İçeriğe geçmek için "Enter"a basın

Ամբողջ ջանքերը մարդկանց փրկելուն պիտի ուղղվեն

Օքսֆորդի համալսարանի հայազգի դասախոսը՝ հալեպահայերի մասին. Օքսֆորդի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, սոցիոլոգ Հրաչ Չիլինգիրյանը, «Արեւելքի» խնդրանքով անդրադառնալով հալեպահայ գաղութի շուրջ ստեղծված ճգնաժամային վիճակին, նշեց, որ «Մայր գաղութ» համարված Հալեպը պահելու հայության ճիգերն այսօր այլևս անիմաստ են, և բոլոր ջանքերը պետք է ուղղվեն այնտեղ ապրող հայերի փրկությանը:

Ըստ Հրաչ Չիլինգիրյանի, այսօր մեծ խնդիր կա, կապված Հայաստան հասնող սիրիահայերի հետ.

«Եթե մարդիկ հասնեն Հայաստան, ո՞վ պիտի նրանց դիմավորի, ո՞ւր պիտի գնան… Հալեպում մնացածների մեծ մասի  հիմնական մտահոգությունն այս է: Նույնն է նաև Լիբանանի հայաբնակ շրջաններ տեղափոխվել ցանկացողների դեպքում:  Նախընտրելի է, որ այդ մարդիկ իմանան՝  երբ Բեյրութ կամ Երևան հասնեն,  ապա մի կուսակցություն  կամ մի միություն սպասում է իրենց, բնակավայր է ապահովում գոնե մի ամսվա համար: Շատ մտածել պետք չէ՝ լուծումներ գտնելու համար: Օրինակ, կարելի է դպրոցի սրահ տալ կամ Բեյրութի դեպքում կաթողիկոսարանի բակում ժամանակավոր մի բան մտածել, որ գոնե մարդիկ սկզբից ապահով զգան»,-ասաց Հրաչ Չիլինկիրյանը, ավելացնելով, որ վերջին երկու տարվա ընթացքում պարզվեց, որ մեր կազմակերպություններն ու կուսակցությունները դեռևս պատրաստ չեն միասին աշխատելու: «Ամեն մեկն իր սահմաններ է ճշտել, մյուսի նախաձեռնությանն է սպասում, որ գործի: Ոչ մեկը մյուսին զիջելու տրամադրություն չունի: Իմ կարծիքով,  սփյուռքի անկարողությունը կարևոր բացահայտում էր, սփյուռքի կառույցներն ավելի շատ խոսքի կառույցներ են, քան թե՝ կարողության,»-նշեց մեր զրուցակից սփյուռքահայ մտավորականը: Նա նաև օրինակ բերեց, թե ինչպես են այլ երկրներ ընդունում սիրիացի փախստականներին, նրանց սկզբնական շրջանում ապահովության հենարաններ տրամադրելով, որից հետո մարդն արդեն ոտքի է կանգնում:

Yorumlar kapatıldı.