութիւնն ի՞նչ չափանիշներով է որոշւում։ Կիրառուող լեզու, կրօն, թէ՞ մշակոյթ։ Ինքնութիւնը կարծրատիպ չէ։ Երբ ասում ենք հայկական ինքնութիւն, համշէնցիներն առաջին մտաբերուող խումբն են։

Համշէնցիների ինքնութեան հարցը հիմնականում պատմութեան եւ զգացողութեան տեսանկիւնից է ուսումնասիրւում։ Համշէնցիների եւ նրանց պատկանելութեան վերաբերեալ նուրբ հարցերը քննարկեցինք Թուրքիայում հինաւուրց այս խմբի յայտնի ներկայացուցիչ Հիքմէթ Աքչիչէքի հետ։ Աքչիչէքն ասում է՝ դժուար է իրենց համշէնցի համարող բոլորին նոյն էթնիք ծագման համարել, այդ պատճառով էլ առաջարկում է հարցին երկու տարբեր տեսանկիւնից մօտենալ։

Հիքմէթ Աքչիչէք
Համշէնցիներն ովքե՞ր են: Ինչպէ՞ս ենք նկարագրում նրանց կամ ինչպէ՞ս պէտք է նկարագրենք։
Համշէնցիների էթնիք ծագման հարցին երկու տարբեր տեսանկիւնից պէտք է նայել։ Նախ՝ պէտք է դիտարկել, թէ այսօր Թուրքիայում ապրող համշէնցիներն ինչպէս են իրենք իրենց բնութագրում, իսկ յետոյ՝ պատմական էթնիք արմատների տեսանկիւնից։
Երբ առաջին տեսանկիւնից ենք նայում, այս մարդիկ իրենք իրենց տեսնում են որպէս հարիւրաւոր տարիներ առաջ իսլամին ծանօթացած, իսլամ ընդունած, մահմետական հասարակութեան մաս կազմողներ, եւ այսօր թուրք մահմետական լինելը համարում են իրենց ինքնութեան մի մասը։ Գոնէ այսօր Թուրքիայում ապրող համշէնցիների մեծ մասն այսպէս է մտածում։
Եթէ պատմութեան տեսանկիւնից նայենք, ապա ո՞վ է համշէնցին այսօր, հայկականութեան հետ ի՞նչ կապ ունի։
Պատմութեան տեսանկիւնից համշէնցիները բնութագրւում են որպէս Համշէնում ապրող եւ Օսմանեան ժամանակաշրջանում՝ 1700-ականներին մահմետականացուած հայ համայնք: Ի հարկէ՝ ազգայնական հատուածների կողմից այս նկարագրութիւնը հերքւում է։ Նրանք պնդում են, որ թուրքական արմատներ ունեն եւ հայկական մշակոյթի ու լեզուի նմանութիւնները կապուած են նոյն տարածաշրջանում հայերի հետ ապրելու փաստի հետ։ Դեմոկրատ, ձախակողմեան եւ սոցիալիստ համշէնցիներն աւելի մօտ են այն մտքին, որ իրենք մահմետականացուած հայերից ստեղծուած համայնք են։ Սակայն նրանց գիտակցութեան մէջ էլ սա ոչ այլ ինչ է, քան պատմութեան փաստ, եւ զգացողութեան տեսանկիւնից անհնար է խօսել հայ զգալու մասին։ Կարող ենք ասել՝ շատ քչերն են, որ հայ լինելու գիտակցութիւնն ունեն։
Այսպէս թէ այնպէս՝ դժուար է ասել, որ իրենց որպէս համշէնցի ներկայացնող բոլոր մարդիկ նոյն արմատներն ունեն, քանի որ տարածաշրջանում Օսմանեան քաղաքականութեան արդիւնքում եւ նախաօսմանեան ժամանակներում էլ հաստատուած ժողովուրդներ են եղել։ Այդ պատճառով, պատմական տեսանկիւնից որքան էլ համշէնցիների՝ հայկական արմատներ ունենալու մասին խօսուի, այս փաստն ընդհանրացնելն այդքան էլ իրատեսական չէ:
Վերջին քսան տարուայ ընթացքում Թուրքիայում ինքնութեան վերաբերեալ հասկացութիւնների ու բնութագրերի հետ կապուած լուրջ քննարկումներ եւ, որոշ իմաստով, պայքար կայ։ Օրինակ՝ թուրք ասելու փոխարէն աւելի ճիշդ է համարւում  թուրքիացի ասել։ Իսկ ինչպէ՞ս է իրադրութիւնը համշէնցիների համար։ Երբ ձեզ հարցնում են Ձեր ինքնութեան մասին, թուրքիացի՞ էք ասում, թէ՞ համշէնցի:
Ի հարկէ՝ համշէնցի եմ ասում, քանզի Թուրքիայի Հանրապետութիւնում բնակուող միւս քաղաքացիներից ինձ տարբերակողն իմ համշէնական ինքնութիւնն է։ Բայց, միեւնոյն ժամանակ, Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի եմ, թուրք եւ, մահմետական հասարակութիւնում ծնուելու ու մեծանալու արդիւնքում, նաեւ այդ ինքնութեան մի մասնիկը։ Ինձ համար շատ աւելի տրամաբանական է այն թեզը, որ համշէնցիներն իսլամացած հայերից են սերում։ Բայց միեւնոյն ժամանակ լինելով սոցիալիստ, էթնիքական ծագման տեսանկիւնից որեւէ պատկանելութիւն չեմ զգում։ Բայց մշակութային իմաստով, այո՛, համշէնցի եմ եւ այդ մշակոյթի մասնիկ։ Սա, ըստ իս, էթնիքական պատկանելութեամբ ներկայանալ չէ։ Ինչ վերաբերում է թուրքիացի եմ հասկացութեանը, ապա սա աւելի ընդհանրական մօտեցում է եւ արդիական է յատկապէս արտերկրում ներկայանալիս։ Նման պատասխանից յետոյ մարդ կարիք է ունենում նշել, թէ ինչ ծագում ունի։ Ահաւասիկ, հենց այդ ժամանակ էլ համշէնցին նորից օրակարգ է գալիս։
Թուրքիայում ապրող համշէնցիները Ռուսաստանում, Աբխազիայում ապրող համշէնցիների հետ ի՞նչ կապ ունեն:
Ռուսաստանում եւ Աբխազիայում ապրող համշէնցիներին կարող ենք որպէս երկու տարբեր խմբեր դիտարկել։ Առաջին խմբում Թուրքիայի համշէնցիների բարեկամներն են, որոնք Խորհրդային Միութեան սահմանների յստակեցման ժամանակ Պաթումում մնացած Հոպայի համշէնցիներն են։ Նրանք, Կովկասի միւս մահմետական ժողովուրդների հետ միասին, երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերմանացիների հետ համագործակցելու եւ քաղաքական այլ պատճառներով 1944 թուականին աքսորուել են Ղազախստան եւ Ղրղզստան։
Ապրելակերպի տարբերութիւններ կա՞ն։
Վերջին 40-50 տարում Ղազախստանում եւ Ղրղզստանում ապրելով՝ նրանք աւելի շատ այդ հասարակութիւններին բնորոշ առանձնայատկութիւններ են ձեռք բերել։
Հայկական ինքնութեանն աւելի մօտ չե՞ն։
Ճիշդ հակառակը, հեռու են եւ շատ մեծ հակազդեցութիւն ունեն։ Մեծամասնութիւնը նման է թուրք ազգայնականի։ Այս մարդիկ առաջին խմբին են պատկանում։ Ճակատագրին (սրան նաեւ պատմութիւն կարող ենք ասել) նայէք, որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ համշէնցիների մեծ մասը, Ղազախստանի եւ Ղրղզստանի ազգայնական քաղաքականութիւնից մտահոգուելով, գաղթել են Ռուսաստանի Ռոստով, Վորոնեժ եւ Կրասնոդոր քաղաքներ։ Եւ այդ քաղաքներում երկրորդ խմբի՝ քրիստոնեայ համշէնցիների հետ կողք կողքի են ապրում։
Ռուսաստանում եւ Աբխազիայում ապրող երկրորդ խմբի համշէնցիներն իսլամացման ժամանակաշրջանից առաջ՝ 1600-1800-ականների ընթացքում Համշէնից գաղթելով (այս գաղթի պատճառների մասին տարբեր մեկնաբանութիւններ կան)՝ Տրապիզոն, Օրդու եւ Սամսուն շրջաններում հաստատուած, իսկ աւելի ուշ՝ 1850-ականներից սկսած (սա յատկապէս վերաբերում է 1860-ականներից սկսած Կովկասից Անատոլիա մահմետականների եւ Անատոլիայից Կովկաս քրիստոնեաների գաղթին/աքսորին) եւ 1914-ին սկսուած Հայոց ցեղասպանութեամբ ամբողջացուած ժամանակահատուածում Սեւ ծովի միւս ափեր անցած՝ Ռուսաստանի Սոչի եւ Կրասնոդար շրջաններ, ինչպէս նաեւ Աբխազիա գաղթած համշէնցիներն են։
Թուերի վերաբերեալ յստակ տեղեկութիւններ կա՞ն։
Շուրջ 300-400 հազարի մասին է խօսւում, բայց գուցէ եւ փոքր-ինչ չափազանցուած է։ Այս մարդիկ իրենց նմանեցնում են Կարսի կամ Տիարպեքիրի հայերին եւ ասում են՝ համշէնահայ են, բայց, ի հարկէ, գիտակցում են, որ փոքր-ինչ տարբեր են։ Որպէս լեզու՝ մեծ մասամբ դեռ համշէնի բարբառով են խօսում։ Օրինակ՝ ես այսօր արեւելեան հայերէնի միայն քսան տոկոսն եմ հասկանում, արեւմտահայերէն՝ գուցէ մի քիչ աւելի, բայց Սոչիի համշէնահայերի հետ վաթսուն-եօթանասուն տոկոս հասկանում ենք իրար։ Հայերէն բառեր աւելի շատ են օգտագործում, քանի որ հայկական դպրոցներում եւ եկեղեցիներում են կրթութիւն ստացել, այդ պատճառով համշէներէն խօսելիս մեզանից աւելի լաւ են նախադասութիւն կազմում։
Քրիստոնեայ համշէնցիների հետ ի՞նչ յարաբերութիւններ ունէք, տեղեա՞կ էք միմեանց մասին։
Քրիստոնեայ համշէնցիների հետ մեր կապը սկսուել է Խորհրդային Միութեան փլուզումից երկար տարիներ յետոյ։ Վովա երաժշտական խմբի համերգները, Սթանպուլում ՀԱՏԻԿ համշէնի մշակոյթի ուսումնասիրման եւ պահպանման միութեան ստեղծումը եւ նմանատիպ մշակութային, հասարակական, նոյնիսկ թուրիսթական գործունէութեան միջոցով սկսեցինք միմեանց ճանաչել։
Օրինակ՝ Վովա երաժշտական խումբը Սոչիում եւ Մոսկուայում երկու համերգ ունեցաւ, երկուսն էլ՝ քրիստոնեայ համշէնցիների հրաւէրով եւ կազմակերպմամբ: Չենք կարող խօսել խորացուած երկխօսութեան մասին, բայց նաեւ ամբողջական ընդհատում էլ չկայ։ Կարճ ասած՝ այո՛, տեղեակ ենք միմեանց մասին։
Գենետիկ կապից այն կողմ չի՞ անցնում…
Նոյն աշխարհագրական վայրում ապրելը եւ նոյն լեզուով խօսելը նշանակում է կա՛մ նոյնն ես, կա՛մ հարեւան, կա՛մ նման մի բան…
Եթէ դիտարկենք պատմական իրականութեան եւ մահմետականացումից առաջ հայկական ինքնութեան պատկանելու տեսանկիւնից, այսօրուայ անջատումն ու մերժումը որտեղի՞ց են բխում։
Այս հարցում նախ եւ առաջ պէտք է ընդգծել այն հանգամանքը, որ համշէնցիների շրջանակում շատ տարածուած է համշէնցիների թուրքական արմատ ունենալու եւ հայերի հետ նոյն աշխարհագրական տարածքում ապրելուց բացի որեւէ այլ կապ չունենալու թեզը։
Երկրորդ հերթին, ի հարկէ, աշխարհագրութիւնն ինքնութեան ձեւաւորման հարցում կարեւոր ազդեցութիւն ունի։ Եթէ անգամ համշէնցիների արմատները հայկական լինեն, միեւնոյնն է, համշէնցին սեւծովեան մարդ է, եւ այս համատեքստում լազերի հետ աւելի շատ նմանութիւններ ունի։ Սակայն կարող եմ նաեւ ասել, Սոչիի համշէնցիների հետ նմանութիւններ ունենք։ Նկատի ունեմ աշխարհագրութեան պատճառով առկայ առանձնայատկութիւնների նմանութիւնները։ Միւս կողմից՝ լեզուից, կրօնից, էթնիք, քաղաքական եւ գաղափարական կեցուածքից բխող շատ այլ նմանութիւններ եւ տարբերութիւններ կան։
Երրորդ, կրօնը մեծ ազդեցութիւն ունի։ Սրանից 100-150 տարի առաջ կրօնն ինքնութեան կարեւոր եւ որոշիչ բաղադրիչն էր։ Եթէ մահմետական ես, ուրեմն այլ ես, քրիստոնեայից տարբեր։ Սա մի քիչ էլ կրօնն է թելադրում. եթէ իսլամ ես ընդունել, ուրեմն պէտք է հեռանաս քրիստոնէութեանը պատկանող ամէն ինչից, դրանք այլեւս մեղքեր են, որոնցից պէտք է ազատուես։ Նոյնը վերաբերում է նաեւ Հայ առաքելական եկեղեցուն։ Եթէ առաքելական եկեղեցուց բաժանուել ես եւ, ասենք, բողոքական կամ կաթոլիկ ես դարձել, ապա քեզ մի քիչ ծուռ աչքով են նայում։ Գոնէ կարդացածս իմ մէջ այդպիսի տպաւորութիւն է թողել։ Այս դէպքում մահմետական լինելը եկեղեցու կողմից անընդունելի է թւում։
Երբ այս ամէնին աւելացնում ենք հարիւր տարի առաջ տեղի ունեցած մեծ կոտորածն ու դրանից յետոյ երկու հասարակութիւններում առաջ եկած հոգեկան վիճակի, Թուրքիայի կրօնական, ազգայնական մօտեցումների կամ տարբերութիւնները հերքող ձուլման քաղաքականութեան ազդեցութիւնները, երեւան եկած արդիւնքներն ամենեւին էլ զարմանալի չեն։
Այս հարցի շուրջ ես էլ եմ շատ մտորել եւ յանգել եմ այն եզրակացութեան, որ ինքնութիւնը կարծրատիպ չէ։ Միայն կրօնով կամ լեզուով չի կարող  որոշուել… Աւելի շատ զգացական է…
Այո՛, ինքնութիւնը պատմութեան ընթացքում ձեւաւորուող եւ ժամանակի ընթացքում փոփոխուող բան է։ Միայն մէկ գործօնի կապուած չէ, մի շարք բաներից է ազդւում. պատմական հանգամանքներ, աշխարհագրական դիրք, որտեղ ապրում ես, կրօն, հարեւան կրօն, լեզու, մշակոյթ: Ինքնութիւնն այս ամէնի համադրութեան արդիւնքն է, եւ համշէնցու ինքնութիւնն էլ բացառութիւն չէ։
Նախկինում համշէնցիների եւ հայերի միջեւ առկայ կապն այսպիսի հակազդեցութիւն չէր ունենում, ի՞նչն է փոխուել։
Շատ համշէնցիներ, թէկուզ անուղղակիօրէն, բայց գիտեն նման կապի գոյութեան մասին։ Ընդունեն կամ ոչ՝ այլ հարց է։ Մեր մեծերն այդ մասին մեզ պատմեն կամ ոչ, միեւնոյնն է, շրջապատի մարդիկ այդ աչքով են նայում։ Առօրեայում լազ կամ քիւրտ ընկերներդ քեզ դիմելիս «ի՞նչ կայ չկայ, հայ» են ասում։ Խնդիրը սա ընդունել- չընդունելն է։ Փոխուած եւ փոփոխուածը, մեծ հաւանականութեամբ, քիչ առաջ նշածս պատմական ընթացքն է։
Աշխարհագրական տեղանքի դերի մասին հարցս հենց սրան էր վերաբերում։ Սեւծովեան շրջանը յայտնի է իր ազգայնական կեցուածքով։ Հետեւաբար, հարցին նաեւ այս կողմից նայենք. եթէ համշէնցիներն ապրէին, ասենք, Միջերկրական, արեւելեան կամ Էգէյեան շրջաններում, պատկերն ա՞յլ կը լինէր։
Թուրքիայում ամէնուր մթնոլորտը հիմնականում նոյնն է…
Մահմետականաց(ու)ած հայերի դէպքում սովորաբար նշւում է, որ  ինքնապաշտպանութեան եւ ողջ մնալու նպատակով են իսլամ ընդունել։ Ժամանակի ընթացքում էլ գերիշխող վախի պայմաններում մահմետականներից առաւել մահմետական են եղել ու այդպէս ապրել։ Նոյնը կարո՞ղ ենք համշէնցիների մասին ասել։
Նախ ասեմ, որ Թուրքիայում բնակուող համշէնցիներն իրենց իսլամացուած հայ կամ համշէնահայ չեն համարում։ Համշէնցիների՝ կամաւոր կամ ստիպողաբար իսլամ ընդունելու վերաբերեալ շատ տարբեր կարծիքներ կան։ Հայաստանցի որոշ մտաւորականներ, հիմք ընդունելով մի քանի փաստաթուղթ, նշում են, որ այդ գործընթացը ստիպողաբար է իրականացել։ Ոմանք էլ ասում են, որ ոչ թէ ստիպողաբար, այլ կամաւոր է եղել։ Ես այս հարցում մասնագէտ չեմ, բայց կարող եմ ասել, որ որեւէ մէկը երգ ու պարով կրօն չի փոխի։ Եթէ նոյնիսկ չասենք, որ  ստիպողաբար եւ բռնի ուժով է տեղի ունեցել, ապա կարող ենք նշել պայմանների փոփոխութեան եւ մարդկանց ստիպուած կրօնափոխ լինելու հաւանականութեան մասին։
Համշէնցիների իսլամացման գործընթացն ամբողջացած եւ աւարտուած է։ Համշէնցիներից շատերը հայկական պատկանելութան վերաբերեալ ամէն ինչ ժխտում են, եւ սա միայն Թուրքիայում կիրառուող ազգայնական կեցուածքից չի բխում։ Պատմական տեսանկիւնից հայկականութեան հետ կապի հաւանականութեանը հաւատացող մարդիկ նոյնիսկ Թուրքիայի հասարակական, մշակութային, քաղաքական եւ պատմական պայմաններից ելնելով, այսօր դրա մասին խօսելուց կը քաշուեն։ Եւ այսպիսի համշէնցիները շատ են։ Գիտեն, որ պատմական տեղեկութիւն է, բայց նախընտրում են լռել։
Մշակոյթի, լեզուի, երաժշտութեան, երգերի ստեղծած կամուրջներն անտեսելն արդեօ՞ք վախի արդիւնք է։
Ի հարկէ, վերոնշեալ պատմական, մշակութային եւ կրօնի գործօնների կողքին կայ նաեւ վախ։ Միայն պատմական տեղեկութեան մասին խօսելու արդիւնքում շատ տարբեր վիրաւորանքի, դաւաճանութեան ու լրտես լինելու մեղադրանքների ենք արժանանում։ Եւ սա մենք՝ հասարակութեան կրթուած, մշակութային բեռ ունեցողներս ենք մեր մաշկի վրայ զգում։ Պատկերացրէք Հոպայում, Համշէնում ապրողներին, որոնք աւելի շատ են ջանք թափում եւ զգոյշ են։ Ինքնապաշտպանման բնազդն այլ ժողովուրդների մօտ էլ է տեսանելի։ Թուրքիայում ապրող հայերն էլ միայն խիստ անհրաժեշտութեան դէպքում են իրենց ինքնութեան մասին բարձրաձայնում։
Համշէնցիները որպէս համայնք ի՞նչ խնդիրներ ունեն այսօր։
Համշէնցիները մոնոլիտ համայնք չեն, հետեւաբար՝ միատարր պահուածք չեն դրսեւորում։ Սոցիալիստ, ազգայնական, լիպերալ, սոցիալ-դեմոկրատ, պահպանողական, աջակողմեան համշէնցիներ կան։ Հոպայի համշէնցիների նման համշէներէն խօսողներ կան, Ռիզէ Համշէնի/Չամլըի շրջանում լեզուն չկիրառող եւ գրեթէ մոռացած կամ ընդհանրապէս համշէներէն չիմացողներ կան։ Բայց կարող ենք խօսել լեզուն, ունենալ նոյն մշակոյթը եւ ինքնութիւնն անհետացումից փրկելու եւ ապրեցնելու համար առկայ ընդհանուր բնազդի մասին։ Ես ինքս, որպէս համայնքի մի մասնիկ, Թուրքիայի առաւել ժողովրդավար լինելու  անհրաժեշտութիւնը կարեւոր եւ խնդրայարոյց եմ համարում։ Համշէնցիների եւ միւս բոլոր համայնքների համար կենսական նշանակութիւն ունի Թուրքիայի ժողովրդավար լինելը, երբ երկրի սահմանից ներս բոլոր մշակոյթները, կրօնները եւ տարբերութիւնները կը համարուեն այս հասարակութեան ընդհանուր արժէքներ։ Յատկապէս վերջին տարիներին օր օրի աճող եւ մոլութեան սահմաններն անցնող իսլամամոլութիւնն ու թուրք ինքնութեան շեշտադրումը խօսում են այն մասին, որ ժողովրդավարութիւնը հաց ու ջրի պէս կենսական պահանջ է։
Թուրքիայի համշէնցիները պատմութեան եւ հայկական ինքնութեան դիմաց իրենց ինչպէ՞ս են տեսնում։
Համշէնցիներին հայ-թուրքական համատեքստում դիտարկելը եւ յատկապէս Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում որպէս քաղաքական գործօն մօտենալը ծայրաստիճան վտանգաւոր եւ վնասակար է։
Ինչո՞ւ…
Որոշ պատմական գործընթացներում, մարդկանց լաւ մտադրութիւններից անկախ, էթնիք հարցերն ապակառուցողական յատկանիշ են ունենում։ Այս համատեքստում համշէնցիները մշակութային իմաստով ուշադրութեան արժանի համայնք են, որին որպէս քաղաքական առարկայ օգտագործելուց պէտք է խուսափել, քանզի շատ փոքր համայնք է եւ նման բեռ չի կարող կրել։ Նմանատիպ խնդրայարոյց հարցերից խոյս տալու միակ ճանապարհը, ինչպէս քիչ առաջ նշեցի, ժողովրդավարութիւնն է։ Միայն ժողովրդավար երկրում մարդիկ կարող են ազատօրէն բարձրաձայնել իրենց տարբերութիւնների մասին։ Երբ ինքնութիւններն անկաշկանդ կերպով ապրեն, բոլորի ինքնութեան վերաբերեալ իրական զգացումները լսելի կը դառնան…
Լաւ, իսկ ի՞նչ կապ կայ Հայաստանի հետ։
Հոպայի համշէնցիները նախկինում անասնապահ էին, հիմա անասունների փոխարէն բեռնատար մեքենաներ կան։ Հոպայում բեռնափոխադրող շատ ընկերութիւններ կան եւ զգալի մասը համշէնցիներին է պատկանում։ Խորհրդային միութեան փլուզումից յետոյ Թուրքիայից դէպի Վրաստան, Ատրպէյճան եւ Հայաստան առեւտրային բեռնափոխադրումների մեծ մասը համշէնցիներն են իրականացնում։ Հետեւաբար, կարող ենք ասել, որ առեւտրային յարաբերութիւններ կան։ Վերջին տարիներին որոշ մշակութային եւ զբօսաշրջային այցեր են լինում։
Պոլսահայ համայնքի առաջնային եւ ճգնաժամային համարուող խնդիրներից մէկն էլ կամաց-կամաց քայքայիչ էրոզիայի ենթարկուելու վտանգն է։ Ի սկզբանէ կամաւոր կամ ստիպողաբար կրօնափոխ եղած եւ ամբողջ կեանքն այդպէս ապրած համշէնցիների դէպքում ձուլման վտանգ կամ նմանատիպ այլ էրոզիաներ կա՞ն։
Մինչեւ 1960-70-ականները, նոյնիսկ մինչեւ 80-ականները, չնայած պատմական բոլոր փոփոխութիւններին, հնարաւոր էր խօսել կենսունակ եւ աշխոյժ համշէնական ինքնութեան մասին։ Քրիստոնեայ կամ հայ չէր, բայց երբ ասում էիր համշէնցի, կար մի ինքնութիւն, որ միանգամից մտաբերում էին։ Սա Թուրքիայում ապրող միւս ժողովուրդներին համար գրեթէ նոյնն է։ Բայց յետոյ քայքայում սկսուեց։
Ի՞նչը դրեց դրա սկիզբը:
«Քաղաքացի՛, թուրքերէն խօսիր» արշաւը, նոյնիսկ ձուլման տասնեակ քաղաքականութիւնները մեզ նման փոքրիկ համայնքներում այնպիսի քայքայիչ ազդեցութիւն չեն ունեցել, որքան 1980-ականներից յետոյ սկսուած քաղաքաշինութիւնը, կլոպալացումը։ Երբ 1980-ից յետոյ փակ տնտեսական համակարգը լուծարուեց, բնակչութեան մեծ մասը գաղթեց դէպի մեծ քաղաքներ։ Ամէն մի տուն հեռուստացոյցի մուտքը, քաղաքում աշխատելու եւ սովորելու ցանկութեան աճը քայքայումն արագացնող գործօններ են։ Մարդիկ իրենց ծննդավայրում քիչ թէ շատ ինքնութիւնն ապրեցնում էին, բայց քաղաք գալուց յետոյ գործի են անցնում քողարկումն ու յարմարուելը։ Համշէնցին Հոպայում համշէներէն է խօսում, Սթանպուլ գալուց յետոյ թուրքերէնը հիմնական կիրառուող լեզուն է դառնում։ Բացի այդ՝ յայտնի չէ, թէ ում հետ կը ծանօթանայ եւ կ’ամուսնանայ, մեծ հաւանականութեամբ՝ ոչ համշէնցու։ Նման կորուստները տեղի են տալիս պահմանման բնազդին: Օրինակ Վովա ալպոմը պատրաստելս, ՀԱՏԻԿ միութեան հիմնադիրների շարքերում լինելս, ԳՈՌ հանդէսը պատրաստող աշխատակազմում տեղ գրաւելս մէկ բանով է պայմանաւորուած՝ պահպանել եւ ապրեցնել համշէնցու լեզուն, մշակոյթը եւ ինքնութիւնը։
Նոյնիսկ Հոպայում համշէներէնն արդէն կամաց-կամաց մոռացութեան է մատնւում։ Երեխաները հասկանում են, բայց չեն խօսում, քանի որ առաջ՝ մինչեւ հեռուստացոյցի տուն մտնելը, ընտանիքներում միայն համշէներէն էին խօսում։ Ծնողները չեն ցանկանում, որպէսզի երեխաները համշէներէն խօսեն, խուսափում են հաւանական խտրականութիւնից։ Բացի այդ՝ սեւծովեան բարբառով խօսելը կարող է պատճառ դառնալ, որ ընկերները ծաղրեն, եւ սա երեխային կը վիրաւորի։ Նմանատիպ տասնեակ պատճառներ է՛լ աւելի են նպաստում լեզուի եւ մշակոյթի քողարկմանը, ինչն էլ քայքայում է։ 1940-50-ականները գուցէ աւելի շատ արգելքներ ունէին, բայց փակ տնտեսական կառուցուածքը, ի տարբերութիւն այսօրուայ, լեզուն եւ մշակոյթն աւելի լաւ է պահպանել։
Ինչպէ՞ս էք տեսնում համշէնցիների վաղուայ օրը։
Լեզուի եւ մշակոյթի տեսանկիւնից շատ լաւատես չեմ։ Մշակութային եւ ակադեմիական գործունէութեան միջոցով մի կողմից ջանում ենք լեզուն եւ մշակոյթը պահպանել, միւս կողմից էլ փաստագրել յաջորդ սերունդների համար։ Բայց, ցաւօք, քայքայումն անխուսափելի է։ Հարցը եւս մէկ անգամ գալիս եւ ժողովրդավարութեան անհրաժեշտութեանն է բախւում։ Ժողովրդավար երկիր լինելու դէպքում գուցէ որոշ էրոզիաներ չկանխուեն, բայց նուազագոյն դէպքում լեզուական եւ մշակութային արժէքներին տէր կանգնելու եւ ապրեցնելու մտահոգութեամբ կրթական, մշակութային եւ արուեստի քաղաքականութիւն կը մշակուի։

Yorumlar kapatıldı.