İçeriğe geçmek için "Enter"a basın

Ռուս-թուրքական հարաբերությունների վաթարացումը եւ Հայաստանը. Քաղաքական ասպեկտ

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը՝ որն սկսվեց Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծիչի կործանումից եւ հետագա ամիսների ընթացքում վերածվեց արդեն կարելի է ասել «այլընտրանքային պատերազմի», արդեն ընթանում է Սիրիայի տարածքում եւ էապես ազդում է տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա, հետեւաբար նաեւ Հայաստանի Հանրապետության վրա։

Ռուս-թուրքական հարաբերությունների սրվելու առաջին շաբաթների ընթացքում  Ռուսաստանն իր կենտրոնական լրատվամիջոցների միջոցով քննարկման առարկա դարձրեց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նախկինում հաստատված հարաբերությունների իրավական հիմքերը։ Այդ համատեքստում  հատուկ տեղ էր հատկացվում Հայաստանի ու հայերի շահերի Թուրքիայի կողմից ոտնահարման խնդրին եւ եթե Հայաստանին առնչվող ռուս-թուրքական պայմանագրերի հարցը ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից  առաջ  եթե չասենք փակ էր, ապա քննարկվում էր հազվադեպ, չափազանց զուսպ, եւ այն էլ միայն փորձագետների շրջանակներում, ապա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին  ռուսաստանյան խոշոր հեռուստառադիոկայանները բազմիցս անդրադարձան ոչ միայն թուրքական իրարհաջորդ իշխանությունների կողմից 1894-1923 թթ. իրականացված հայերի ցեղասպանության փաստին, այլեւ 1921 թ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված  Մոսկովյան «Բարեկամության եւ եղբայրության» պայմանագրի վերանայման հարցին։ Իսկ բոլորովին վերջերս ռուսաստանյան մի շարք հայտնի լրատվամիջոցներ կրկին անդրադարձան Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավորներ ՎՌաշկինի եւ ՍՕբուխեւի ուղերձին, որով վերջիններս  դիմել են Ռուսաստանի նախագահ  ՎՊուտինին եւ ԱԳ նախարար ՍԼավրովին, առաջարկելով ընդհանրապես հրաժարվել Մոսկովյան պայմանագրից։
Դա նշանակում է, որ Ռուսաստանը սկսել է օգտագործել այն հանգամանքը, որ Անկարայի համար բավականին խոցելի են Անդրկովկասի սահմանները որոշող քաղաքական եւ պատմական պայմանագրերը: Եթե ռուս-թուրքական հակամարտությունը շարունակվի, ապա Ռուսաստանը ոչ միայն կարող է չեղյալ հայտարարել 1921 թ Մոսկովյան «Բարեկամության եւ եղբայրության պայմանագիրը», այլեւ կարող է դրդել Հայաստանի Հանրապետությանը եւս հրաժարվել ի կատարումն Մոսկվայի պայմանագրի կնքված Կարսի պայմանագրից, իսկ հենց Կարսի պայմանագրով են սահմանվել Թուրքիայի Հանրապետության այժմյան սահմանները կովկասյան երեք հանրապետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության հետ։ Այդ երկու՝ Մոսկվայի եւ Կարսի, պայմանագրերով Թուրքիային է հանձնվել Կարսի նահանգը եւ Սուրմալուի գավառը (այդ թվում Արարատ լեռը), իսկ Ադրբեջանին՝ Ղարաբաղն ու Նախիջեւանը։ Նշենք, որ դեռեւս 2005 թ.-ին Վրաստանն արդեն իսկ միակողմանի չեղյալ է հայտարարել Կարսի պայմանագիրը։
Խնդիրն այն է, որ Կարսի պայմանագրի հիմքերը բավական խոցելի են պայմանագիրը Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի անունից ստորագրել է Արեւելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, այն դեպքում, երբ գործող Օսմանյան սահմանադրությամբ միայն  Սուլթանին էր վերապահված միջազգային պայմանագրեր ստորագրելու բացառիկ իրավունքը: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն իր հերթին պայմանագիրը ստորագրել էր Մոսկովյան պայմանագրի բացահայտ ճնշման տակ: Պայմանագրի հիմնավորվածությունը նախկինում եւս բազմիցս հարցականի տակ է դրվել: Դեռեւս 1945 թվականի հունիսի 7-ին Խորհրդային Միության արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը Վրաստանի եւ Հայաստանի անունից Անկարայից պահանջել էր վերադարձնել Կարսի, Արդահանի եւ Արտվինի նահանգները: Նույն հարցը բարձրացվել էր նաեւ 1948 թվականին՝ ՄԱԿ-ում Խորհրդային Միության փոխարտգործնախարար Անդրեյ Վիշինսկու կողմից։ Նշենք նաեւ, որ 2009 թվականին «Հայ-թուրքական արձանագրությունները» ստորագրելու Թուրքիայի Հանրապետության գլխավոր դրդապատճառը Հայաստանի Հանրապետությանը ստիպելն էր վավերացնելու Կարսի պայմանագիրը եւ վերջնականապես լուծելու Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ սահմանային խնդրի ճակատագիրը:
Փորձագետների կարծիքով, Հայաստան Հանրապետությունում հասկանում են, որ Հայաստան Հանրապետությանն իր այժմյան իրավիճակում չի կարող դիմակայել Ռուսաստանի կողմից իրեն ռուս-թուրքական հակամարտության մեջ ներքաշելու փորձերին  եւ չեզոքություն պահպանել, անգամ այն պարագայում, եթե այդ ներքաշվածությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրական բախումերի վտանգ պարունակի։ Միեւնույն ժամանակ Հայաստան Հանրապետությանում հասկանում են նաեւ, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հնարավորություն է առաջացել օրակարգ բերել եւ լուծել Հայաստանի ապագային վերաբերող մի շարք կենսական հարցեր, ընդ որում, այս հարցերի լուծման խնդրում  ստանալով աշխարհի ռազմաքաղաքական կենտրոնների աջակցությունը:
Ռուս-թուրքական հարաբերությունների  լարվածությունը կարծես թե խորանալու միտում ունի, որի մասին վկայում են Սիրիայի վերջին իրադարձությունները։ Սակայն ըստ էության դա Ռուսաստան-Արեւմուտք հակասության արձագանքն է, մինչդեռ թե Ռուսաստանի, եւ թե Արեւմուտքի համար ուղղակի առճակատումը ձեռնտու չէ: Այն դեպքում, եթե ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը վերաճի ռազմական բախումների, Ռուսաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի  ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը (եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը ենթարկվում է հարձակման, ապա բոլոր երկրներն են ենթարկվում հարձակման), չգործի: Իսկ այդ հոդվածը չի գործի այն դեպքում, երբ Թուրքիան համարվի ագրեսոր և լինի նախահարձակ: Այսպիսով, Արեւմուտքի հետ ուղղակի առճակատումից խուսափելու համար Ռուսաստանը պետք է Թուրքիային հենց այդպես ներկայացնի աշխարհին:
Ըստ հայաստանյան մի շարք փորձագետների, ահա այստեղ է,  որ Ռուսաստանի կողմից կարող է խաղարկվել հայաստանյան խաղաքարտը։ Բանն այն է, որ առ այսօր իր իրավական ուժը չի կորցրել եւ գործում է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», որը կայացվել է ի պատասխան  1920 թ ապրիլի 26-ի Սան-Ռեմոյի կոնֆերանսի հայցադիմումի (compromis) և 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի խաղաղության պայմանագրի 89-90 հոդվածների հիման վրա։ Օրենքի ուժ ունեցող եւ գործող այս  փաստաթղթի՝  Վիլսոնի Իրավարար վճռի տեսանկյունից Թուրքիան ագրեսոր է, որն օկուպացրել է Հայաստանի տարածքը: Այսինքն, այդ պարագայում իրավական հիմք կա խոսելու այն մասին, որ Թուրքիան որպես ագրեսոր երկիր պարտավոր է, ասենք, իր զորքերը դուրս բերել Արեւմտյան Հայաստանից։
Ի դեպ, որոշ փորձագետների կարծիքով, ԱՄՆ վաղուց մշակված պլաններ ունի  Թուրքիան տրոհելու վերաբերյալ: Անգամ հնչում են կարծիքներ, որ ռուսական ինքնաթիռի խոցումը եղել է հրահրված և ուղղորդված Միացյալ Նահանգների կողմից, որպեսզի Թուրքիան կանգնեցվի Ռուսաստանի հետ առճակատման եւ որպես հետեւանք՝ նոր իրավական իրավիճակի հետ հաշվի նստելու անհրաժեշտության փաստի առաջ։
Ինչ վերաբերում է հայությանը, ապա հայերի մի ստվար զանգվածի կարծիքով, եթե Հայաստան Հանրապետությանը կամքից անկախ պետք է դառնա ռուս-թուրքական լարվածության, իսկ գուցեեւ բախումների թատերաբեմ եւ վտանգի ենթարկվի, ապա հայությունը գոնե պիտի փորձի այս իրավիճակում մի բան շահել՝ լուծել Ղարաբաղի, Նախիջեւանի եւ Արեւմտյան Հայաստանի հարցը:
Այս տրամադրություններին նպաստում է միագամից մի քանի հանգամանք։ Նախ եւ առաջ այն, որ այժմ տարածաշրջանում առաջնային է դարձել քրդական հարցը: Թե Արևմտյան, եւ թե  ռուսաստանյան մամուլը երբևէ այդքան չի անդրադարձել Քրդական պետության ստեղծման հարցին, որքան այժմ: Խոսվում է թե Իրաքի Քրդստանում դե-ֆակտո գոյություն ունեցող քրդական պետության արդեն դե-յուրե ձեւակերպման, թե Սիրիայի տարածքում, եւ թե Թուրքիայի ներսում Քրդական պետության ստեղծման անխուսափելիութան մասին։ Իսկ թուրքական իշխանությունների կողմից Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ապրող քրդերի նկատմամբ վերջին շաբաթների ընթացքում իրականացվող ռազմական գործողությունները  միայն սրում են առանց այդ էլ լարված իրավիճակը։
Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում թուրք ընդդիմադիր գործիչ, Թուրքիայի ժողովուրդների ժողովրդավարական քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահետտին Դեմիրթաշի հետ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները մեկ անգամ եւս ընդգծեցին Ռուսաստանի աջակցությունը Դեմիրթաշի հիմնական քաղաքական գծին՝ Թուրքիայի «վերաձեւմանը»։ Դեմիրթաշի հիմնական գաղափարը «Անատոլիայի համադաշնային հանրապետության» ստեղծումն է, որը բաժանված կլինի չորս հիմնական ինքնավարության՝ քրդական, հայկական, հունական և թուրքական։ Ընդ որում, նախատեսվում է, որ «Համադաշնային Անատոլիայում» լինելու է երկու պետական կրոն՝ քրիստոնեություն և իսլամ, չորս պետական լեզու՝ հայերեն, հունարեն, քրդերեն և թուրքերեն։ Դեմիրթաշը կողմ է նաեւ Թուրքիայի կողմից  Հայերի ցեղասպանության ճանաչմանը և հայերին իրենց ամբողջ ունեցվածքը ու հողերը վերադարձնելուն, ինչպես նաև հայերի պատմական և մշակութային ժառանգության վերականգնմանը։
Սակայն եթե Դեմիրթաշի գաղափարները չունեն բավականաչափ իրավական հիմքեր, եւ հիմնվում են միայն ցանկությունների վրա, ապա քրդական գործոնի համադրումը Արեւմտյան Հայաստանի տարածքում այժմ բնակվող, ինչպես նաեւ իրենց բնիկ տարածքից բռնագաղթած եւ Սիրիայում, Իրաքում, Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում բնակվող հայերի հնարավորությունների հետ, ձեռք է բերում լուրջ ռազմավարական առավելություն։
Նշենք, որ Թուրքիայում բնակվող հայերը,  որոնք վերջին տասնամյակում աստիճանաբար  սկսել են չթաքցնել իրենց ինքնությունը (ինչը՝ զգուշությունից դրդված,  անում էին տասնամյակներ շարունակ), ինչպես նաեւ սփյուռքահայերը, ինքնակազմակերպվել են եւ նույնիսկ պաշտոնապես հայտարարել են Արեւմտյան առաջատար պետությունների (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա  եւ Ռուսաստան)  կողմից անցյալ դարասկզբին իրավաբանորեն ճանաչված Արեւմտյան Հայաստան (Հայաստան) պետությունը շարունակելու եւ դրա հետ կապված քաղաքական եւ իրավաբանական գործընթացների անցկացման մասին` այդ թվում նաեւ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների պաշպանության փորձագիտական ձեւաչափում։ Ի տարբերություն քրդերի եւ Թուրքիայի Հանրապետությանում բնակվող այլ ազգերի, հայերը ոչ միայն ունեն Արեւմտյան Հայաստանի տարածքի նկատմամբ իրենց իրավունքը հաստատող իրավական եւ քաղաքական փաստաթղթերի հզոր փաթեթ, այլեւ դեռեւս 2004-թից ձեւավորել են կազմակերպական կառուցվածքներ՝ Արեւմտյան Հասաստանի հարցը օրակագ մտցնելու եւ լուծելու նպատակով։ Այս ամենը քրդական գործոնի հետ համադրությամբ կարող է որոշիչ դերակատարություն ունենալ վերաձեւվող  տարածաշրջանի նոր իրավաքաղաքական գործընթացներում:
Իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել նաեւ  Ղարաբաղյան հարցի համատեքստում։ Ռուս-թուրքական հակամարտության պարագայում թուրք-ադրբեջանական սերտ կապերը սկսել են աշխատել ի վնաս Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների։ Ռուսաստանին չէր կարող չանհանգստացնել Ադրբեջանի հստակ թուրքամետ կողմնորոշումը, այդ թվում՝ վերջին տարիներին անցկացվող թյուրքական երկրների ղեկավարների հանդիպումները եւ էթնիկ միասնության գաղափարի վրա ձեւավորվող նոր կառույցի ստեղծման հեռանկարը, կառույցի, որը ղեկավարելու էր Թուրքիայի Հանրապետությանը։ Թյուրքական երկրների հանդիպումներն անցկացվել են նաեւ Նախիջեւանում (Այդ տարածքը շատ կարեւոր հանգույց է թյուրքական  պետությունների միավորման տեսանկյունից, միեւնույն ժամանակ չափազանց թույլ իր պատկանելիության իրավական հիմքերով): Դրան զուգահեռ Ալիևը պարբերաբար հայտարարում էր «Արևմտյան Ադրբեջանի», այսինքն՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին, ինչը անում էր նաև թյուրքական երկրների ղեկավարների ներկայությամբ, որոնք որեւէ կերպ չէին արձագանքում նման հայտարարություններին:
Բնականաբար, նման հավակնությունները վտանգ են ներկայացնում նաև Ռուսաստանի համար եւ անվստահություն են ստեղծում Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Ռուս-թուրքական հարաբերությունների սրացմանը հետեւեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի այցը Բաքու: Ընդ որում՝ Թուրքիայի ԱԳ նախարարի այցը տեղի ունեցավ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարության ֆոնին, թե Թուրքիան ամեն ինչ կանի «Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու համար»: Ադրբեջանն իր հերթին մեկ անգամ եւս հաստատեց իր հավատարմությունը «իր մեծ եղբորը»՝  Թուրքիային: Բնականաբար, սա նույնպես խորացրեց արդեն իսկ առկա անվստահությունը ռուս-ադրբեջանական հարաբերություններում. Ռուսաստանը որպես Մինսկի խմբի անդամ զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման խնդրով, իսկ Ադրբեջանը կրկին անգամ փորձ է անում ներքաշելու Թուրքիային այդ գործընթացի մեջ:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանը եւ Ռուսաստանը կարծես չեն ցանկանում խորացնել լարվածությունը: Այդ մասին է վկայում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Բելառուսը կներկայացնի Ադրբեջանի շահերը: Դա մի կողմից նշանակում է, որ Ադրբեջանը միջնորդներ է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերություններում, իսկ Ռուսաստանն էլ փորձում է  Ադրբեջանին հանգստացնել ռուս-թուրքական լարված հարաբերությունների պարագայում:
Համենայն դեպս վերջին ամիսներին Ռուսաստանը ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում՝ օդային պաշտպանության նոր համակարգ տեղադրելով Հայաստան-Թուրքիա սահմանի վրա: Դա մի կողմից երաշխավորում է Հայաստանի, ինչպես նաեւ Արցախի պաշտպանությունը, բայց մյուս կողմից Հայաստանին, որն իր աշխարհագրական դիրքով գտնվում է ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի շփման գծում, կարող է ներքաշել  Արեւմուտք-Ռուսաստան սառը պատերազմի մեջ (Ի վերջո, Ռուսաստանի եւ  Թուրքիայի առճակատումը  նշանակում է նաեւ սրացում ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ): Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը, որպես ՀԱՊԿ անդամ, ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայի անմիջական հարեւանն է եւ կոֆլիկտի տաքացման դեպքում (առավել եւս հաշվի առնելով  ռուսական ռազմաբազայի առկայությունը) կարող է դառնալ հակամարտության կենտրոնական թատերաբեմերից մեկը:
Քանի որ  ղարաբաղյան շփման գծում լարվածության պահպանումը միշտ ձեռնտու է եղել Ադրբեջանին, եւ հենց Ադրբեջանն է մշտապես նախաձեռնել հրադադարի խախտումները, ապա վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարվածության փոքր-ինչ թուլացումը կարող է պայմանավորված լինել հենց ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությամբ, որը զսպող գործոն է Ադրբեջանի համար: Ադրբեջանը գիտակցում է, որ հերթական սահմանային սադրանքին կարող է հաջորդել հայկական կողմի իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից քաջալերված շատ ավելի հուժկու պատասխանը, որի արդյունքում Ադրբեջանը կրկին կարող է շոշափելի կորուստներ կրել, ինչպես դա եղել է 90-ականներին։
Այսպիսով, Ղարաբաղյան հարցում ստատուս-քվոյի փոփոխություններ տեսանելի ապագայում դժվար թե նախաձեռնվեն, եւ այժմ արդեն իրատեսական չեն Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցությունները:
Հարություն Տիգրանյան
Նոյյան Տապան

– See more at: http://nt.am/am/news/217415///?hayworld=#sthash.ut8dBzyp.dpuf

Yorumlar kapatıldı.